Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքի սայթաքումներից են կառչում…արդյոք ճի՞շտ էր, որ վարչապետը Նժդեհին էդպես մեծարեց». Հովհաննես Հովհաննիսյանը՝ Փաշինյանին ուղղված ամոթանքների մասին

Նոյեմբեր 21,2019 17:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին ու ասել. «Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է Սարդարապատի ճակատամարտից սկսած, երբ այդ հերոսամարտի արդյունքում 1918թ. հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Այդ հերոսամարտին մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանը, նրանք միասին մարտնչել են իրենց հայրենիքի համար»:

Այս առնչությամբ նժդեհականները, նախկին իշխանության ներկայացուցիչները եւ մասնավորապես ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ամոթանք են տալիս Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Ամո’թ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա։ Նիկոլն անտանելի է դառնում եւ խայտառակում «ռեսպուբլիկան»: Ասեմ իմացիր, պարոն վարչապետ։ Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ, որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին… Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, փոխարենը մասնակցել եւ եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը»:

Շարմազանովը հորդորել էր սովորել մեր ազգի պատմությունը ու ասել՝« Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԿԳՆ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Տարիներ շարունակ, որ Հայոց պատմությունը պարտադիր էր բուհական ծրագրում, արդյոք բոլորը այդպես լավ տիրապետո՞ւմ էին հայոց պատմության բոլոր մանրամասներին: Իհարկե, ոչ: Ես ամեն օր շփվում եմ ուսանողների հետ, տարրական բաներ կան հայոց պատմությունից,որ չգիտեն: Ինքս, երբ բուհում սովորում էի, իմ հիմնական գիտելիքները բերել էի դպրոցից, իհարկե, ունեցել եմ հայոց պատմության հոյակապ դասախոս: Դպրոցը հիմա 12-ամյա է ու հնարավորությունը մեծանում է, որպեսզի դպրոցը դա անի: Դպրոցում հնարավոր է անցնել որոշ առարկաները եւ այդ կրեդիտները տեղափոխել բուհ, որեւէ սարսափելի բան դրանում չկա, ընդունված միջազգային ձեւ է: Թողնում է այդ որոշումը բուհին, ապակենտրոնացնում է այդ որոշումը»:

Հարցին՝ Նժդեհի մասով ի՞նչ կասեք, չկա՞ այդտեղ անգրագիտություն՝ Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Միշտ ասում ենք՝ Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, շատ երեխեքի հարցրեք՝ Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, շատերը կարող է տարբերությունը չիմանան: Ղարաքիլիսան որ հարցնես որտե՞ղ է, չեն իմանա Վանաձորն է: Սրանք նյուանսներ են, դետալներ են»: Մեր դիտարկմանը, որ խոսքը տվյալ դեպքում «երեխեքի» մասին չի, վարչապետի մասին է, որը ԶԼՄ-ների առաջ հայտարարություն է անում՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Խոսքը նրա մասին է, որ լայն իմաստով ինչ-որ նյուանսներից են փորձում կպնել, մեծ գաղափարական քննադատություն չի լինում: Ես կուզեի գաղափարական քննարկումներ լինեին: Խոսքի  սայթաքումներից են կառչում, ինչ-որ փոքր դետալներից են խոսում, էդքան էական չեն: Արդյոք ճի՞շտ էր, որ վարչապետը Նժդեհին էդպես մեծարեց, էդ մասին խոսեց, գաղափարական իմաստով ճի՞շտ էր այդ ամբողջը, էդ մասը թողած՝ անցնում ենք՝ ոչ թե էստեղ էր, այլ՝ էնտեղ էր: Հա, Գարեգին Հովսեփյանց ապագա կաթողիկոսն էլ էր Սարդարապատում, մնացածն էլ էին Սարդարապատում, ես, որպես կրոնագետ, այդ դետալները գիտեմ, բայց մարդիկ կան, ովքեր…հիմա գնացեք կենսաբաններին հարցրեք՝ գիտե՞ն էդ բոլոր նյուանսները, մանրամասները, չէ՛»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930