Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պիպոյան. «Ճիշտ կլիներ` վարչապետը, որպես սուրճ խմող, նախ նախարարություններից սկսեր»

Նոյեմբեր 21,2019 17:38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իտալիայում արած այն հայտարարությունը, թե Հայաստանում գիտական գործունեությունը վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն, առաջացրել է գիտական շրջանակների վրդովմունքը: Շատերը ֆեյսբուքում ֆլեշմոբ են սկսել #Կոֆե եմ_խմում հեշթեգի ներքո: Նրանցից մեկն էլ երիտասարդ գիտնական, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն է:

Aravot.am-ը հաջողակ եւ արդյունավետ աշխատող գիտնականին խնդրեց մեկնաբանել վարչապետի արտահայտությունը: «Ես կարծում եմ, որ վարչապետին սխալ են զեկուցում, որովհետեւ նա չի եղել գիտական հիմնարկներում: Եթե ինքը այցելած լիներ գիտական հիմնարկներ, կամ եթե չափված լիներ նրանց աշխատանքի արդյունավետությունը, դրանից հետո նոր նման արտահայտություն արվեր, ես կարող էի ասել, որ դա փաստերի վրա հիմնված, տրամաբանական եզրահանգում է:

Ինքս առնվազն ամեն օր շփվում եմ իմ գործընկերների հետ եւ հարցնում եմ` արդյոք վարչապետն այցելե՞լ է իրենց ինստիտուտներ: Բնականաբար բոլորը շեշտում են, որ որեւէ այցելություն չի եղել, իսկ դա նշանակում է, որ վարչապետի ասածները որեւէ հենք չունեն: Եթե ավելին ասենք ու գնանք ժողովրդին հարցնենք, ապա որպես այդպիսին, սուրճ խմող կառույցներ, դիտարկվում են պետական կառավարման օղակները: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե վարչապետը որպես սուրճ խմող` առաջին հերթին սկսեր նախարարություններից, որտեղ աշխատավարձերն առանց արդյունավետության չափման մի քանի անգամ բարձրացվել են եւ խոսք է գնում միլիոնուկեսի մասին:

Ինչ վերաբերում է գիտության ոլորտին, նրան հատկացված ամբողջ տարվա բյուջեն կառավարության խրախուսումների ֆոնդին հավասար գումար է, եւ արդարացնել, որ գումար չենք տվել, որովհետեւ գիտական հաստատություններում սուրճ են խմում, ես համարում եմ առանց որեւէ հենքի հայտարարություն անել»,-տարակուսանք հայտնեց Դավիթ Պիպոյանը:

Սննդագիտության դոկտորն ընդգծում է, որ կամայական հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնել դրա` հետագայում ունենալիք ազդեցությունը, որովհետեւ ի վերջո գործ ունենք հանրային հեղինակություն վայելող անձի հետ: «Պատկերացրեք` նմանատիպ հայտարարություն անելուց հետո ինձ ասեն, թե դու գիտես, որ սուրճ խմող չես, ինչո՞ւ ես վիրավորվում: Իսկ ես վիրավորվում եմ նրա համար, որ ընդհանուր հայտարարություն է արվել, ինչը չի կարելի: Դա նույնն է, որ մենք այսօր գործադիրում եւ օրենսդիրում գտնենք մի նախկին թալանչի կամ վատ հեղինակություն ունեցող մի մարդ եւ դա տարածենք բոլորի վրա: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ցավագին կընդունվի եւ գործադիրում ու օրենսդիր մարմնում ինչպես կարձագանքեն այս հայտարարությանը:

Պետք է տարբերակել գիտնականներին, որովհետեւ մենք ունենք շատ առաջատար, խոշոր դրամաշնորհներ շահած ինստիտուտներ, աշխարհի լավագույն պարբերականներում տպագրված հեղինակներ: Եթե հայտարարության բովանդակությունն այնպիսին լիներ, որ Հայաստանում կան ինչպես աշխատող, դրամաշնորհներ հաղթող ինստիտուտներ, այնպես էլ նրանց կողքին` ոչ բավարար աշխատող ինստիտուտներ, այն սոցիալական դժգոհությունը, որը ֆեյսբուքում կա, չէր առաջանա:

Ես իմ ուսանողներին, որոնք գնում են արտասահմանում, նաեւ նույն Իտալիայում սովորելու, որի հետ համագործակցության ծրագիր ենք անում, միշտ ասում եմ, որ պետք է երկրի դեսպան լինեք, երեխաների հետ նախապես աշխատում եմ, որ իրենք շատ բարձր մակարդակով ներկայացնեն մեր երկիրը: Այս տարի եւս բազմաթիվ միջազգային ելույթներ ենք ունեցել, որտեղ բոլորն ապշել են, որ Հայաստանի նման ցածր ֆինանսավորվող գիտությունը կարող է նման աշխատանքներով հանդես գալ, էլ չասեմ երեխաների եւ մասնագետների անգլերենի եւ լեզվական հմտությունների, շնորհանդես անելու կարողությունների մասին: Ու այս ամենի կողքին մեկ էլ պետական բարձր պաշտոնյան հայտարարում է, որ Հայաստանում, երբ ասում ենք գիտություն, հասկանում ենք, որ առավոտյան գնում են սուրճ խմեն ու գնան տներով»,-նշեց սննդագիտության դոկտորը:

Դավիթ Պիպոյանը շեշտում է, որ չի կարելի նման հայտարարություններով հանդես գալ, այն էլ արտասահմանում: Նրա խոսքերով, այլ բան է, եթե նման հայտարարություն հնչեր փակ քննարկման ժամանակ եւ կոնկրետ անուններ բարձրաձայնվեին, թե չէ ստացվում է շատ գիտնականներ ու գիտական կառույցներ անձնվիրաբար աշխատում են Հայաստանում, բարդ հետազոտություններ են իրականացնում դրամաշնորհային ծրագրերով, առանց պետական ֆինանսական օժանդակության, եւ ոչ թե գնահատվում են, այլ վիրավորական արտահայտություններ ստանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930