Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, պնդում է, որ ամուսինը դեռ չի ապաքինվել, իսկ քննչական մարմնին կներկայանա, երբ հիվանդանոցից դուրս գրեն: Տիկին Բարսեղյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, քանի որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ անձանց ապօրինի կարգադրություն տալով` դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Ըստ ՀՔԾ-ի` պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ. ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն`Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Լավրենտիկ Առաքելյանն այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Սուրիկ Խաչատրյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանն էլ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասին դիրքորոշում դեռ չի հայտնում: Ըստ նրա՝ քրեական գործով դեռեւս չի ներգրավվել, ինչպես նաեւ առաջադրված քրեական հոդվածներին ծանոթ չէ:
Կարդացեք նաև
Նա միայն ասաց, որ իր պաշտպանյալը չի կարողացել գալ հարցաքննության, քանի որ հիվանդանոցից դուրս չի գրվել, համապատասխան բժշկական փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին, սակայն այդ հանգամանքը հաշվի չի առնվել ու նրան կալանավորելու մասին որոշում է ընդունվել։
Խողովակների գործով անցնում էր նաեւ Նորավան վարչական շրջանի ղեկավար Սլավիկ Պապյանը:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործով նույնիսկ ցուցմունք չի տվել. «Ցուցմունք չեմ տվել, ասել եմ՝ պարզեք, էն ես, էն իմ հանցանքի վայրը, եթե, իրոք, տեղյակ եմ, տարեք դատեք: Տարիներով հարցաքննեցին տարբեր մարդկանց, բան չգտան: Այդ խողովակները ես չեմ էլ տեսել, այսինքն, որն է իրականությունը, չեմ կարող ասել: Ես ընտրվել եմ այդ խողովակները չեն եղել, չեմ ընդունել, չեմ հանձնել, ես այդ ժամանակ գյուղում չեմ էլ եղել, որ մի բան լսեի: Այն, ինչ հիմա ասվում է, թե Սուրիկ Խաչատրյանը կարգադրել է հանել, տանել…չեմ կարող մեկնաբանել, ոչ լսել եմ, ոչ՝ տեսել»,- ասաց Սլավիկ Պապյանը: Նա ասաց, որ իրեն նախորդող Լավրենտիկ Առաքելյանից էլ երբեւէ չի հետաքրքրվել՝խողովակների մասին:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, պնդում է, որ ինքը խողովակ ոչ վերցրել է, ոչ էլ տեսել, իսկ մյուս եղբայրը 3-4 տարի առաջ է մահացել ու դժվար թե այդ ամենի հետ կապ ունենա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ