Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ը Փաշինյանի վստահության համար վճռորոշ է լինելու

Նոյեմբեր 22,2019 12:00

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում առկա է, շարունակում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրություն

Այս տարի Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան ծրագրված է պետական բյուջեում, կամ տարվա սկզբին կանխատեսում էին միջազգային ֆինանսական կառույցները: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե սպասվում է, որ տարին Հայաստանը կփակի մինչեւ 7 տոկոս տնտեսական աճով, մինչդեռ նա նկատել է, որ դեռ ապրիլին հիմնադրամը կանխատեսել էր 4.6 տոկոս տարեկան տնտեսական աճ:

«Գալիք տարվա տնտեսական աճի համար մեր կանխատեսումը մեծամասամբ նույնական է Հայաստանի կառավարության կանխատեսման հետ: Այս տարվա համար կանխատեսում ենք 6.5-7 տոկոս աճ, 2020թ. եւ միջնաժամկետ հեռանկարի համար աճը կանխատեսում ենք 4.5 տոկոսից 5 տոկոսի շրջակայքում: Կարծում եմ՝ նման կանխատեսումը հիմնավորված է»,- ասել է նա: Ուստյուգովան ներկայացրել է պատճառը, որը հանգեցրել է ավելի բարձր տնտեսական աճի. «Այս տարվա հայաստանյան տնտեսական աճն ավելին է, քան մենք սպասում էինք: Այո, անցած մեկ տարում մենք վերանայեցինք մեր կանխատեսումները, որովհետեւ սպառումն ու հատկապես մասնավոր սպառումը Հայաստանում շատ ավելի աշխույժ էր, քան կանխատեսել էինք: Անշուշտ, դրական է, որ տնտեսական ակտիվությունն աճում է, սակայն այդքան էլ լավ չէ, որ նման աճի պատճառը սպառումն է, ոչ թե ներդրումները, որովհետեւ ներդրումներն են, որ հիմք են ստեղծում ապագա աճի համար: Ուստի, մարտահրավերները շարունակում են մնալ՝ ինչպես ստեղծել կայուն, երկարատեւ տնտեսական աճ, այնպիսի աճ, որի հիմքում ընկած կլինեն ներդրումներն ու արտահանումը, ոչ թե սպառումը», – հայտարարեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը:

Հարցին՝ ինչո՞վ է բացատրում ներդրողների պասիվությունը, նա նկատել է. «Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ անցած տարի Հայաստանն անցումային փուլում էր: Այն մի փուլում է, երբ իշխանությունները դեռ աշխատում են ռազմավարությունների, առաջնահերթությունների ուղղությամբ, որոնք ապագայում առաջ են մղելու տնտեսությունը: Այդ իսկ պատճառով ներդրողների մոտ սպասողական մոտեցում է: Որոշ ներդրողներ վերաիմաստավորում են իրենց ներդրումները տարածաշրջանային համատեքստում»։

Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ մասնակցում էր Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը: Նա իր խոսքում անդրադարձել է իր գլխավորած կառավարության հռչակած տնտեսական հեղափոխության օրակարգին ու հավելել: «Առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը՝ մենաշնորհների վերացումը, երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողություններն ուղղված են եղել հենց սրան: Այս մոտեցումն արդարացրել է իրեն եւ ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետեւ այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական եւ շոշափելի փոփոխություններ, որոնց հիմնական մասը վերաբերում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականին», եւ նշել էր նա՝ հավելելով, որ կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը եւ ներդրումները խթանելու ուղղությամբ: Այս առումով, նա մատնանշել է, որ կառավարությունը 2020թ. մուտք է գործում նոր՝ հավելյալ գործիքակազմով, որի մեջ նա առանձնացրել էր հատկապես Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները:

Անդրադառնալով Հայաստանում առկա ներդրումային միջավայրին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ չի կարող ասել, թե կառավարությունը հասել է իդեալական վիճակի եւ ավելացրել, որ այս ոլորտում ունենք հայտնի եւ լատենտ խնդիրներ, որոնք գտնվում են գործադիրի ուշադրության կենտրոնում: Նրա փոխանցմամբ՝ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարեւոր գործոններից եւ կամ այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի չզարգացած լինելն է:

Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ Փաշինյանը նշել էր, որ այստեղ էլ ունենք խնդիրներ եւ իրավիճակը գնահատելու կոնկրետ չափանիշ: «Առկա է մի գործիք, որը հասանելի է տնտեսական գործունեությամբ զբաղվող միջազգային հանրությանը: Ես նկատի ունեմ եվրոբոնդերի թողարկումը, որն առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքով տեղաբաշխվեց եւ Հայաստանի համար ռեկորդային բարձր պահանջարկ ուներ: Մենք մտադիր ենք վերաֆինանսավորել 500 մլն դոլարի պարտքը, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը: Եվ այստեղ մենք գալիս եւ հանգում ենք մեր հաջորդ տնտեսական զարգացման համար ամենակարեւոր խնդիրներից մեկի լուծմանը: Խոսքը պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի մասին է»: Ապա` նա հավելել էր. «Ի՞նչ կապ ունի սա եվրոբոնդերի հետ. մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար: Այս առումով, կարեւոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե ինչպիսի նախագծերն առավելագույնը կխթանեն երկրի տնտեսությունը: Մենք տեսնում ենք նաեւ, որ ունենք բավականին մատչելի, այդ մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ, ինչը նոր եվրոբոնդերի հնարավոր թողարկումն է: Այդ հարցն իհարկե պետք է քննարկել եւ կողմնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման ուղղությամբ»:

Ըստ Փաշինյանի՝ ամենակարեւորն այն է, որ Հայաստանում առկա է, շարունակում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրությունը, որն էլ ըստ նրա՝ հույս է տալիս, որ մենք 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը: «Այս առումով, ուզում եմ արձանագրել, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունները վերագնահատել են մեր երկրի առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսումները եւ բոլորն աճը գնահատել են ավելի բարձր, քան նախկինում: Մեզ մնում է այս ֆոնին լուծել օրենսդրական, կառուցակարգային, կառավարության արձագանքների արագության եւ արդյունավետության խնդիրները: Կարող ենք արձանագրել, որ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական հարաբերությունը՝ պատրաստ է»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:

Նոյեմբերի 18-19-ը Երեւանում կայացավ «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը, որի շրջանակում Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվեց արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ, ինչպես նաեւ հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի մասին։ Բացի այդ, Հայաստանի Պետեկամուտների եւ Իրանի Մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է փաստաթուղթ «Նախնական էլեկտրոնային տեղեկատվության համակարգի» տեխնիկական պահանջների մասին։

Վրաստանի եւ Իրանի ներկայացուցիչների հետ Հայաստանում ստորագրված փաստաթղթերով իրականացվելու է ապրանքների մասին նախնական տեղեկատվության փոխանակում, որն աշխատելու է մաքսային հսկողությունը դյուրացնելու համար։ Իրանի եւ Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթերը համագործակցելու լավ հնարավորություններ են ընձեռում տարածաշրջանային մակարդակով, համաժողովում նշել էր Հայաստանի կառավարության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ մաքսային բարեփոխումների հետ կապված ծրագրերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ առեւտրի եւ տվյալների շտեմարանների թվայնացման բարեփոխումները, քանի որ այդ ուղղությունը կարող է էական ազդեցություն ունենալ սահմանամերձ առեւտրի համակարգում արդյունավետության բարձրացման եւ ռիսկերի կառավարման առումով։ Ավինյանը նաեւ նշել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի կողմից «միասնական պատուհանի» ներդրման կարեւորությունը, ինչպես նաեւ անթուղթ սահմանամերձ առեւտրի համակարգի ներդրման հետագա պլանների մասին, այդ թվում նաեւ արհեստական բանականության հնարավորությունների օգտագործման միջոցով։

Չնայած իրականացվող քայլերին, այնուամենայնիվ, արձանագրենք, որ մարտահրավերները Հայաստանում շարունակում են մնալ՝ ինչպես ստեղծել կայուն, երկարատեւ տնտեսական աճ: Հասկանալի է, որ միայն տնտեսական այնպիսի աճի հիմքում կարելի է ակնկալել ներդրումների ու արտահանման աճ: Բացի այդ, ՀՀ կառավարության նախաձեռնած հարկային փոփոխությունները կապահովեն ակտիվություն՝ փոքր ու միջին բիզնեսում: Սա էլ, թերեւս, ամենակարեւոր հարցերից մեկն է:

2020-ն, այս առումով, վճռորոշ տարի է դառնալու Փաշինյանի կառավարության վստահության հարցում: Եկող տարին ցույց կտա, թե հռչակված տնտեսական հեղափոխության համար հիմքեր ստեղծվե՞լ են, առաջ ընթանո՞ւմ ենք, թե՞ էական բարեփոխումներն այդպես էլ տեսանելի չեն դառնում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930