Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ քաղաքական կյանքից անտեղյակ մարդու խոսք էր». Արփի Դավոյան

Նոյեմբեր 21,2019 16:33

«Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ քաղաքական կյանքից անտեղյակ մարդու խոսք էր: Ինչպես մոտ երկու տարի առաջ ասվեց, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, Սերժ Սարգսյանը շարունակում է իրավիճակին չտիրապետել. ընդհանրապես տեղյակ չէ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից եւ ես կարծում եմ, որ այն մարդն, ով գրել է այդ տեքստը, ոչ մի լավություն չի արել Սերժ Սարգսյանին՝ նման տեքստ գրելով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն՝ անդրադառնալով երեկ ԵԺԿ համաժողովում հնչած ելույթին:

«2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի: Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել: Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»,- մասնավորաբար, ասել էր նախագահ Սարգսյանը:

Արփի Դավոյան

«Շատ անհաջող ելույթ էր եւ տասը տարի պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդու համար բավականին ոչինչ չասող ելույթ էր»,- կարծում է իշխող ուժի պատգամավորը: Հետաքրքրվեցինք՝ օրինակ, ինքն ի՞նչ էր ակնկալում լսել տասը տարի երկիրը ղեկավարած մարդուց, ի՞նչ էր ցանկանում լսել, որը Սերժ Սարգսյանը չասաց: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանից առանձնապես ոչինչ էլ չեմ ուզում լսել եւ որեւէ ակնկալիք երբեւէ նրանից չեմ ունեցել, հիմա էլ չունեմ իր խոսքում լսելու Հայաստանի վերաբերյալ լուրջ, ծանրակշիռ խոսք: Այնպես չէ, որ ես հույսեր ունեի եւ իմ հույսերը չեն արդարացել: Ես չէի էլ սպասում Սերժ Սարգսյանի ելույթին»:

Արփի Դավոյանի գնահատմամբ, ելույթում հնչած «ժողովրդավարություն, խոսքի ազատություն, ակտիվիստ» բառերը Սերժ Սարգսյանի խոսքին օտար էին: Պատգամավորը նախկին նախագահի խոսքում անցյալում նման բնութագրիչներ չի լսել. «Այսքան տարի նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը եւ նման խոսքերով երբեւէ հանդես չի եկել: Կարծես չի էլ նկատել, որ Հայաստանում գոյություն են ունեցել նման հասկացություններ՝ խոսքի ազատություն եւ այլն»:

Ինչ վերաբերվում է հայաստանյան իրադարձությունները իշխանափոխություն որակելուն, մեր զրուցակիցն ասում է. «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը գնացել էր ասելու այն՝ ինչ ուզում էր, եւ դա չի նշանակում, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Սերժ Սարգսյանի գնահատականը չէ, որ պետք է հիմք լինի մեզ համար հասկանալու, թե ՀՀ-ում ի՞նչ է տեղի ունեցել: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, եթե Սերժ Սարգսյանը դա որակում է իշխանափոխություն, ապա դա միայն իր խոսքն է, իր անձնական դիտարկումը եւ դա որեւէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել»:

«Այո, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը, բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Արփի Դավոյանը սա չի համարում սեփական սխալները գիտակցելու եւ դրանց համար զղջալու խոսք:

Ինչ վերաբերվում է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի առիթով պաշտոնաթող նախագահի հնչեցրած մտահոգություններին, իշխող ուժի ներկայացուցիչն ասում է, որ Սերժ Սարգսյանի մտահոգությունները ընդհանրապես տեղին չէին. «Մենք գիտենք, թե ինքն ինչպիսի բանակցող է եղել եւ Արցախի մասին այսօր մտահոգություն հայտնող մարդը 2016-ին ասում էր 800 հեկտարը ոչ ռազմավարական նշանակություն ունեցող հողեր են, Աղդամը մեր հայրենիքը չէ, 80-ականների զենքով ենք կռվել… այդ մարդը Արցախի եւ բանակցային գործընթացի հետ կապված որեւէ հայտարարություն անելիս պետք է հետ հայացք նետի եւ տեսնի՝ ինքը ինչպիսի՞ գործընթացների մասնակից է եղել, բանակցային գործընթացում ինչպե՞ս է հանդես եկել: Արցախի հարցի բանակցային գործընթացը հիմա կարեւոր փուլում է եւ պետք չէ դրան հղում տալ ու դրա շուրջ ինտրիգ ստեղծել»:

«Բանակցային գործընթացը կարեւոր փուլում է» ասելով, մեր զրուցակիցը նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. մի բան, որը ինքը նախկինում չի լսել նախկին բանակցողներից: Ավելին, հիշեցնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել ՀՀ նախագահներից մեկի պատճառով:

Մեր զրուցակիցը չի կիսում քննադատությունները, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ», ապա՝ խնդրի լուծումը պետք է լինի այնպիսին, որ բավարարի երեք ժողովուրդներին, հակասում են միմյանց:

Արփի Դավոյանը չի հասկանում նաեւ, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հնչեցրեց հորդորը՝ ԵՄ երկրներին ուղղված՝ վավերացնել ՀՀ-ի հետ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նա կարծում է, որ վավերացման գործընթացը «ակտիվ ընթանում է», իսկ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությամբ ցանկանում էր միայն ցույց տալ, որ ինքն ակտիվ հետեւում է քաղաքական գործընթացներին. «1,5 տարի չի խոսել, ոչ մի բանի մասին հայտարարություն չի արել, ես կարծում եմ, որ նրա լռելու մասին որոշումն ավելի ճիշտ էր, քան խոսելու»:

Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանի խոսքում մեծ քաղաքականություն վերադառնալու հավակնություններ, ակնկալիքներ նկատե՞լ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման անփառունակ ձեւով քաղաքականությունից հեռացած մարդը իշխանության վերադառնալու որեւէ հավակնություն ցույց տալու համար շատ համարձակ պետք է լինի, որովհետեւ ՀՀ քաղաքացիները գիտեն՝ ո՞վ է Սերժ Սարգսյանը, գիտեն Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ-ն ի՞նչ վիճակում է եղել: Եթե նա ակնկալում էր, որ այդ ելույթը հայտ էր եւ ինքը կվերադառնա քաղաքականություն, ապա վատ որոշում էր, որովհետեւ այդ ելույթը ակնհայտորեն ամենալավ ելույթը չի կարող լինել՝ քաղաքական հայտ ներկայացնելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930