Կոմիտասի եւ Հովհ. Թումանյանի 150-ամյակից բացի, տարին հոբելյանական էր նաեւ բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի եւ Հրաչյա Հովհաննիսյանի համար, որոնց 100-ամյակն այդպես էլ աննկատ անցավ ողջ տարի։
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, ով ուսանողական տարիքից եղել է Կապուտիկյանի մտերիմներից, ասում է՝ մեծ ցավ էր, որ Կապուտիկյանի, Էմինի եւ Հովհաննիսյանի 100-ամյակները որեւէ ձեւով չհիշատակվեցին։ Այդ բացը լրացնելու համար նախօրեին թանգարանում կազմակերպել են «Կապուտիկյանը եւ ընկերները» խորագիրը կրող միջոցառում։
Թեպետ կառավարական մակարդակում ոչ մի ձեւով չնշվեց բանաստեղծներից եւ ոչ մեկի 100-ամյակը, բայց ոչ պետական մակարդակով թանգարանը Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված 70-ից ավելի միջոցառում է կազմակերպել. «Գրեթե բոլոր մարզերից հրավերներ եմ ունեցել։ Գրքեր հավաքագրեցինք՝ զինվորական մասեր տանելու համար, գնացինք Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չորաթան գյուղերը։ Անգամ այդ հեռավորության վրա մենք Կապուտիկյանի 100-ամյակը նշել ենք։ Ջրառատ գյուղում, որտեղ Կապուտիկյանը մի քանի ամիս աշխատել է որպես ուսուցչուհի, ծառատունկ ենք արել»։
Ինչ վերաբերում է նախարարության դիրքորոշմանը, դիմե՞լ են արդյոք եւ ի՞նչ պատասխան են ստացել։ «Լիլիթ Մակունցի տեսլականում կար՝ ինչ-որ բան անել 100-ամյակի առթիվ, բայց նրանից հետո ուրիշ «ալիք» եկավ, եւ Լիլիթ Մակունցի պահանջած ծրագիրն այդպես էլ չքննարկվեց եւ սեղանին չդրվեց։ Թեկուզ ԳԱԹ-ը՝ Գրականության եւ արվեստի թանգարանը նոր նախարարությանը բարձրաձայնեց Էմինի, Կապուտիկյանի եւ Հովհաննիսյանի 100-ամյակները նշելու հարցը, որը դրական գնահատականի արժանացավ, բայց, որպես այդպիսին, հանձնաժողով չգումարվեց։ Պատճառաբանությունն այն էր, որ երկու 150-ամյակ կա նշելու՝ Թումանյանի եւ Կոմիտասի, իսկ 100 ամյակները մնացին ստվերում։ ԳԱԹ-ի հետ մենք որոշել ենք մինչեւ տարվա վերջ ներկայացնել նրանց թանգարանում՝ առանձին-առանձին, բայց միաժամանակ։ Կլինեն երգ, երաժշտություն, ասմունք։ Կապուտիկյանի տեքստերով միայն 110 երգ կա, նույնը նաեւ՝ Էմինի եւ Հովհաննիսյանի դեպքում։ Ինչ-որ ձեւով մինչեւ տարեվերջ կնշենք, բայց ցավ եմ ապրում, որ Օպերայի դահլիճում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում այդպես էլ նրանց 100-ամյակը չենք նշի»,- ասում է Արմենուհի Դեմիրճյանն ու հավելում, որ Լիլիթ Մակունցի եւ բարերարների աջակցությամբ անցած տարի գիրք հրատարակվեց՝ Սիլվա Կապուտիկյանի մասին երեխաների նկարազարդումներով. «Մի գիտաժողով էլ Գրականության ինստիտուտը կազմակերպեց՝ Վարդան Դեւրիկյանի գլխավորությամբ, հիմա 2-րդ գիտաժողովը պետք է լինի՝ Մայր Աթոռում»:
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում