Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները յուրաքանչյուր ամսվա վերջում հաշվետվություն են ներկայացնում Ազգային ժողովի նախագահին՝ կապված հանձնաժողովներում բացակաների հետ։ Դրա հետ մեկտեղ Ազգային ժողովում կան «արտոնյալ» հանձնաժողովներ, որոնք ավելի քիչ են աշխատում եւ թերբեռնված են, քան մյուսները։
Այժմ խոսենք փաստերով եւ նախ անդրադառնանք բացականերին։ Օրինակ՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբեր ամսին մեկ նիստ է անցկացրել, որից երկու հոգի է բացակա եղել եւ երկուսն էլ՝ ոչ հարգելի։ Մեկը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն է, մյուսն էլ՝ ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանը։
Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից ո՛չ սեպտեմբեր, ո՛չ հոկտեմբեր ամիսներին գումարված նիստերից բացականեր չեն եղել։
Պարտաճանաչ հանձնաժողովների թվում է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, որը եւս վերջին երկու ամիսներին բացականեր չի ունեցել։
Կարդացեք նաև
Ամենաթերբեռնված հանձնաժողովներից է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այն թերբեռնված է եղել նաեւ վեցերորդ գումարման խորհրդարանի դեպքում, երբ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էր։ Եվ դա մշտապես պատճառաբանվում է այնպես, թե նախագծերը քիչ են, որոնք պետք է ընդգրկվեն այդ հանձնաժողովում եւ քննարկվեն։
Թեեւ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը եւս թերբեռնվածների թվում է, սակայն հանձնաժողովի անդամներն ու նախագահը նիստերի փոխարեն այլ հանդիպումներ են կազմակերպում եւ փորձում այդպես լրացնել բացը։ Եվ այդ ամենին զուգահեռ հանձնաժողովը չի ներկայացրել սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների բացակաների մասին տվյալները։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում