Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Հանրային խորհրդի մասին» օրենքի բացերը կամ պետք է լրացնել կամ իսկապես այս մարմնի գոյությունն անիմաստ է դառնում

Նոյեմբեր 22,2019 11:42

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահին շրջանառության մեջ դնել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին Օրենքի նախագիծ, որով առաջարկում է Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի՝ խորհրդի անդամի կողմից քաղաքական չեզոքություն պահպանելու պահանջը խախտելու դեպքում, դադարեցնել նրա անդամակցությունը։ Իհարկե ընդունելի առաջարկ է, բայց այդ լրացումը բավարար չէ Օրենքը գործունակ դարձնելու համար։ Օրենքը լուրջ խնդիրներ և գործառույթներ է դրել Հանրային խորհրդի առաջ՝ որպես հավաքական մարմին, առանց ամրագրելու խորհրդի անդամների լիազորությունները։

Օրենքի 3-րդ հոդվածում Հանրային խորհրդի գործառույթների մասին է, որտեղ 4 կետով և բազմաթիվ ենթակետերով  Հանրային խորհրդի առջև դրվում են գործառույթներ՝ առանց սահմանելու այն լիազորությունները, որով Հանրային խորհրդի անդամը պետք է իրականացնի դրանք, իսկ   չէ՞ որ այդ խնդիրները լուծվելու են խորհրդի անդամների միջոցով, որոնց  լիազորությունների մասին ոչ մի խոսք չկա։ Մասնավորապես, Հանրային խորհրդի գործառույթների մեջ կա հետևյալ կետը․

«2) սեփական նախաձեռնությամբ`

բ. հասարակական փորձաքննության է ենթարկում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերն ու փաստաթղթերը և տալիս է եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն,

գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն»։

Հարց է ծագում, այդ կարծիքը բացահայտելու համար Հանրային խորհրդի անդամը պետք է հանդիպի պետական այրերի հետ, դրանք քննարկելու համար ժամանակ խնդրի, բայց ի՞նչ լիազորության հիման վրա։ Ցանկացած պետական այր կարող է ասել, ցույց տուր Օրենքը, որով դու այդ ժամանակն ինձանից խլելու իրավունք ունես։ Կամ, գրված է․ 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում Հանրային խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է վարչապետին, որը որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը:» Իսկ ի՞նչ շարունակություն է այն ունենալու, եթե Կառավարությունն այդ կարծիքը թողնելու է մի հերթական դարակում և հաշվի չի առնելու Հանրային խորհրդի եզրակացությունը, այն իմպերատի՞վ է, թե՝ ոչ, ոչ մի խոսք այս մասին Օրենքում չկա։ Դառնում է ինքնանպատա՞կ։ Օրենքն այս տեսքով իր առջև դրված խնդիրները լուծելու համար անգործունակ է, որովհետև, ինչպես օրենքն է ասում, Հանրային խորհրդի անդամ կարող է լինել հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող յուրաքանչյուր անձ, Խորհրդի առջև դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող, սակայն լիազորություններ չունեցո՞ղ։

Իմ կարծիքով պետք է ավելացնել նոր  հոդված՝ «Հանրային խորհրդի անդամի լիազորությունները», որոնցով Հանրային խորհրդի անդամին իրավունք վերապահվի լուծել Հանրային խորհրդի առջև դրված խնդիրները՝ նրան ապահովելով համապատասխան գործիքակազմով։ Ինչպես նաև  սույն օրենքով ամրագրել, թե ինչպիսի՞ մեխանիզմներով է Հանրային խորհուրդը աշխատելու ՀՀ կառավարության հետ և լուծելու 2-րդ հոդվածով նախատեսված իր առջև դրված խնդիրները։ Մասնավորապես 2-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված․«հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում ՝օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը»։

Հանրային խորհրդի անդամներն ի՞նչ մեխանիզմով  պիտի դրանք բացահայտեն, եթե Օրենքը չի սահմանում Հանրային խորհրդի անդամի լիազորությունները, նույնը վերաբերում է 5-րդ և 6-րդ կետերին։ Օրենքի բացերը կամ պետք է լրացնել կամ իսկապես այս մարմնի գոյությունն անիմաստ է դառնում։

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Հանրային խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930