«Սերժ Սարգսյանի ելույթը երկրի խնդիրներով անհանգիստ, պատասխանատվության բարձր գիտակցությամբ, նաեւ՝ ցավով եւ սիրով հագեցած ելույթ էր»,- ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը:
– Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ինչպե՞ս եք գնահատում: Այն ուղղված էր նաեւ Հայաստանի հասարակությանը, բայց միանշանակ չի ընկալվում, թե ինչո՞ւ պաշտոնաթող նախագահը իր խոսքը հնչեցրեց դրսում:
– Սերժ Սարգսյանի ելույթը երկրի խնդիրներով անհանգիստ, պատասխանատվության բարձր գիտակցությամբ, նաեւ՝ ցավով եւ սիրով հագեցած ելույթ էր, նա հերթական անգամ ապացուցեց, որ երբեք անտարբեր չի կարող լինել մեր պետության եւ պետականության անվտանգության հարցերին եւ մշտապես փորձելու է օգտակար լինել ։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ դրսում. այդ ելույթը հնչեց եվրոպական երկրները համախմբող քաղաքական ուժերի միավորում կուսակցության համաժողովում։ Իսկ սա շատ բարձր ամբիոն է, բոլոր կողմերից տեսանելի եւ ավելի շատ ներս է, քան դուրս։
– Իշխանական պատգամավորները իրենց քննադատություններում նկատում են, որ առավել գերադասելի էր Սերժ Սարգսյանի լռությունը, քան խոսելը եւ անել հայտարարություններ, որոնք ապացուցում են այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը շարունակում է կտրված մնալ իրականությունից, մասնավորաբար, անվտանգային խնդիրների եւ Արցախի բանակցությունների մասով:
Կարդացեք նաև
– Եթե իշխանականները տվել են այդպիսի գնահատական, ուրեմն իրենց ինքնագնահատականն են ներկայացրել, որովհետեւ, իշխանափոխությունից անմիջապես հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունը վերցրածներն են կտրված իրականությունից եւ անվտանգության հարցերը նրանց համար շատ բարդ են/վերհիշեք իրենց վարչապետի տարբեր հայտարարությունները/, քանզի խելքները չի հասնում, ուստի, լավ կանեն ուշադիր, տող-առ տող նորից լսեն ելույթը եւ, եթե ունակ են հետեւություններ անեն, ոչ թե հերթական պոպուլիզմի չափաբաժինը արտանետեն, որն այլեւս չաշխատող գործիքակազմ է։
– Սերժ Սարգսյանի այդ ելույթը կարե՞լի է ընկալել իբրեւ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ:
– Իսկ մի՞թե Սերժ Սարգսյանը հեռացել էր քաղաքականությունից։ Նա մեծ կուսակցության ղեկավար է, ամենաակտիվ ընդդիմադիր արտախորհրդարանական ուժի ղեկավարը, ո՞նց կարող էր դուրս լինել քաղաքականությունից։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լուսանկարը՝ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից: