Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությունից կտրվելու նշանները

Նոյեմբեր 22,2019 10:00

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում, բնականաբար, արժանացավ ներկա իշխանության չափից դուրս մոլեռանդ երկրպագուների հայհոյական արձագանքին, եւ այն վերլուծելու փորձ չարվեց:

Նախ՝ անդրադառնամ ելույթի այն կետերին, որոնց հետ համաձայն եմ: Պարզ է, որ Արցախի խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանը պետք է ասեր այն, ինչ ասել եւ ասում են Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները՝ այստեղ տարաձայնություններ, կարծես թե, չկան:

Ներքաղաքական թեմային անդրադառնալով, նախկին նախագահը նշեց, որ պաշտոնից հեռացել է՝  մարդկային զոհեր թույլ չտալու եւ պետությունը վտանգավոր ցնցումներից զերծ պահելու նպատակով: Եվ իրոք, իր բնավորությամբ Սերժ Սարգսյանը հակված չէ բռնությունների եւ դաժանության՝ ի տարբերություն Երկրորդ նախագահի:

Այնուամենայնիվ, ես եւ գուցե հասարակության այն մասը, որը ոչ այս, ոչ էլ այն կողմի մոլեռանդությամբ չի տառապում, ուզում ենք իմանալ, թե ինչ են Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն մտածում մեկ այլ հարցի մասին. ոչ թե ինչու են նրանք հեռացել (դա, ի վերջո, տեխնիկական խնդիր է), այլ՝ ինչու էր հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ցանկանում, որ նրանք հեռանան: Եթե հանրապետականները ասեն, որ դա այդպես չէ, որ նրանց հեռանալու միահամուռ պահանջ չկար, ուրեմն նրանք կտրված են իրականությունից: Բայց ես հույս ունեմ, որ այդ կուսակցության շարքերում կան սթափ մտածող մարդիկ, որոնք իրենց հարց են տալիս՝ ինչու 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ժողովրդական տոնախմբություններ էին, ինչու էին մարդիկ իրար գրկում, համբուրում եւ շնորհավորում:

Այդ հարցին էլ ՀՀԿ-ականներն ունեն «ինքնասփոփիչ» պատասխան՝ քարոզչությունը, ֆեյսբուքը, քաղաքական տեխնոլոգիաները, Սորոսի հիմնադրամը եւ այլն: Դա դարձյալ իրականությունից կտրվելու նշան է: Որովհետեւ այդ ամենը հեղափոխության գործիքներ են, բայց ոչ հեղափոխության պատճառներ: Պատճառներից մեկը մակերեսի վրա է՝ մարդիկ զայրացել էին, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չառաջադրվել վարչապետի պաշտոնում, իսկ հետո իր խոսքից հետ էր կանգնել եւ առաջադրվել էր: Դա էլ ՀՀԿ-ն ամբողջությամբ չի ընդունում եւ այսօր էլ է փորձում ինչ-որ «արդարացումներ» փնտրել:

Բայց կան, իհարկե, ավելի խորքային պատճառներ: Կառավարման այն ձեւը, որն ընտրել էին նախկին իշխանությունները, սխալ էր, անբնական եւ չէր կարող նրանց համար բարի վախճան ունենալ. այն հիմնված էր կոռուպցիայի, ապօրինությունների եւ ընտրությունների ժամանակ ժողովրդի կամքը նենգափոխելու վրա: Ահա սա՛ է, որ հանրապետականները պետք է ընդունեն: Իսկ եթե չընդունեն, ապա, ինչպես եւ ՀՀՇ-ն, դուրս կգան քաղաքական ասպարեզից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Առանց որեւէ կեանքի կորուստի, կարելի էր ուրիշ ընթացք տալ 2018-ի գարնան տեղի ունեցած պետական յեղաշրջումին (ի տարբերութիւն 2008-ին, երբ դա դժբախտաբար անհնար էր) : Սերժ Սարգսյանի հրաժարականը արդար, իրաւացի ու բաւարար յաղթանակն էր փողոցի շարժումին: Անկէ ետք կատարուածը անհասկնալի է: Որեւէ տեսանկիւնից, որեւէ վերլուծումով, ՀՀԿ-ն արժանի չէ որեւէ կերպով «վերադառնալու» իշխանութեան: Թող նրա ոչ-կեղտոտ տարրերը իսկապէս ու լրիւ նոր կուսակցութիւն մը կազմեն, կամ ել մի այլ մարդավարի կուսակցութեան միանան, եթէ կ’ուզեն դեռ մնալ քաղաքական դաշտին վրայ:

    Իսկ Սերժ Սարգսյանի այն արտայայտութիւնը թէ ինք երկիրը լքեց ու յանձնեց Փաշինյանին, որպէսզի առիթ ընծայէ որ աւելի լաւ պետութիւն մը կառուցուի… մարդիկ ուղղակի ապուշի տեղ դնել է: Թող չփորձէ նմանիլ Փաշինյանին, ինք չունի այդ յատուկ վարպետութիւնը:

    (Իսկ Ռոբերտ Քոչարյանին համար, մէկ վարկաբեկումը բաւ է՝ որ Փաշինյան մը զինք բանտ նստեցուց: Անոր վրան ալ դեռ երկրորդ նուաստացումի մը պէտքը չկայ, որ Սերժ Սարգսյան մը լինի զինք այդտեղէն դուրս հանողը, մերսի: )

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930