Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ կառավարության շենքի մոտ. իրացման գոտու բնակիչներն ասում են՝ հեղափոխությունից հետո էլ իրենց խնդիրը չի լուծվում

Նոյեմբեր 21,2019 17:05

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում իրացման գոտու՝ Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյան փողոցի բնակիչները։ Նրանք պահանջում են կրկին չափագրել իրենց տները, որից հետո իրենց տրամադրեն սեփականության նոր վկայականներ:

Եկմալյան փողոցի բնակիչները պահանջում են իրենց իրացված բնակարանների դիմաց փոխհատուցումը:

Կոնդ թաղամասի բնակիչներն էլ մտահոգություն հայտնեցին, որ եթե այդ տարածքում, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կառուցապատում լինի եւ իրենց տները ապամոնտաժվեն, բնակիչներին՝ տեղափոխեն, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։ Նրանք վստահեցրին՝ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ բակային տարածքները հաշվի չեն առել, իսկ բուն տների մակերեսը փաստաթղթերում սխալ է գրված։

Տերյան 25 շենքի բնակիչ Մելինե Նավասարդյանի խոսքով. «2007 թվականից գերի ենք գերակա շահի ձեռքը: Դատարանների ձեռքին կրակն ենք ընկել: Մինչեւ հեղափոխությունը, երբ գնում էինք դատարաններ, վճիռ էին կայացնում ի վնաս մեզ, մեզ ասում էին՝ մենք ձեզ հասկանում ենք, ձեր տներն են, ափսոս է դուրս գաք: Որովհետեւ ստուգված է՝ ամուր շենք է, վթարային չէ: Եվ դատավորն ինձ ասում էր՝ ափսոսում եմ, բայց մենք ո՞ր երկրում ենք ապրում, ու վճիռը կայացնում էին ի վնաս մեզ, հօգուտ Սամվել Մայրապետյանի: Հեղափոխությունից հետո մեզ մոտ հույս արթնացավ, մտածում էինք, որ կարող է մեր շենքի հարցը կլուծվի: Մարդկանց մի մասը դուրս եկավ, որովհետեւ գումարի կարիք ունեին: Ու մեզ ուզում են չնչին գումարով հանել մեր բնակարաններից: Մենք շենքը գերակա հանրային շահ չէ, մեր շենքի տեղն ուզում են հյուրանոց կառուցել ու իրենք հարստանան: Զանգել եմ, ճշտել, էդ հատվածում 1 քմ-ն սկսում է 3200 դոլարից, այն էլ առանց վերանորոգման: Մեզ կոպեկներ են տալիս:

Մենք առաջարկում ենք մեր շենքը գեղեցկացնեն, թողնեն մենք ապրենք: Մեր դատերը շարունակվում են, մենք դատարաններում էլի առաջարկություններ ենք անում, ասում ենք՝ եթե մեր շենքը պետք է անպայման քանդվի, մեզ փոքր կենտրոնում տվեք բնակարաններ: Հիմա մեզ դատավորները մարդու տեղ են դնում, իսկ առաջ տենց չէր, արհամարհական էին, բայց մեկ է, չգիտենք՝ վերջում ինչ կլինի: Մենք ուզում ենք վերացնեն այդ գերակա շահը»:

Ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ վարչապետը շատ լավ տեղյակ է այս խնդրից, սակայն ոչինչ չի արվում. «Երբ Փաշինյանը ընդդիմադիր էր, մենք հանդիպել ենք իր հետ, պատմել ամեն ինչ: Իմ գրած դիմումը վարչապետին չի հասնում, դիմումների բաժնից նամակը գնում է քաղաքապետարան, քաղաքապետարանից գնում է ԾԻԳ, ԾԻԳ-ից՝ ԺԵԿ, ԺԵԿ-ից պատասխան է գալիս Փաշինյանի անունով: էս է ամբողջը: Խնդրի լուծումը չկա, վարչապետին ինֆորմացիա չի հասնում, ինֆորմացիան ուրիշ տեղ է գնում: Ասում են՝ սպասեք դատական վճիռը լինի, բայց որ դատական վճիռը լինի, մեզ էլ ոչ մի բան պետք չի, շնորհակալություն կհայտնենք, մեր դռները կփակենք կհանձնենք, կթողնենք կգնանք»:

Բողոքի ցույցի մասնակիցներին հետ հանդիպեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Էդուարդ Ավագյանը: Բնակիչները նրան ներկայացրեցին խնդիրը եւ հորդորեցին՝ հանկարծ նորից քաղաքապետարան չուղարկեն գործերը:

Էդուարդ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը բնակիչների եւ Աղաջանյանի հետ հանդիպմանը ներկա է եղել, եւ Աղաջանյանը հանձնարարական էր տվել Կոնդի խնդրի լուծման առնչությամբ. «Հիմա որ ասում են՝ 6 ամիս է հետաձգվել է, ես տեղյակ չեմ: Ես բնակիչներին ասացի՝ երկուշաբթի օրը անպայման տեղյակ կպահեմ Կոնդի հետ կապված: Բայց որ հրահանգավորումը եղել է, դա փաստ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930