Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական գործողությունների մասնակիցը դատի է տվել պաշտպանության նախարարությանը

Նոյեմբեր 22,2019 13:30

2017թ.  փետրվարի 25-ին պաշտպանական շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողությունները հայտնաբերելու եւ կասեցնելու մարտական գործողություններին մասնակցել է ՊՆ  N զորամասի նախկին ժամկետային զինծառայող, պահեստազորի շարքային Աղվան Արթուրի Ադիլխանյանը: Նրա՝ մարտական գործողություններին մասնակցությունը հաստատելու հարցը հասել է ՀՀ վարչական դատարան:

ՀՀ ՊՆ Մասիսի զինվորական կոմիսարիատը Աղվան Ադիլխանյանի զինվորական գրքույկի 7-րդ էջի 16-րդ կետում գրառել է «Չի մասնակցել մարտական գործողությունների» «վրիպակը», այն չի ուղղել, զինծառայողը պահանջում է դատարանով պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը, որպեսզի զինգրքույկի համապատասխան էջում «Մասնակցել է մարտական գործողություններին» գրառումը կատարվի:

Այն, որ մարտական գործողություններ են եղել, հաստատվում է պաշտոնական լրահոսով. «2017թ. փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին եւ 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարեւելյան եւ արելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների եւ կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն՝ անհաջող կերպով փորձել են իրենց արարքները վերագրել արցախյան կողմին: Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաեւ, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ (nkrmil.am)»: Իսկ մեկ այլ լրատվականով՝ (shantnews.am) այդ օրվա մասին տարածվեց հետեւյալը. «2017 թվականի փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական բանակի միանգամից երկու դիվերսիոն խումբ բացահայտ հարձակման է անցնում արցախյան առաջնագծի երկու ուղղություններում։ Երկու խումբն էլ պատվական ծեծ են ուտում։ Ադրբեջանցիների մի մասը անշնչացած մնում է միջդիրքային գոտում, մի մասը փրկվում է փախուստի դիմելով։ Դիվերսիաները կասեցվում են հայկական կողմում դրված տեսադիտարկման համակարգերի շնորհիվ, որոնք թշնամու առաջխաղացումը հայտնաբերում են վաղօրոք:

Գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ապացուցում են, որ հարձակվողը հենց ադրբեջանական կողմն է»:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել անցյալ տարվա ապրիլի 5-ին, վարչական դատարանի ապրիլի 12-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ պարտավորեցման հայցի փոխարեն ոչ ճիշտ հայցատեսակ՝ ճանաչման հայց ներկայացված լինելու, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը հայցադիմումին կցված չլինելու եւ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու, ինչպես նաեւ` հայցադիմումի եւ կից փաստաթղթերի պատճենները պետական ֆինանսական կառավարման մարմնին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցները հայցադիմումին կցված չլինելու պատճառաբանությամբ։

Հայցվորը հայցադիմումում թույլ տրված սխալները վերացրել էր եւ խնդրել էր պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ իր զինվորական գրքույկի 7-րդ էջի 16-րդ կետում կատարել «Մասնակցել է մարտական գործողություններին» գրառումը։

Դատարանը հաշվի առնելով, որ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը, բավարարել էր միջնորդությունը, արձանագրելով, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Գործի քննության ժամանակ վարչական դատարանը զինծառայողի հայցապահանջը  մերժել է, մինչդեռ, դեռ գործի նախապատրաստման փուլում, վերականգնելով բաց թողած ժամկետը, այս նույն դատարանը հղում էր կատարել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, Սահմանադրությանը,  համաձայն որոնց՝ երաշխավորվում է անձի` իր իրավունքների եւ ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների եւ դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի` դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար։

«Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով։ Բացի դրանից, դատական իշխանությունն է, որ անկախ է բոլոր այլ մարմիններից եւ պարտավոր է վերահսկել իշխանության մյուս ճյուղերին պատկանող բոլոր մարմինների կողմից իրավաչափ գործելու իրենց պարտականության կատարումը, վերացնելով այդ մարմինների այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնք խախտում են անձանց սուբյեկտիվ իրավունքները կամ, այլ կերպ` ոտնձգում են Սահմանադրությամբ երաշխավորված իրավակարգի դեմ»,-արձանագրել էր դատարանը։

Գործը վերաքննիչ վարչական դատարանում է: Նախկին զինծառայողի ներկայացուցիչն է Ռ.Բեջանյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930