Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am-ից եւ լրատվամիջոցներից պահանջում են «հրապարակված տեսանյութերի չմոնտաժված տարբերակները» եւ հրապարակումների աղբյուր հանդիսացող նյութերը

Նոյեմբեր 22,2019 13:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Գրիգորյանի օգնական Ա. Մինասյանի կողմից «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ է ուղարկվել Փայլակ եւ Արտակ Յայլոյանների կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը: Այդ որոշումը թվագրված է հոկտեմբերի 17, մենք այն ստացել ենք մեկ ամիս հետո:

Փայլակ եւ Արտակ Յայլոյանների ներկայացուցիչ Իրինա Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արթուր Խուրշուդյանի` «պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող հայտարարությունը հերքելու եւ բարոյական վնասի հատուցման պահանջի» մասին։

Հայցվոր կողմը միջնորդել էր ապացույցներ պահանջելու մասին: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը, որոշում կայացրել՝ «Հայելի» ակումբի համակարգող Ա. Թովմասյանից, aravot.am, yerkir.am, news.am, armtimes.am կայքերի գլխավոր խմբագիրներից ու «Կենտրոն» հեռուստաընկերությունից «հրապարակված տեսանյութերի չմոնտաժված տարբերակները» եւ հրապարակումների աղբյուր հանդիսացող նյութերը ներկայացնել դատարան:

Մեր լրատվամիջոցի՝ aravot.am-ի դեպքում պահանջվում է այս տարվա հունվարի 15-ի «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի հիման վրա այդ օրվա «հոդվածի աղբյուր հանդիսացող նյութերը»:

Հայցվոր կողմը մինչ այս, միջնորդել էր հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:

Դատավորը մերժել էր այս միջնորդությունը, արձանագրելով. «Այս պարագայում հայցվորի կողմից չի ներկայացվել որեւէ ապացույց, ըստ որի՝ պատասխանողի գույքի վրա արգելանք չդնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ուստի գտնում եմ, որ միջնորդությունն այս մասով անհիմն է, չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ եւ 129-րդ հոդվածների պահանջներից եւ ենթակա է մերժման»։ Որոշումը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան: Ըստ վերաքննիչի դիրքորոշման. «Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը սահմանել է հայցի ապահովման միջոցի եւ ներկայացված պահանջի համաչափության պահանջ: Միջնորդությունը չի պարունակում ներկայացված պահանջի եւ հայցի ապահովման կիրառվող միջոցի (2000000 ՀՀ դրամ արգելանք) համաչափության վերաբերյալ հիմնավորումներ:

Տվյալ դեպքում հայցի առաջնային պահանջը հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելն է եւ որի բավարարման հետեւանք կարող է լինել գումարի բռնագանձումը: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված գումարի չափը հայեցողական է եւ որոշվում է սկզբնական պահանջը քննելու եւ այլ հանգամանքները գնահատելու արդյունքում: Վերաքննիչ դատարանը, գնահատելով պահանջը եւ հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանությունը, գտնում է, որ 2 000 000 ՀՀ դրամի չափով արգելանք կիրառելը չի կարող համաչափ գնահատվել ներկայացված պահանջին»:

Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930