ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։ Այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե՛ դրա թերակատարման, թե՛ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով։
Պարզվում է՝ պատգամավորները խիստ մտահոգված են պարտադիր ավտոտրանսպորտային տեխզննման կայանների կողմից մատուցած ծառայությունների որակով, քանի որ այս համակարգն իր առջեւ դրված առաքելությունը չի կատարում պատշաճ մակարդակով։ Համենայնդեպս, այդպես կարծում են նախագծի հեղինակները՝ Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը։ Հեղինակների կարծիքով՝ տեխզննման կայաններն, ըստ էության, օրենքով նախատեսված ծառայությունները չմատուցելով, ապահովում են իրենց համար գերշահույթներ։ Այսինքն՝ հասարակությունը վճարում է մի ծառայության դիմաց, որը չի ապահովում անվտանգության նկատառումներով նախատեսված տեխնիկական զննության ընթացքում գոյություն ունեցող տեխնիկատրանսպորտային խնդիրների բացահայտումը։ Ըստ նախագծի՝պարտադիր տեխզննումը իրենից ենթադրում է 70 կետից բաղկացած ավտոտրանսպորտային միջոցի զննություն, սակայն մեր իրականությունում անգամ լինում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը չի էլ մասնակցում այդ զննությանը, իսկ գերակշիռ դեպքում զննությունը իրականացվում է միայն 4 կետի մասով։
Ըստ հեղինակ պատգամավորների՝ տարեցտարի գնալով ավելանում են տեխնիկական անսարքության պատճառով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացածության դեպքերը։ Բայց, չգիտես, թե ինչու, քրեական գործ չի հարուցվում տեխզննման կայանների նկատմամբ, որում կհիմնավորվի, թե պատահարը առաջացել է տեխնիկական անսարքության պատճառով։ Ավելին՝ նախագծի հեղինակները համոզված են, որ համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, եւ նրանք հույս ունեն, որ իրենց բերած օրենսդրական նախաձեռնությունը կբարելավի այս համակարգը, կկարգավորի ֆինանսական մուտքերը պետական բյուջե՝ նպատակային դարձնելով քաղաքացիների վճարները։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում