Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը, ինչպես ինքն էր խոստովանել 2018 թվականի ապրիլին, կրկին սխալ է». Արման Բաբաջանյան

Նոյեմբեր 22,2019 12:45

– Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովում հանդես է եկել ելույթով՝ քննադատելով Հայաստանի գործող իշխանությանը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իր ավելի քան մեկուկեսամյա լռությունը Սերժ Սարգսյանը խախտեց հենց ԵԺԿ համաժողովում, ի՞նչ ուղերձներ էր նա ցանկանում հղել այդ ելույթով:

– Եթե սա էր Սերժ Սարգսյանի այդքան խոստացված խոսքը, որի մասին հանրապետականներն ազդարարում էին ավելի քան մեկ տարի, ապա պետք է ասեմ, որ այն իրեն չարդարացրեց, որեւէ աշխարհացունց միտք նրա ելույթում չկար: Ինչու էր լռության խախտման համար Սերժ Սարգսյանը ընտրել հատկապես այդ եվրոպական ամբիոնը, դժվար է միանշանակ ասել, թերեւս նաեւ այն պատճառով, որ այդպիսով ցանկացել է իր խոսքին ավելի մեծ կշիռ հաղորդել, ինչը, սակայն, չի ստացվել: Ընդհանրապես Հայաստանի ներքին իշխանությունների համար սովորական գործելաոճ է դարձել, այսպես կոչված, «դրսից տղա բերելու» ավանդույթը՝ այդպիսով գործող իշխանությանը թուլացնելու մղումով: Ինչպես քոչարյանական շրջանակները, այնպես էլ հանրապետականներն ու տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ տարբեր հրապարակային եւ ոչ հրապարակային խողովակներով բողոքում են մեկ Ռուսաստանին, մեկ ԱՄՆ-ին, մեկ Եվրոպային: Այս գործելաոճի հիմքում ընկած հաշվարկը շատ պարզ է ու պարզունակ՝ Հայաստանի արտաքին գործընկերների մոտ անվստահություն առաջացնել Հայաստանի գործող իշխանության նկատմամբ՝ հույս ունենալով, որ այդ անվստահությունը կարող է մի օր հանգեցնել այնպիսի ֆորսմաժորի, որը իշխանության փոփոխության, ուստիեւ իրենց վերադարձի պատճառ կարող է դառնալ: Վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը չի իրագործվի, որովհետեւ մեր արտաքին գործընկերները իշխանությունների մասին դատում են ոչ թե նախկինների դժգոհությամբ, այլ երկրում հաստատված իրողություններով ու իրենց շփումների արդյունքում: Այնպես որ, եթե Սերժ Սարգսյանի նպատակն այն էր, որ իրեն լսելով եվրոպացիները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Հայաստանի իշխանության նկատմամբ, ապա նման բան տեղի չի ունենալու:

– Սերժ Սարգսյանը խոսում է երկրում սահմանադրականության խաթարման, իշխանության թեւերի տարանջատման սկզբունքի խախտման մասին: Որքանո՞վ են տեղին ու արդարացի նրա քննադատություններն այդ առումով:

– Սա այն դեպքերից է, երբ բոլորը կարող են խոսել այդ խնդիրների մասին, բացի Սերժ Սարգսյանից: Մարդն, ով առնվազն քսան տարի եղել է ավտորիտար, մոնոլիտ իշխանության մասնակիցներից մեկը՝ տարբեր, այդ թվում նախագահի կարգավիճակով, իրավունք չունի դատողություններ անել սահմանադրականության կամ իշխանության թեւերի տարանջատման մասին: Նա եղել է միանձնյա իշխանության կրող, նրա պաշտոնավարման շրջանում առանց բացառության բոլոր որոշումները կայացվել են մեկ մարդու կողմից եւ այդ մեկ մարդը եղել է ինքը: Ծիծաղելի է անգամ խոսել նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում սահմանադրականության կամ իշխանության թեւերի տարանջատման, կամ դատական համակարգի անկախության մասին: Իր իշխանությամբ նա ուղղակի բռնաբարել է Սահմանադրությունը՝ երկու անգամ նախագահ դառնալով խայտառակ ընտրակեղծիքների միջոցով, նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում իշխանության օրենսդիր եւ դատական թեւերը եղել են Բաղրամյան 26-ի կամակատարները, երկրում ամեն ինչ որոշել է մեկ մարդ` Սերժ Սարգսյանը: Իսկ արդեն հիմա, հեղափոխությունից հետո, մենք գրեթե ամեն օր տեղեկանում ենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիների խայտառակության, հանցագործությունների, ապօրինությունների, ընդհանուր առմամբ՝ պետականաքանդման մասին: Եվ այդ մարդը դատողություններ է անում այսօր երկրում առկա խնդիրների մասին, ինչի առնվազն բարոյական իրավունքը չունի: Այո, այսօր էլ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, կա սահմանադրական ճգնաժամ, կան պրոբլեմներ դատական համակարգում եւ այլն, բայց կրկնում եմ, Սերժ Սարգսյանը ուղղակի իրավունք չունի դրանց մասին խոսելու, որովհետեւ նա այդ իրավունքը մսխել է իր խայտառակ նախագահության տասը տարիների ընթացքում:

– Ինչո՞վ կարող է ԵԺԿ-ին Հանրապետական կուսակցության անդամակցությունը նպաստել ՀՀԿ-ի՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում ունեցած դերակատարությանը: Հանրապետականները ԵԺԿ-ին իրենց անդամակցությունը ներկայացնում են որպես բացառիկ փաստ՝ մատնանշելով, որ Հայաստանի այսօրվա իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» եվրոպական որեւէ կառույցի չի անդամակցում:

– Ընդհանրապես Հանրապետական կուսակցության անդամակցությունը ԵԺԿ-ին, մեղմ ասած, տարակուսելի է ու խնդրահարույց: Այդ կառույցը միավորում է եվրոպական առաջատար պետություններում հիմնական դերակատարում ունեցող, շատ երկրների դեպքում՝ իշխող կուսակցությունների: ԵԺԿ-ն հանդես է գալիս ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության դիրքերից: Այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցությունն իր էությամբ ու իշխանության եղած տարիների արդյունքներով ուղղակի հակոտնյա է այդ արժեքներին ու սկզբունքներին: ՀՀԿ-ն հակաժողովրդավարական կուսակցություն է, նրա իշխանության տարիները եղել են հակաժողովրդավարական տարիներ եւ այն անելիք չպետք է ունենա Եվրոպական ժողովրդական կուսակցությունում: Դա, մեծ հաշվով, առաջին հերթին պետք է հուզի հենց ԵԺԿ-ին, քանի որ Հանրապետական կուսակցության նման ուժի առկայությունը իր շարքերում հարվածում է առաջին հերթին իր հեղինակությանն ու իմիջին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կարող է ԵԺԿ-ին անդամակցությունը որեւէ կերպ նպաստել ՀՀԿ-ի ներհայաստանյան գործողություններին, ապա հազիվ թե: ԵԺԿ-ին անդամակցությունը ՀՀԿ-ի համար իշխանության տարիներին ունեցել է բացառապես քարոզչական նշանակություն, ոչ ավելին: Այսօր, հայաստանյան ներկայիս իրողությունների պայմաններում, այդ քարոզչական խաղաքարտը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ՀՀԿ-ի համար: Հասարակությունը անվերապահորեն մերժել է ՀՀԿ-ին, իսկ այդ դեպքում նշանակություն չունի՝ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի անդամ է, թե ասենք՝  Չինաստանի կոմունիստական կուսակցության գործընկեր:

– Սերժ Սարգսյանն իր ելույթում ասում է. «Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել: Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»: Որքանո՞վ են իրականությանը մոտ այս գնահատականները, արդյոք իրականում հասարակության մեջ կա այնպիսի զանգված, ով ափսոսանքով է վերաբերվում 2018 թվականի թավշյա հեղափոխությանը:

– Սերժ Սարգսյանը, ինչպես ինքն էր խոստովանել 2018 թվականի ապրիլին, կրկին սխալ է: Հասարակությունն, ինչպես նշեցի, անվերապահորեն, անքննարկելիորեն մերժել է նախկին իշխանությանը, այդ իշխանության հաստատած հոռի բարքերն ու արատները եւ անկախ գործող իշխանության նկատմամբ վերաբերմունքից, մի հարցում հասարակության մեջ առկա է կատարյալ փոխհամաձայնություն՝ վերադարձ նախկինին չի կարող լինել: Սերժ Սարգսյանի նշած հավատը մարդիկ ունեն նաեւ այսօր, ոմանք դժգոհ են փոփոխությունների տեմպից, որոշներին դուր չի գալիս իշխանության այս կամ այն քայլը, բայց դա միանգամայն առողջ գործընթաց է, եւ դրանից ամենեւին չի բխում, որ մարդիկ կարող են մտածել անցյալին վերադարձի մասին: Բացի այդ, հասարակության մեջ կա եւս մեկ հարցի շուրջ կոնսենսուս՝ կապված Սերժ Սարգսյանի անձի հետ: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ նա պետք է պատասխանատվություն կրի իր իշխանության տարիներին կատարված հանցագործությունների, ապօրինությունների, երկրի ու ժողովրդի հարստահարման համար: Ինչու դա տեղի չի ունենում, կամ մինչեւ հիմա տեղի ունեցել՝ առանձին քննարկման հարց է:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930