ՀՖՖ գործկոմի անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեդերացիայի գործկոմի նիստին հաջորդած ԶԼՄ-ների հետ գործկոմի անդամների հանդիպումից հետո լրագրողների ասաց, որ ֆեդերացիայի հետ կապված հարցերին էլ չի պատասխանի, քանի որ ամեն բան արդեն ասվել է: Նա հորդորեց խոսել քաղաքականությունից:
Aravot.am-ը խնդրեց կարծիք հայտնել, թե ինչպես պատահեց, որ բլոգեր ներկայացած ադրբեջանցին Իտալիայում կարողացավ մտնել հայկական եկեղեցի, որտեղ այդ պահին գտնվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա վարչապետի անվտանգության ծառայության թերացում չէ՞ր: «Ես չեմ կարծում, թե նա բլոգեր էր, առավել եւս, որ տարածվել են լուսանկարներ, որտեղ նա շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Ես կարծում եմ, որ սա խոսում է հայկական կողմի պատրաստակամության եւ տեսակի մասին: Եվ այն ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանից արվում են, սա եւս մեկ փորձ էր ինչ-որ ձեւով դրանք սնուցել ներքին օգտագործողի համար, որպեսզի Ալիեւը ասի, որ իրականում իրենց երկրում բացի հայերից այլեւս ոչ մի խնդիր չկա: Ես եւս մեկ անգամ դատապարտում եմ եւ էժանագին հնարք համարում:
Պարոն Փաշինյանի անվտանգության աշխատակիցները տեղում են եղել եւ տեղում կան: Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ ընդունող կողմը պարտավոր է ապահովել պարոն Փաշինյանի եւ որեւէ այլ գործչի անվտանգությունը: Բայց ինչպես տեսաք, նաեւ մեր անվտանգության աշխատակիցները տեղում էին եւ իրավիճակը վերահսկում էին»,- պատասխանեց Ալեն սիմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ