Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը դեռ հունիսի 21-ին կարգապահական տույժի էր ենթարկել պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Խորիկյանին՝ իր հանձնարարությունները չկատարելու պատճառաբանությամբ։
Հովհաննես Խորիկյանն Aravot.am-ին դժգոհել էր, որ Երվանդ Սերոբյանի հանձնարարականը իր լիազորություններից դուրս է․ իրենից պահանջվել է գործավարի ու լաբորանտի պաշտոնների անձնագրերի նկարագիրը, որը, սակայն, ամբիոնի վարիչի գործառույթների մեջ չի մտնում, դրանով պիտի զբաղվի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննես Խորիկյանի, պաշտոնի անձնագիր գրելու համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ հմտություններ ու կարողություններ, իրավաբանական գիտելիքներ, համապատասխան վերապատրաստումներ անցած լինել։ Նա զեկուցագիր էր ներկայացել՝ նշելով, որ չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է մեկ ուրիշի աշխատանքը ինքը կատարի, իսկ իրենք աշխատավարձ ստանան։
Ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն էլ իր հերթին Aravot.am-ին պարզաբանել էր, որ իր պահանջն օրինական է․ ստորաբաժանման ղեկավարին իր իրավասությունները գերազանցող պահանջ չեն ներկայացրել, և որ Հովհաննես Խորիկյանից գործավարի պաշտոնի անձնագիր չեն պահանջել։ Նա նշել էր, որ ըստ հաստիքացուցակի, պատմության ու փիլիսոփայության ամբիոնն ունի գործավար, իսկ ամբիոնի գործավարը չի կարող չհամարվել ամբիոնի վարիչի աշխատողը ։
Կարդացեք նաև
Ինչևէ, Հովհաննես Խորիկյանը դատի էր տվել Երվանդ Սերոբյանին։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Հարությունյանի նախագահությամբ բավարարել է Հովհաննես Խորիկյանի հայցն ու անվավեր ճանաչել կարգապահական տույժի ենթարկելու մասին ՇՊՀ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի թիվ 87 հրամանը (տես փաստաթղթում)։
Դատարանը որոշել է նաև որպես պետական տուրքի գումար՝ ՇՊՀ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4000 դրամ, պետական բյուջեից Հովհաննես Խորիկյանին վերադարձնել գործով ավելի վճարված պետական տուրքի 4000 ՀՀ դրամ գումարը և Շիրակի պետական համալսարան հիմնադրամից հօգուտ հայցվոր Հովհաննես Խորիկյանի բռնագանձել 70 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ