Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող որեւէ մեկը չոգեւորվի, որ Լավրովը Քալանթարյան է»

Նոյեմբեր 22,2019 14:00
Aram Sargsyan

«Գալիս ասում ես՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» ու դրա տակ ոչինչ չես ներկայացնում: Շատ լավ ես անում, որ ասում ես, բայց այդ ժամանակ արդեն ձեռքիդ պետք է լիներ ԱԺ-ի որոշումը, որը կճանաչեր Արցախի Հանրապետության ձեւավորման օրինականությունը եւ անկախությունը Ադրբեջանից: Առանց այդպիսի որոշման, դա ընդամենը պոպուլիստական հայտարարություն է եւ սխալ». «Առավոտի» զրուցակիցն է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

«Ինձ համար անհասկանալի է, թե վերելակում ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց այն, որ հետո երկու երկրների ղեկավարների հարաբերությունները սառեցին, պարզ դարձավ՝ իրենք չեն կարողացել համաձայնության գալ: Առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանն իրարամերժ հայտարարություններ արեց. գալիս ասում ես՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» ու դրա տակ ոչինչ չես ներկայացնում: Շատ լավ ես անում, որ ասում ես, բայց այդ ժամանակ արդեն ձեռքիդ պետք է լիներ ԱԺ-ի որոշումը, որը կճանաչեր Արցախի Հանրապետության ձեւավորման օրինականությունը եւ անկախությունը Ադրբեջանից: Առանց այդպիսի որոշման, դա ընդամենը պոպուլիստական հայտարարություն է եւ սխալ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով արցախի հարցի  կարգավորան գործընթացի ներկայիս փուլին, մասնավորաբար, անընդհատ հնչող այն ահազանգերին, որ հարցի կարգավորման գաղտնի գործընթաց է գնում, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նախկին իշխանավորների այս անհանգստություններին մեր զրուցակցն այսպես է արձագանքում. «Ընդհանրապես, կուզեի, որ նախկին իշխանավորներն ավելի քիչ խոսեին: Ի վերջո իրենց թողած ժառանգությունն է, որն այսօր փորձ է արվում «ավգյան ախոռները» ինչ-որ կերպ մաքրել: Իհարկե, գործող իշխանության վարած քաղաքականությունը բոլոր դրսեւորումներով չէ, որ ընդունելի է, բայց նախկինները թող վերագնահատեն իրենց կատարածը, հետո խոսեն»: Առհասարակ, մեր զրուցակցի համոզմամբ, դա մեր քաղաքական դաշտի խնդիրն է՝ ՀՀՇ-ից սկսած մինչեւ օրս. «Եթե գնահատական չկա, ուրեմն բոլորն ասում են՝ մենք լավն էինք, ներկաները վատը: Այս շրջանակից ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ»:

Ինչ վերաբերվում է Արցախի հարցի կարգավորմանը, ըստ Արամ Սարգսյանի, եթե մենք չհասկանանք, որ Արցախի հարցի կարգավորման էությունը շաղկապված է տարածաշրջանային զարգացումների հետ, նորից շատ սխալներ կարող ենք անել, որովհետեւ Արցախի հիմնահարցն այլեւս լոկալ բնույթ չի կրում եւ տարբեր թելերով անպայման կապված է տարածաշրջանային խնդիրների հետ. «Մեզ հիմա անհրաժեշտ են խորը վերլուծություններ, զարգացումների տարբեր մոդելավորումներ, սցենարներ եւ դրանցում մեր գործողությունները, որով որեւէ ինստիտուտ չի զբաղվում: Համենայնդեպս, որոշակի տեսանելի չէ նման աշխատանք»: Ամեն դեպքում, նրա համոզմամբ, հակամարտությունը տեսանելի ապագայում որեւէ կարգավորման ենթակա չէ. «Որովհետեւ որեւէ քաղաքական համաձայնության կողմերը չեն կարողանալու գալ, իսկ հիմա էլ անընդհատ շեշտվում է քաղաքական համաձայնությունը: Մենք բազմիցս ենք ասել, որ կողմերը կարող են կարգավորման գնալ՝ միայն իրավական տեսանկյունից, քանզի միայն իրավականն է փաստարկված: Պատերազմն էլ, այնպիսին, ինչպիսին պատկերացնում է Ադրբեջանն՝ անհնար է»: Ուստի, նշանակում է պատերազմ, որը հարցը վերջնական կլուծի. «Հարցի այդ լուծումն այսպիսին է՝ կամ մեկն է կապիտուլյացիայի ենթարկում, կամ՝ մյուսը: Այս տեսանկյունից էլ պատկերացնել, որ օրինակ, Ադրբեջանը մի քանի տարածք իրեն ետ վերադարձնելով կբավարարվի՝ դա անիմաստ խոսակցություն է, որովհետեւ ախորժակը մեծանալու է, եթե, իհարկե, կարողանա Ադրբեջանը հաջողել»:

Արամ Սարգսյանի գնահատմամբ, այժմ ակտիվ տեղեկատվական պատերազմ է գնում եւ Ադրբեջանը փորձում է իր շուրջն ավելի բարենպաստ տրամադրություններ եւ մթնոլորտ ձեւավորել՝ բոլոր հնարավոր քարոզչական միջոցներով «իրենց ճշմարտությունը» տարածել՝ մատուցելով իրականության տեղ` քաղաքական հայտարարության, դեկլարացիայի եւ համանման մակարդակներով: Այս իմաստով, ըստ նրա, այժմ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում Բաքվում տարբեր ֆորմատներով միջազգային համաժողովներ անցկացնելու:

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք նման հավաք կայացավ Բաքվում: Առաջինը՝ Թյուրքալեզու պետությունների սամիթն էր, որի ընթացքում հակահայկական բավական լուրջ հայտարարություններ հնչեցին: Արամ Սարգսյանի կարծիքով, աշխարհին պետք է մտահոգի այդ հավաքում հնչած Ղազախստանի նախկին նախագահ Նորսուլթան Նազարբաեւի այն հայտարարությունը, որ ժամանակն է, որ աշխարհում լինի թյուրքալեզու պետությունների միություն, որի տակ, ամեն ինչ կարելի է պատկերացնել՝ ընդհանուր պետություն, ընդհանուր քաղաքականություն եւ այլն: Եվ երկրորդը, երբ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե «Զանգեզուրի զիջումը» պառակտեց թյուրքական աշխարհը: Արամ Սարգսյանի կարծիքով՝ դա առիթ է պատերազմ հայտարարելու, եթե հակառակ կողմը չի կարողանում այդ ամենը հերքել: Երկրորդ հավաքը՝ չմիացած պետությունների շարժման գագաթաժողովն էր, որի դեկլարացիան ստորագրեցին մասնակից 120 պետությունների ներկայացուցիչները եւ որում Արցախի հարցի լուծումը ամրագրված էր տարածքային ամբողջականության սկզբունքով ու Հայաստանը այդ փաստաթղթով «ագրեսոր» որակվեց: Հայկական կողմի արձագանքը՝ ԱԳՆ-ի հայտարարության տեսքով, նա համարում է զրո պատասխան կատարվածին, քանի որ ինքը չի կարողանում հասկանալ՝ ինչո՞վ էին  զբաղված մեր դեսպանությունները, որոնք մինչ այժմ տվյալ 120 պետություններում որեւէ մեկին չեն կարողացել համոզել, որ գոնե հատուկ կարծիք հայտներ դեկլարացիայի մասին: «Մենք շատ հանգիստ հաշտվեցինք, ձեւ արեցինք՝ ի՞նչ է եղել, որ: 120 պետություն Հայաստանը համարել է ագրեսոր. սրա տակից ինչպե՞ս պետք է դուրս գալ՝ արդեն այլ հարց է: Այսինքն, իրենք իրենց գործն են անում, մենք՝ հայտարարություններ»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարեց, որ հետհեղափոխական շրջանում կարողացել է աշխարհին բացատրել եւ տեղ հասցնել իրողությունը, թե ինչի՞ մասին է ղարաբաղյան կոնֆլիկտը, Արամ Սագսյանն արձագանքեց. «Իսկ որտե՞ղ է կարողացել դա բացատրել, ո՞ր համաշխարհային կամ միջազգային ֆորումում: ՄԱԿ-ի ամբիոնի՞ց, միգուցե: Հիմնահարցի էությունը, եթե մենք չենք հասկանում, թե ի՞նչ է ներկայացնում ինքը, աշխարհը ո՞նց հասկացավ: Հիմնահարցի էությունը կարելի է ներկայացնել համապատասխան դիվանագիտական նոտայով, այլ տարբերակ չկա: Ցանկացած ելույթ՝ դա  ելույթ է, ցանկացած հայտարարություն՝ դա հայտարություն է: Այսօրվա իշխանության, ՀՀ-ի դիրքորոշումը կարող է լինել միայն դիվանագիտական նոտայի միջոցով կամ խորհրդարանի ընդունած համապատասխան փաստաթղթերով: Եթե խոսքը նրա մասին է, որ լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին՝ դա տեսլական չէ, դա անհասկանալի բան է: Երբեւիցե այդպիսի կոմպրոմիսը հնարավոր չէ»: Արամ Սարգսյանի մեկնաբանությամբ, Կոնստանտին Զատուլինը փորձեց դա ներկայացնել, որպես կոմպրոմիսի ինչ-որ մի տարբերակ, որը մեզ համար, իհարկե, ընդունելի չէ, որովհետեւ եթե խոսքը գնում է այն մասին, որ 5 տարածք մենք վերադարձնենք, Ադրբեջանն էլ ճանաչի Արցախի անկախությունը, ապա հարցը հետեւյալն է՝ մենք դեռ իրենցից տարածքներ ունենք պահանջելու. «Սրա մասին ընդհանրապես չի խոսվում, բայց մենք մի օր գալու ենք եւ հասնելու ենք Նախիջեւանին. մենք չենք մոռացել, որ դա մեր պատմական բնօրրաններից մեկն է: Այսինքն, նորից ուխտի վրա նստած՝ կուզեկուզ ման ենք գալիս, հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ աշխարհը չարձագանքեց այնպես, ինչպես պետք է»: Արամ Սարգսյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում արցախյան հարցի  էությանը եւ չի էլ ցանկանում ուսումնասիրել ու խորությամբ հասկանալ հարցը, լսել մասնագետներին: Իսկ նրա վերջին հայտարարությունները, մասնավորաբար, ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված, ըստ նրա խոսում են այն մասին, որ ՀՀ վարչապետը նաեւ հայոց պատմություն չգիտի:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի`Հայաստանում արած հայտարարությունը, որ առանց Արցախի համաձայնության հարցի վերջնական լուծում չի կարող լինել եւ Նիկոլ Փաշինյանին մեջբերել, որ հարցի կարգավորումը երեք ժողովուրդներին էլ պետք է բավարարի, Հայաստանում մեծ ոգեւորություն բարձրացրեց, մինչդեռ մեկ ամիս առաջ «Վալդայ» համաժողովում, Սերգեյ Լավրովը Հայաստանին  մեղադրում էր բանակցությունները փակուղի տանելու մեջ: Այս առիթով, ՀԴԿ նախագահն ասում է. «Նորից պարզունակ մի բան պետք է ասեմ, եթե որոշ մարդկանց դա պարզ չէ. գործ ունենք քաղաքական կոնյուկտուրայից ելնող հայտարարությունների հետ: Իհարկե, ՌԴ-ն ամեն կերպ աշխատելու է, որ Հայաստանում թեժ իրավիճակ չստեղծվի, որովհետեւ դա իր շահերին բացարձակ չի համապատասխանում եւ պաշտպանելու է Հայաստանի դիրքերը, քանզի այդպես կարելի է պատերազմի վտանգը վերացնել կամ հետաձգել պատերազմը: Լավրովն ասաց մի բան, ինչ ասվել է բանակցային գործընթացի սկզբից՝  առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության, չի կարող լուծում լինել: Դա նոր սկզբունք չէ: Բայց ինչո՞ւ այսպես ոգեւորություն ապրեցին դրանից պաշտոնական Երեւանում, կարծում եմ, այն պատճառով, որ վերջին տարիներին միջնորդները ոչ մի կերպ չէին արձագանքում Հայաստանի դիրքորոշումներին եւ հիմա, իհարկե, շատ ավելի հաճելի է, որ Լավրովն այդպիսի կարծիք հայտնեց: Բայց դրանով չի պայմանավորված բոլոր հարցերի լուծումը: Ես հատուկ մեր դիվանագետների համար եմ ուզում շեշտել՝ ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջվում, այս ուղղությունը ոչ մի րոպե չի կարելի բաց թողնել: Ոչ միայն ՌԴ-ի, այլ մյուս պետությունների հետ էլ է պետք աշխատանք տանել, որը դիվանագետները չեն կարողանում անել, որովհետեւ չունեն այն սկզբունքը, հայեցակարգը, որով իրենք պետք է առաջնորդվեն»: Եվ այդ կոնյուկտուրան, նրա կարծիքով, բոլոր ասպարեզներում էլ կա եւ տարբեր շրջաններում տարբեր դրսեւորումներ կլինի, քանի դեռ չկա Հայաստանի հայեցակարգային մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ: «Թող որեւէ մեկը չոգեւորվի, որ նա Քալանթարյան է, որովհետեւ նա չէր կարող լինել ՌԴ ԱԳ նախարար, եթե չպաշտպաներ ՌԴ-ի շահերը»,- ասաց մեր զրուցակիցը`նկատի ունենալով այն ոգեւորությունները, որ Սերգեյ Լավրովը հոր կողմից հայկական արմատներ ունի:

ՀՀ վարչապետը վերջերս հայտարարել էր, որ բանակցությունները վերսկսելու դրական ազդակներ կան: Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր: Կողմերը պայմանավորվածություն ունեն՝ կոնկրետ բանակցությունների անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են»: ՀՀ ԱԳՆ-ն հերքեց`ասելով, որ կոնկրետ փաստաթուղթ բանակցային սեղանին դրված չէ: Այս ամենի առիթով էլ մեր զրուցակիցն ասում է. «Նախ պետք է բանակցությունների օրակարգը հայտարարվի՝ բանակցային գաղտնիքները պահպանելով, որպեսզի հասկանալի լինի՝ այդ օրակարգով իմաստ ունի՞ բանակցություններ վարել: Նորից կարող է լինել մի իրավիճակ, երբ անհայտ օրակարգով իրենք շարժվեն ամիսներ, տարիներ ու մի օր նորից կանգնենք «կոտրած տաշտակի առաջ» կամ իշխանությունն, Աստված մի արասցե, անընդունելի որոշումներ կայացնի: Իսկ այս պահին, միայն խոսք կարող է գնալ լարվածությունը նվազեցնելու եւ փոխադարձ վստահություն ձեւավորելու մասին: Հային թշնամի համարող ադրբեջանցու հետ որեւէ արդյունքի հնարավոր չէ հասնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930