Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է քննիչն առանց անգամ Ալվինա Գյուլումյանի վրա հարձակվողներին հարցաքննելու՝ մերժել քրեական հետապնդում հարուցելը

Նոյեմբեր 21,2019 16:05

Հունիսին Սահմանադրական դատարանի առջեւ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչեցվել ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, քաշքշել նրան:

Սակայն ի տարբերություն դատավոր Աննա Դանիբեկյանի հետ պատահածի, երբ նրան հարց տվող եւ դա նկարահանող Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կալանավորված են՝ Ալվինա Գյուլումյանի վրա հարձակված իշխանության աջակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց:

Գործի վարույթը կարճելու վերաբերյալ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի սեպտեմբերի 18-ի որոշումը Ալվինա Գյուլումյանը բողոքարկել էր դատախազությունում, սակայն վերջինս նույնպես մերժել էր:

Օրերս «Փաստինֆո»-ի հարցին, թե այստեղ երկակի չափանիշներ տեսնո՞ւմ է՝ Ալվինա Գյուլումյանը պատասխանել էր. «Դե, իհարկե, տեսնում եմ, բայց եկեք անունը երկակի ստանդարտ չդնենք։ Միգուցե դատախազության պարագայում դա ճիշտ է, որովհետեւ, ամեն դեպքում, հսկողությունը նույն տեղից է, բայց տարբեր քննիչներ են գործերը քննում, մեկի մոտեցումը կարող է այսպիսին լինել, մեկ ուրիշինը՝ այլ։ Համենայնդեպս, պատճառաբանությունը՝ իմ պարագայում, այնպիսին էր, թե դա կոնկրետ գործի հետ կապված չէր։ Ես, իհարկե, չեմ ընդունում այդ պատճառաբանությունը, որովհետեւ անկախ գործից, դա նշանակություն չուներ եւ եթե քննություն չի կատարվում, քննիչը ի՞նչ գիտի, դա կոնկրետ գործի հատ կապված է, թե ոչ։ Ավելին, նույնիսկ ունենալով տեսագրություն եւ ձայնագրություն, ասում են՝ անհայտ անձի կողմից, ունենալով մամուլի այդ օրվա հրապարակումները, իմանալով, որ ինձ մարդիկ են ուղեկցել, որոնք ընդհանրապես չեն հարցաքննվել…Այսինքն, դա ընդամենը չցանկանալ է, դրանք ընդամենը պատճառաբանություններ են, բայց ես կրկնում եմ, որ իմ նպատակը՝ թե այդ պահին դուրս գալու, թե հետագա գործողությունների, այն էր, որ հանրության ուշադրությունը հրավիրեմ, որ դատավորը պետք է պաշտպանված լինի»:

«Առավոտի» խնդրանքով պարզաբանելով, թե առանց անգամ տեսագրության մեջ երեւացող մարդկանց հարցաքննելու՝ ինչպե՞ս է դատախազությունը եւս մերժել քրեական հետապնդման հարուցումը՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ դատախազին ներկայացված բողոքում ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն անդրադարձել է նախաքննական մարմնի կողմից այլ անձանց չհարցաքննելու հանգամանքին:

Բողոքի քննարկման շրջանակներում քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության ընթացքում ստացվել և զննվել են ՀՀ Սահմանադրական դատարանի հարակից տարածքը տեսանկարահանող սարքերի՝ դեպքին առնչվող տեսագրությունները, Ալվինա Գյուլումյանը մանրամասն նշել է իր հասցեին հնչեցված յուրաքանչյուր արտահայտություն և անհայտ անձանց կողմից կատարված յուրաքանչյուր գործողություն:

Այսինքն` դեպքի փաստական հանգամանքները լիարժեք են, որոնք արժանացել են համապատասխան իրավական գնահատականի, հետևաբար տվյալ դեպքում այլ անձանց չհարցաքննելը չէր կարող էական նշանակություն ունենալ գործի համար կարևոր որևէ հանգամանքի բացահայտման և քրեական գործի ընթացքը որոշելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930