ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ԿԳՄՍ նախարարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի (որով առաջարկվում է «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերում վերապահել վերջիններիս որոշմանը՝ այդ կերպ ընձեռելով ակադեմիական ազատություն) նախագծի հանրային քննարկման գործընթացում շտապողականություն է տեսնում: «Ի՞նչ կա շտապելու, քննարկում ենք, որ շտկումներ արվեն»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Վիկտոր Կատվալյանը:
Նա նախ շեշտեց՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բուհեր ընդունվելիս պարտադիր է Հայոց լեզվի քննություն հանձնելը. «Օրենքը նաեւ ասում է, որ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է բուհերում: Եթե այս դրույթը չեն ուզում հիմա ամրագրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծում, հետեւաբար, «Լեզվի մասին» օրենքն է ուժի մեջ: Այսինքն, բուհերում լեզուն դասավանդվում է: Խոսվում է լեզուն չարժևորելու մասին, բայց «Լեզվի մասին» օրենքով պետությունն արդեն իսկ արժեւորում է լեզուն»:
Կարդացեք նաև
Կատվալյանը կասկած հայտնեց. «Հաջորդ քայլը, սակայն, լինելու է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունը, քանի որ ըստ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի՝ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը թողնվում է բուհերի հայեցողությանը, եւ բուհերն իրենք կարող են որոշել՝ դրանց դասավանդումը պարտադի՞ր է լինելու իրենց մոտ, թե ոչ: Դասախոսական կազմին ասում են՝ դուք գնացեք-համոզեք…ինչո՞ւ պետք է որեւէ մեկն իր արժեքները հաստատելու համար ինչ-որ մեկին համոզի, որտե՞ղ է պետությունը: Պետությունն իր ասելիքն ասել է «Լեզվի մասին» օրենքով, հիմա պետությունն ինչո՞ւ է իր ասելիքը փոխում»:
Վիկտոր Կատվալյանը հավելեց՝ համամիտ է, որ բուհերում նշյալ առարկաների պարտադիր դասավանդման մասին դրույթ չլինի, բայց ճիշտ չէ դասախոսներին դրդել համոզելու, որ դա ճիշտ է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ