«Գրիգորյանի գործով փաստաբաններն, ըստ էության, դարձել են կամիկաձեներ»,-«Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լև Գրուպ փաստաբանական ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանը:
Խոսելով Նազիկ Ամիրյանի եւ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատական վերջին զարգացումների մասին՝ Լևոն Բաղդասարյանն ասաց. «Բարձրաձայնում ենք առերևույթ արդարադատության, բարձրաձայնում ենք բոլոր անօրինականությունների մասին, որ իրականացվում է սույն քրեական գործի շրջանակում և արդյունքում ունենում ենք վայ արդարադատություն»:
Հիշեցնելով, որ ամեն դատական նիստին իրենք միջնորդություն են ներկայացնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, որը մերժվում է դատարանի կողմից, նա նշեց. «Դատարանը հիմնավորում է, թե այդ հիվանդություններն այնպիսիք չեն, որ անձը կալանքից դուրս գա և կարող է կալանքը կրել: Մյուս դեպքում դատարանը հրաման է արձակում հիվանդին բերել դատարան, բերում ենք՝ բժշկի ուղեկցությամբ դատարան, որոշ ժամանակ անց ահազանգում ենք, որ վատթարացում է գնում առողջության հետ կապված, հետ են տանում հիվանդանոց: Հետո էլ ասում է դատարանը, թե այնքան ծանր է վիճակը, որ մյուս նիստին որոշելու եմ, որ նրա մասը պետք է առանձնացվի: Փաստորեն, մի դեպքում բարձրաձայնում է, որ հիվանդություններ այնպիսին են, որ կալանքը կարող է շարունակել, մյուս դեպքում ասում է, որ հիվանդությունն անգամ չի կարող ֆիզիկապես մասնակցություն ապահովել դատական նիստին ու իր մասը պետք է անջատել: Ահա այն արդարադատությունը, որ այս նոր Հայաստանում իրականացվում է»:
Ըստ փաստաբանի՝ դատարանը խնդիր է դրել իր առաջ իրականացնել վայ արդարադատություն, հանրությանը ցույց տալ այն ցուցանիշները, որը ցույց տվեց նախաքննական մարմինը:
Կարդացեք նաև
Լևոն Բաղդասարյանը վրդովվեց, թե այսօր իրավապաշտպանները բան ու գործ, իրենց հիմնական գործը թողած պայքարում են տոտալ անարդարության դեմ, որի կրողը դատական իշխանությունն է և երկրի բարձրագույն իշխանությունը:
Լևոն Բաղդասարյանը, հիշեցնելով Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի հետ կատարվածը, ասաց. «Հոգնել ենք արդեն բարձրաձայնելուց, որ տոտալ խոշտանգում է տեղի ունենում: Նախորդ դատական նիստին դուք ականատես եղաք նման դաժան վերաբերմունքի ՀՀ-ում. հիվանդ անձին անկողնուց հանեցին բերեցին, երկու րոպե էլ չկարողացավ դիմանալ այնպիսի վատթարացում էր գնում, որ անգամ արհեստական շնչառությունը չէր բավարարում: Սա՞ էինք ՀՀ-ում մենք ուզում: Վարչապետի երեկվա ասածը պետք է դրոշակ լինի բոլորի համար: Այսինքն՝ այն իշխանությունը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է ժողովրդի համար և անհապաղ պետք է հեռանա: Դա վերաբերում է բոլորին՝ այդ թվում դատական իշխանությանը»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի հետ կատարվող անարդարությունների մասին տեղյա՞կ է Նիկոլ Փաշինյանը, նրան դիմե՞լ է, փաստաբանը պատասխանեց. «Ոչ դիմել եմ, ոչ էլ նման ցանկություն ունեմ: Նա զբաղված մարդ է. պատկերացնո՞ւմ եք յուրաքանչյուրն առանձին դիմի, ուղղակի ֆիզիկապես չի կարող»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ