ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ով մի քանի անգամ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հետեւողականորեն պնդում էր, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում չկա շուրջ 600 միլիոն դրամ, իսկ վարչապետը հերքում էր, թե իր ձեռքին հակառակը վկայող «ավելի պաշտոնական փաստաթուղթ» է, նախօրեին գրել էր. «Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ. գումարը չկա»։
Տիգրան Ուրիխանյանին այս մասին տեղեկացրել է վարչապետի օգնականը եւ հայտնել, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով եւս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա, եւ փոխանցված գումարներն արտացոլված չեն, ինչն ուսումնասիրվում է։ Հետո Փաշինյանի գրասենյակից պարզաբանել էին, որ Ուրիխանյանը մասամբ է ճիշտ, որովհետեւ հաշվետվության մեջ դա արտացոլված չէ, բայց իրեն ասել են, որ գումարը կա, եւ առաջարկել են նոյեմբերի 14-ին քննարկել այդ հարցը։
Տիգրան Ուրիխանյանին հարցրինք՝ արդյոք թափանցիկության խախտում չէ՞, երբ մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հարցը հնչեցնելուց եւ վարչապետի մակարդակով հերքվելուց հետո պարզվում է, որ այդ գումարները կան, բայց ինչ-որ մի տեղ, սակայն հայտնի չէ որտեղ։ Նա ասաց. «Ես դրա համար էլ ասացի, որ արդեն քրեական հոտ է գալիս, որովհետեւ, եթե գումարները լինեին, հիմնադրամը կկայացներ որոշում եւ կտեղադրեր նույն հաշվեհամարին ու կստանար նույն տոկոսները, որոնք ուղղվում են զինծառայողների կյանքի ու առողջության փոխհատուցմանը։ Եվ հիմա ֆիքսեք՝ սա կորսված եկամո՞ւտ է, թե՞ չէ, պետությանը պատճառված վնա՞ս է, թե՞ չէ։ Ի՞նչ չափի։ Առանձնապես խոշոր չափի»։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում