«Ես նման հայտարարություն չեմ արել: Ես ասել եմ հետեւյալը: Երբ այս տարվա մայիսին, երբ մենք թումանյանական մրցույթ կազմակերպեցինք, Արայիկ Հարությունյանը հոժարակամ դիմել էր բոլոր դպրոցներին, որպեսզի մասնակցեն: Դրանից հետո ողջ հանրապետությունում միայն մենք ստեղծեցինք «Թումանյան 150» հուշամեդալը, որը 25 հոգու շնորհվեց այդ գործում: Պարգեւատրվածների թվում էր նաեւ նախարարը: Գործակցեցինք, թերթերը գրեցին…Այսօր սիրուն չի լինի, որ մեր ուսանողները միանան նրա հրաժարականի պահանջին»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդների կասկածին, թե Հյուսիսային համալսարանի ռեկտորը ճնշումներ է գործադրել իր ուսանողների հանդեպ, որոնք միացել են նստացույցին, ապա՝ հրաժարվել այլեւս մասնակցել, ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը:
«Բայց մեր ուսանողները լրացուցիչ նաեւ պահանջում եւ գտնում են, որ պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար, ինչը կնպաստի մեր կրթության եւ գիտության զարգացմանը: Ես նրանց ասել եմ՝ եթե գնում եք ցույցի, այն մյուս պահանջները, որ դնում եք՝ հայոց լեզվի, գրականության, պատմության, կինոների հարցը, ընդգծեք, որ դուք նաեւ առաջարկում եք, որ բուհերում քաղաքացիների կրթությունը լինի անվճար, ինչպես Խորհրդային միությունում էր: Այսօր այդ փորձը կիրառում են Եվրոպայի եւ սկանդինավիայի մի շարք երկրներ: Հիմա մենք էլ ունենք այդ հնարավորությունը»,-նշեց Բորիս Մակիչյանը:
Նա տեղեկացրեց՝ նախարարի հրաժարականի պահանջը փոխարինվելու է անվճար կրթության պահանջով. «Այստեղ սուբյեկտիվ բան կա: Նախարարի հետ մենք, ինչպես նշեցի, համատեղ գործունեություն ենք իրականացրել: Արայիկ Հարությունյանը նպաստել է, որ դպրոցները մասնակցեն «Իմ Թումանյանը» մրցույթին: Ամիսներ առաջ նախարարի հետ գործակցես, նա քեզ օգնի, դու նրան հուշամեդալ տաս, իսկ այսօր մեր ուսանողները գնան նախարարի հրաժարական պահանջե՞ն…դա նույնն է, որ իմ հրաժարականն էլ պահանջեն: Եթե կուզեն, թող անեն»: Մեր նկատառմանն ի պատասխան՝ «տվյալ կրթական ծրագրի շուրջ գործակցության եւ հուշամեդալ տալու փաստը բավարար է, որպեսզի ուսանողները նախարարի հրաժարական չպահանջե՞ն», Բորիս Մակիչյանն ասաց. «Հարմար չի, որ մերոնք պահանջեն, դա կարելի է շրջանցել: Մեզանից բացի, երկրում հիսուն բուհ կա: Պարզապես կոռեկտ չէ, ճիշտ հասկացեք, սիրուն չի լինի: Մակիչյանը պարգեւատրել է նախարարին, իսկ այսօր նրա բուհը նախարարի հրաժարական պահանջի…Սա զուտ ձեւական կողմ է: Հիսուն բուհ կա, այդ բուհերի ուսանողները վերաբերմունք չունե՞ն նախարարի հետ կապված: Իսկ ես անձամբ նրանով հիացած չեմ, բայց այդ փաստը, որ կա, հիմա հարմար չեմ գտնում, որ, օրինակ, «Կրթություն» թերթը ցույց տա մեր ուսանողների հրաժարականի պահանջը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ