Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը

Նոյեմբեր 21,2019 14:24

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Կառավարության  2004 թ. որոշմամբ հաստատված Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման նպատակով 2005 թ.-ից  պետբյուջեում նախատեսվել  են  համապատասխան միջոցներ: 2009 թ.-ից հետո ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել: Ըստ 2013թ.  տվյալների՝  ծրագրի շրջանակում հաշվառվել է 895 ընտանիք, որից 641-ը Երևանում և 254-ը մարզերում համարվել են առաջնահերթ կարիքավորներ: Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ նպատակահարմար է համարվել նրանց բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր:

Այսպիսով, նախատեսվում է լուծել 112 ընտանիքների  30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը. հաստատվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը և պայմանները: Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1,5 մլրդ դրամ: Վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել այդ ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը կսահմանվի 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Այս պարտավորությունը պետությունը ստանձնել է շատ վաղուց, և փաստացի 10-11 տարի որևէ քայլ այս ուղղությամբ չի իրականացվել: Սա առաջին քայլն է: Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչների հետ. նրանք բավական ծանր պայմաններում են ապրում: Կարծում եմ՝ փուլ-փուլ այս բոլոր խնդիրները պետք է լուծենք, այսպես ասած, հին պարտքերը մենք պետք է անպայման մարենք»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930