Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր՝ ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը:
Այս առնչությամբ ՀԱԿ-ից կոշտ արձագանքել են վարչապետի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ, փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության:
Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերահաստատեց Փաշինյանի հայտարարությունը՝ որոշ փաստեր ներկայացնելով, թե 1996-ին ինչպես են հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայներ կեղծվել: Նրա խոսքով՝ 1996-ից սկսած, իհարկե, մեր երկրի ղեկավարները չարիք են եղել. «Ես այդ դեպքերի անմիջական մասնակիցներից եմ եւ այն ձեւով, որ անցկացվեցին ընտրությունները, 8-10 օր ԿԸՀ-ն չէր հրապարակում առաջին պաշտոնական արդյունքները, որ 2 օրվա ընթացքում պետք է հրապարակվեր: Որովհետեւ թվաբանությունը չէին կարողանում կազմակերպել այնպես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին լինի ձայների բաշխվածությունը: Այն ժամանակ Դաշնակցությունը կազմակերպել էր եւ առանցքն էր ընդդիմության, եւ, փաստորեն, մոտավորապես 900 ընտրատեղամասերից մենք ունեինք արձանագրություններ վերցված, այնտեղից, որտեղից մենք չունեինք արձանագրություն, անհավանական թվաբանություն էր: Եղան ընտրատարածքներ, որտեղ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 200 տոկոսը: Ասենք, այնտեղ, որտեղ Վազգեն Մանուկյանը նույնիսկ պաշտոնական տվյալներով հաղթել էր, ընդ որում, նույն թաղամասի մասին է խոսքը, վերցնենք, Էրեբունին, նույն մտածողության, նույն մենթալիտետի տեր մարդիկ են ընդհանուր առմամբ, այնտեղ 4 տեղամասում ընտրություններին եկել էր 66 տոկոսը, որտեղ Վազգեն Մանուկյանը հավաքել է մոտ 70 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 30 տոկոսը, այն տեղամասերում, որտեղ արձանագրությունը վերցրել ենք: Իսկ այնտեղ, որտեղ չենք վերցրել արձանագրությունը, ընտրություններին մասնակցել է 100 տոկոսը, Վազգեն Մանուկյանը հավաքել է 1-2 ձայն, այսինքն, անհավանական էր: Այդ բոլոր բացասական երեւույթները մինչեւ վերջին ժամանակներս մեզ հետապնդում էին, դրվեցին այն ժամանակ: Այդ ընտրությունները շատ խորը բացասական արմատներ թողեց»:
Մեր դիտարկմանը՝ ՀԱԿ-ից ասում են, որ այդպես 2008-ին հավաքված մարդկանց են վիրավորում, որոնք օրեր շարունակ հանրահավաք էին անում, որովհետեւ ասում են՝ 2008-ին ժողովուրդը 96-ի թեման փակել է՝ նորից գնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից՝ Աղազարյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի 96-ը 2008-ի հետ: Ցավոք, ես 2008-ին ֆիզիկապես այդտեղ չեմ եղել ու չեմ կարող իմ գնահատականը տալ, բայց 2008-ի կապը 96-ի հետ այն էր, որ երկուսն էլ կապվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի հետ: Այն ժամանակ ժողովուրդը գտնում էր, որ պետք է ազատվի Ռոբերտ-Սերժից ու այդ բանը տեսնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ, այդտեղ ես հակասություն չեմ տեսնում: Դա չի նշանակում, որ 96-ին Լեւոնը սխալ թույլ չի տվել: Ու եթե մարդը մի անգամ սխալ է թույլ տվել, դա չի նշանակում, որ նա այլեւս երբեք չի կարող հանդես գալ ուրիշ դիրքերից: ՀԱԿ-ի իմ գործընկերներին, որոնց շատ սիրում ու հարգում եմ, ու որոնք ինձ միշտ հայհոյում են, կոչ եմ անում լինել իրատես: Մարդը կարող է մի անգամ սխալ դիրքերի վրա լինի ու հետո վերագնահատի իր մոտեցումները, ի՞նչ կարիք կա համեմատել 2008-ը 96-ի հետ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ