ԿԳՄՍ նախարարության տրամադրած տեղեկանքում հետաքրքիր նշումներ կան
«Առավոտը» ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը խնդրել էր տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակների համատեքստում, ինչ ծախսեր են արվել կամ նախատեսված եւ ինչ բովանդակություն ունեն այդ միջոցառումները: Ըստ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տեղեկատվության, 12 մլն դրամ է տրամադրվել Թումանյանի եւ Կոմիտասի մասին «Խաչվող ճանապարհներ» վերնագրով վավերագրական ֆիլմ նկարելու համար, որը պետք է պատրաստ լինի մինչեւ 2020թ. մարտի 1-ը: Հոբելյաններին նվիրված՝ արտաքին գովազդի, լուսա-տեսա նկարահանման, տեսահոլովակների պատրաստման եւ թվային տիրույթում առաջխաղացման համար նախարարությունը տրամադրել է 18 մլն դրամ, Բալասանյան ընտանիքին պատկանող Գյումրիի Սեւ բերդում, որը նշանակությամբ ոչ այլ ինչ էր, քան ռուսական բանտ, համերգային ծրագրի իրականացման վրա ծախսվել է 42 մլն դրամ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում Կոմիտասին նվիրված համերգային ծրագրի իրականացման վրա ծախսվել է ավելի քան 36 մլն դրամ:
Մինչեւ տարեվերջ նախատեսված «Երեքի նամակները» խորագրով անիմացիոն տարրերով տեսաֆիլմի ստեղծման համար, որ նվիրված է Երվանդ Օտյանին, Կոմիտասին եւ Թումանյանին, նախատեսված է ծախսել 9,960 մլն դրամ: Ըստ նախարարության ներկայացրած տեղեկանքի, ավելի քան 28 մլն է տրամադրվել, որպեսզի մինչեւ տարեվերջ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի «Հեքիաթներ» ներկայացման շրջիկ ցուցադրությունը կազմակերպվի Սփյուռքի համայնքներում:
Նույն տողի ներքո ներկայացված Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված անիմացիոն ֆիլմերի թարգմանության եւ հուշանվերային փաթեթի պատրաստման վրա նախատեսված է ծախսել 1 միլիոն 856 հազար դրամ, Գառնիում կայացած հոբելյանական համերգի վրա, որ նվիրված էր երկու մեծերին, ծախսվել է 13 միլիոն 560 հազար դրամ: Այլ միջոցառումների վրա էլ են տարբեր ծախսեր կատարվել, եւ ընդհանուր առմամբ, երկու հոբելյանների վրա միասին ծախսվել է կամ ի վերջո կծախսվի 327 միլիոն 876 հազար դրամ:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Աթենքում՝ Թումանյանի ու Կոմիտասի հոբելյաններին նվիրված միջոցառմանը, ընդամենը արժեցել է 416.9 հազար դրամ, Վրաստանում Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին՝ ՀՀ պատվիրակության մասնակցությունը՝ 567.1 հազար դրամ, միեւնույն ժամանակ՝ աջակցությունը Թումանյանի ու Կոմիտասի հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպմանը Վրաստանում՝ 3 միլիոն 179 հազար դրամ:
Ծախսերն ամբողջությամբ՝ նախարարության ներկայացրած տեղեկանքում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2019