Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի հերթական հյուրին` Գագիկ Շամշյանին ներկայացնելու կարիք չկա: Բոլորն են նրան ճանաչում: Խոսելով մանկության տարիների մասին` Գագիկն ասում է, որ երեխա ժամանակ երազում էր մանկատան տնօրեն դառնալ, քանի որ մանկատան սան է եղել եւ ապրել է մի քանի` Գավառի ու Նուբարաշենի մանկատներում. «Ունեցել ենք եւ լավ, եւ վատ տնօրեններ: Վատ տնօրենին ես նմանեցնում էի Շառլ Պերոյի «Կապույտ մորուքը» պատմվածքից հայտնի հերոսի` Կապույտ մորուքի հետ…Բայց նաեւ ունեցել ենք լավ տնօրեն, ինչպես Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, որը մեծ մարդ էր, Նուբարաշենի տնօրեն Ենգիբարյան Մերուժին էլ կհիշեմ…Փոքր ժամանակ միշտ ասում էի` դառնամ մանկատան տնօրեն, ընկեր Նալբանդյանի նման աշխատեմ, բայց հիմա ասում եմ` ինչ լավ է, որ մանկատան տնօրեն չեմ, երազում եմ, որ աշխարհում էլ մանկատներ չլինեն, բայց հասկանում եմ, որ կյանք է, առանց նման հաստատությունների հնարավոր չէ»:
Նա իր կյանքի ամենատպավորիչ դրվագներից մեկը համարում է Երուսաղեմ գնալը ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, տեր Հակոբի ու տեր Տիրանի ուղեկցությամբ: «Չեմ ասի, թե իդեալական եմ, ինչպես ցանկացած մարդ, ունեմ թերություններ, գործել եմ ու գործում եմ մեղքեր, բայց Երուսաղեմի Հորդանան գետում մկրտվելուց հետո, որտեղ մկրտվել է փրկիչը` Հիսուսը, ինձ համար շատ բան է փոխվել, ինչը բառերով արտահայտել հնարավոր չէ…Դրանից հետո շատ եմ սկսել վախենալ Աստծո դատաստանից, Աստծուն սիրում եմ, բաց դատաստանից վախենում եմ»,-ասում է ճանաչված լուսանկարիչը:
Գագիկ Շամշյանն ասում է, որ կյանքում շատ հիասթափություններ ու ուրախություններ է ունեցել: Հիշում է, թե ինչպես իր բանաստեղծությունները տպագրվեցին «Պիոներ կանչում», երբ ինքը Նուբարաշենի մանկատան սան էր. «Ճիշտն ասած, երբ իմ լուսանկարով 4 բանաստեղծությունները տպագրվեցին, ես թերթը համբուրում էի…»: Ասում է` դրանից հետո հակվեց դեպի լրատվական դաշտ, նաեւ նշում է այն խմբագիրների ու լրագրողների անունները, որոնք մեծ ներդրում են ունեցել իր կայացման գործում: Ասում է՝ լրագրողի մկրտությունը մեռոնի նման բան է, նեղսրտում է, երբ ոմանք ուրանում են լրագրողական «կրոնը»: Շեշտում է` Արամ Աբրահամյանից, Աննա Իսրայելյանից, Մեսրոպ Հարությունյանից, Աշոտ Մելիքյանից ու մյուսներից շատ բաներ է սովորել, այլ նախկին եւ գործող լրագրողների անուններ էլ է տալիս, այդ թվում` Շողեր Մաթեւոսյանի, Ռուզան Մինասյանի, Արմինե Օհանյանի, Հայկ Գեւորգյանի, Մարգարիտ Եսայանի, Նաիրա Զոհրաբյանի: Ափսոսում է, որ ոմանք քաղաքականություն գնացին: Ճանաչված լուսանկարիչներից առանձնացնում է Մելիք Բաղդասարյանին ու Սամվել Սեւադային, ասում է՝ նրանցից շատ բան է սովորել:
Կարդացեք նաև
Նաիրա Մամիկոնյանին էլ հիշեց, ում միջոցով ծանոթացել է «Առավոտի» աշխատակազմի հետ, ցավում է երկու հոգու` Նաիրա Մամիկոնյանի ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հեռանալու համար:
Ամենաթանկ նվերը համարում է մկրտությունը Հորդանան գետում: Վստահեցնում է, որ Երուսաղեմից օծված մոմեր ու խաչեր է բերել եւ դրանք տարել մանկատներ ու նվիրել երեխաներին, մի մասն էլ Ապրիլյան պատերազմի օրերին տարել է մարտական դիրքեր: Նաեւ հավելում է, որ երբ վթարներ է նկարում, այդ մոմերից տանը վառում է զոհվածների հոգու հանգստության համար:
Հարցրինք նաեւ, թե երբ է անձնական կյանքը դասավորելու, որովհետեւ տպավորություն է, թե «ամուսնացել» է լուսանկարչական սարքի հետ: «Ճիշտն ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակն է: Հաճախ, երբ լրագրողները սրտով «խրվում» են այս գործի մեջ, մոռանում են անձնականի մասին, խոսքը, իհարկե, որոշ դալալ լրագրողների մասին չէ, հալալ լրագրողների մասին է»,-ասում է Շամշյանը:
Նրանից տեղեկացանք, որ Ապրիլյան պատերազմից հետո ամեն Նոր տարի զինվորների մոտ է անցկացնում: Պատմում է, թե ինչպես էր գնում Արցախ զինվորներին նկարելու, աշխատում էր, որ նրանց ծիծաղեցնելով նկարի, որ ծնողները, հարազատները նրանց ժպտալիս տեսնեն: «Բազմաթիվ նամակներ ունեմ պահված, այդ թվում` ֆեյսբուքյան, հեռախոսազանգով էլ խնդրանքներ եմ ստացել…Ծնողներն ասում էին` մեր երեխեքից խաբար չունենք….Զինվորներին նկարում էի ու հրապարակում էի դեմքերը, ծնողները զանգում, շնորհակալություն էին հայտնում, ասում էին` նկարը տեսանք, հանգստացանք, որ ողջ առողջ է, մատաղ ենք անում, քեզ հրավիրում ենք: Տատիկներ կային, զանգում էին, ասում էին, այ Գագո ջան, իմ թոռին ինչի չես նկարում, այսինչ զորամասում է… Գնում, գտնում էի, որ նկարեմ…Ինձ շատ օգնում էին Դավիթ Բաբայանը, Էդիկ Բաղդասարյանը: Ես Էդիկ Բաղդասարյանից էլ շատ բան սովորեցի, թե ինչպես պետք է աշխատել պատերազմական իրավիճակում: Մարդիկ կային, գալիս սելֆի էին անում տանկի հետ, ես զինվորներին էի նկարում…Ասում էի, այ մարդ, տանկն էլ մեռնի, դու էլ մեռնես, եկել ես տանկ նկարելո՞ւ, թե՞ մարդ…»:
Aravot.am-ի հարցին ի պատասխան` իրեն հաջողակ համարո՞ւմ է, Շամշյանը պատասխանում է, որ իրեն ճանաչողները պետք է ասեն: Քիչ անց էլ հավելում է` մեջբերելով Համո Սահյանի հայտնի բանաստեղծության տողր. «Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է»: Շեշտում է. «Թերություններ էլ ունեմ, իսկ ո՞վ չունի…Ով կասի, ինքը թերություն չունի, ուրեմն ինքը մարդ չի, ռոբոտ է…»:
Գագիկ Շամշյանն ասում է, որ երբեք չի մտածել Հայաստանից հեռանալու մասին: Հիշում է, որ միայն փոքր ժամանակ, երբ մանկատանը նեղվել է, երբ ծեծել են իրեն, մտածել է. «Տեսնես որտե՞ղ է Ակռավաքարը, գնամ Մհերի դուռը ծեծեմ՝ ինձ ներս ընդունի…Խնդրեմ, ասեմ` կլինի՞ մնամ քո մոտ էնքան, մինչեւ աշխարհը զուլալվի, հողը ոտքիս տակ ամրանա…Էնպես որ, Հայաստանից էն կողմ ես ինձ չեմ պատկերացնում»:
Մեր զրուցակիցը հավելում է, որ ամեն գիշեր քնում է Տիգրան Մանսուրյանի երաժշտության հնչյունների ներքո, իսկ կողքին միշտ Մանուկների Աստվածաշունչն է, Նարեկը եւ Գրիմ Եղբայրների հեքիաթները: «Կարող է տարօրինակ թվալ, բայց կասեմ` ես երբ ժամանակ եմ ունենում, հիմա էլ Գրիմ Եղբայրների հեքիաթները կարդում եմ, կարող է անընդհատ նույն հեքիաթը կարդամ, ասենք՝ քնելուց առաջ»,-ասում է նա: Չի թաքցնում, որ մինչեւ հիմա Վանո Սիրադեղյանի արեւով է երդվում. «Տարիներ անց մեր ազգը իսկապես կգնահատի Վանո Սիրադեղյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Սարգսյանին… »:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի ֆեյսբուքյան էջից
Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ավագյանի: