Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ իր մասին. «Ալեն Սիմոնյանը Հայաստանում եւ Երեւանում ինչ-որ մեկի խնդրանքով կամ ինչ-որ մեկի ծառայությունների պատճառով չէ, որ պետք է ձայն հավաքեր»

Նոյեմբեր 22,2019 11:48

Երեկ ՀՖՖ գործկոմի նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին խնդրեց գործկոմի նիստի մասին հարցեր չտալ, որովհետեւ ամեն բան ճեպազրույցում արդեն ասվել էր: Նա գերադասեց խոսել քաղաքականությունից:

-Սերժ Սարգսյանը ԵԺԿ բարձր ամբիոնից հայտարարություն հնչեցրեց, որ մեր իշխանությունն այսօր այնքան էլ ճիշտ չի վարվում եւ ժողովրդավարական չի:

-Սերժ Սարգսյանն այն մարդը եւ քաղաքական գործիչը չէ, որ պետք է այլեւս գնահատականներ տա, որովհետեւ ինքը հնարավորություն ունեցել է՝ ճիշտ վարվի եւ այդ հնարավորությունը բաց է թողել: Բացի նրանից, որ բաց է թողել, այնպես է վարվել, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց եւ իրեն մերժել է: Ուստի, ես գնահատում եմ այդ հայտարարությունը, որպես եւս մեկ վախի արտահայտում եւ նրան կոչ անում, հնարավորինս շատ խոսել եւ հիշեցնել այն ամենը, ինչի համար նա մերժվել է:

-Գարեգին Նժդեհի եւ Հովհաննես Բաղրամյանի՝ Սարդարապատի պատերազմում միասին կռվելու մասին ի՞նչ կասեք:

-Հայ-ռուսական հարաբերություններում Գարեգին Նժդեհի հարց օրակարգում չկա եւ խնդրում եմ ձեզ, որպես իմ հայրենակիցներ, նման հարցերը այլեւս չդնել շրջանառության մեջ, որովհետեւ զրուցել եմ իմ ռուս գործընկերների հետ: Նման կարգ օրակարգում գոյություն չունի: Եղել է լրագրողի հարց եւ ռուս գործչի անձնական կարծիք: Այս հարցը օրակարգ մտցվում է ադրբեջանական կողմից: Հետևաբար, մեր համար նման հարց չկա:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այն ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար 1996 թվականից ի վեր: Սա վերաբերո՞ւմ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս հայտարարությունը ի՞նչ նպատակ էր հետապնդում:

– Այս հայտարարությունը հետապնդել է մի նպատակ՝ անկեղծություն եւ ազնիվ լինել Հայաստանի քաղաքացու հետ: Ես չեմ ասում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չարիք է եղել ընտրությունների հետ կապված: Կարող եմ ասել, որ 96 թվականի ընտրությունները չէին արտացոլում այն իրողությունը, որը կար:

-ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով նստացույցները շարունակվում են: Ի՞նչ կարծիքի եք:

-Ես դրա կարիքը չեմ տեսնում: Դրա մեջ տեսնում եմ քաղաքական դրդապատճառներ: Առավել եւս, որ ԿԳ նախարարի եւ դասախոսների վերջին հանդիպմանը տեսաք, որ կարծիքները շատ փոխվել են:

-Բովանդակային քննարկում, ասում են, չեղավ: Դրա փոխարեն Արայիկ Հարությունյանը սպառնաց քրեական գործերով:

-Գիտե՞ք, երբ որ նպատակը այլ է, ինչ ձեւի քննարկում էլ լինի, միեւնույն է, վերջում լինելու է նման գնահատական…

-Արտախորհրդարանական ընդդիմությունը տարբեր ձեւաչափերով է հանդես գալիս: «Վերնատունն» են քննարկում:

-Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ուժեղ ընդդիմություն: Բայց, ցավոք սրտի, ես չեմ կարողանում գտնել այդ ընդդիմադիր գործիչներին անցյալում: Ինչպես նաեւ վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անցյալում չեն կարող գտնել այդ մարդկանց, որովհետեւ այդ մարդիկ ունեցել են հնարավորություն՝ անել այն, ինչի մասին իրենք հիմա խոսում են, ու չեն արել: Եվ այսօր ընդդիմությունն այն մարդիկ են, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ճանաչում են, Հայաստանի Հանրապետության ցավերով ապրում են եւ գիտեն ընդհանրապես՝ ինչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Իսկ այդ՝ «Վերնատուն» լինի կամ, չգիտեմ, մեկ այլ կառույց լինի՝ ցավոք սրտի, ես գնահատում եմ, որ դեռ դա ընդդիմության կերպար չէ, չեմ ուզում ավելի կտրուկ բան ասեմ:

-Ո՞վ է կանգնած նրա թիկունքում:

-Չգիտեմ, ինձ համար զարմանալի էր, որ պարոն Մանուկյանը ասում էր, մի հատ ճշտեք բանկից, թե ով է փող փոխանցում: Ճշտե՞լ եք, հարգելի լրագրողներ: Բանկային գաղտնիք կա, չէք կարողանա ամենայն հավանականությամբ ճշտել, եթե բաց չի այդ ինֆորմացիան, կամ ինչ-որ մեկը տրամադրի: Իսկ ով է կանգնած, կարծում եմ, բոլորս էլ ենթադրում ենք: Այն մարդիկ են կանգնած, որոնք մտածում են՝ մեր հետ սակարկման մեջ մտնել եւ ինդուլգենցիաներ ստանալ: Ասել եմ եւ նորից եմ ասում. ինդուլգենցիաներ որեւէ մեկը չի ստանալու եւ անիմաստ տեղը թող փող չծախսեն:

-Օրենքով գողերի մասով: Ձեր անունը միշտ շրջանառվում է իրենց հետ, անգամ ասվում է, որ ձեզ սատարել են ընտրությունների ժամանակ:

-Ուզում եմ հարցնել՝ որ ասում եք միշտ շրջանառվում է, կարո՞ղ եք երկու դեպք ասել, բացի պարոն Սանասարյանի պարագայից: Ես արդեն ասել եմ, որ էդ մարդկանց չեմ ճանաչում անձամբ, ամեն հարցազրույցի նույնը ասելու եմ եւ կողմ եմ քվեարկելու (նկատի ունի քրեական ենթամշակույթի մասին օրենքի նախագիծը: Ա. Հ.), որովհետեւ նախորդ նիստին ես գործուղման մեջ եմ եղել: Եվ խնդրում եմ, հանեք այդ խոսակցությունը շրջանառության միջից: Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետությունում եւ Երեւան քաղաքում ինչ-որ մեկի խնդրանքով կամ ինչ-որ մեկի ծառայությունների պատճառով չէ, որ պետք է ձայն հավաքեր: Փառք Աստծո, ես նախորդ ընտրություններին էլ եմ բավականին շատ ձայն հավաքել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930