«Փաստի» զրուցակիցն է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Իշխան Կարապետյանը։ Անդրադարձել ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծին, օտարերկրյա ներդրումներին, սպասվող գնաճին։
-Իշխանությունների նախանշած տնտեսական հեղափոխությանը պետք է նպաստեին օտարերկրյա ներդրումները: Ի՞նչ պատկեր ունենք այդ առումով:
-Դեռևս հրապարակված չեն առաջին 9 ամիսների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, սակայն առաջին կիսամյակի տվյալներն ամենևին էլ հուսադրող չեն:
Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, ինչը ստացումների և մարումների տարբերությունն է, կրճատվել են շուրջ 5 անգամ՝ կազմելով 7,8 միլիարդ դրամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են 16%-ով:
Կարդացեք նաև
Ներդրողների համար, ի թիվս այլ գործոնների, կարևոր են կայուն և կանխատեսելի իրավատնտեսական կարգավորումները և ներդրողների իրավունքների և մասնավոր սեփականության անձեռնմխելիության պաշտպանությունը:
Ցավալի է նաև արձանագրել, որ Doing Business 2020 զեկույցում 190 երկրների շարքում Հայաստանը 47-րդ տեղում է՝ 6 կետով վատթարացնելով 2019 թվականին զբաղեցրած դիրքը:
-2020 թվականի հունվարի 1-ից սպասվում է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների գնաճ: Արդյո՞ք այս պարագայում կառավարությունը պետք է առավելապես խրախուսի տեղական արտադրանքի աճը և դրա ձեռքբերումը քաղաքացիների կողմից:
-2020 թվականին ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում մի շարք պարենային ապրանքների վրա:
Օրինակ` սառեցված հավի մսի պարագայում 2019 թվականի 22% դրույքաչափի փոխարեն 2020 թվականին կիրառվելու է 25% դրույքաչափ, 2021 թվականին՝ 50%, իսկ տավարի մսի դեպքում` 15%, 2019 թվականի 12.5%-ի փոխարեն:
Մյուս կողմից՝ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կախված են լինելու նրանից, թե ՀՀ ներմուծվող ապրանքը ԵԱՏՄ առանձնաշնորհումների միասնական համակարգի մեջ ներառված է, թե ոչ:
Այդ դեպքում զարգացող և առավել թույլ զարգացած երկրներին ԵԱՏՄ-ն կարող է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ:
Հետևաբար, զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ կկիրառվեն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների (ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75%-ի չափով, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ` ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր:
Իսկ թանկացումներն ինքնին կախված են լինելու նրանից, թե որ երկրի ծագման ապրանքն է ներմուծվելու ՀՀ:
Կառավարությունը, տեղական արտադրությանը խթանելով, չի կարող հանգեցնել նրան, որ ՀՀ տեղական արտադրանքի գներն առնվազն հավասար լինեն ներմուծվող ապրանքների գներին, քանի որ փոքր շուկայի դեպքում մասշտաբի էֆեկտ և ավելի ցածր ինքնարժեք կարելի է ապահովել միայն ավելի մեծ ծավալների դեպքում:
Իսկ բարձր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի դեպքում ՀՀ սպառողն ինքն է որոշելու` գրեթե նույն գների դեպքում ընտրել տեղակա՞նը, թե՞ այլ երկրի ծագման ապրանքները:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Տվյալ երկրի տնտեսության մեջ առաջին ներդրողը սպառողն է:Եթե մենք ամեն տարի միլլիարդներ ենք ծախսում Թուրքիայից և Չինաստանից փալաս-փուլուս ներկրելու,ավելի ճիշտ չէ?նպաստել այդ ապրանքները տեղում արտադրելու և տնտեսությունը աշխուժացնելու…:Տնտեսվարողները բողոքում են իբր ՀՀ-ում հարկերը բարձր են և ձեռնտու չէ այստեղ արտադրել,սակայն մոռանում են,որ նշված երկրներից ներմուծված ապրանքները մեր շուկայում վաճառվում են այնքան հազար դրամով,որքան դոլար են ծախսել այն ձեռք բերելու համար,գումարած տեղաձոխման և այլ ծախսեր:Օրինակ.եթե ,մայկա-տրուսիկը,,Թուրքիայում գնվում է մեկ դոլարով,ՀՀում այն վաճառվում է հազար դրամ գումարած ծախսերը՝նվազագույնը կրկնակի արժեքով:Չեմ կարծում,որ մեր երկրում այն ավելի թանկ կարտադրվի…:ՀՀ-ում հսկայական ներուժ կա սեփական արտադությամբ տնտեսությունը թռիչքաձև զարգացնելու համար,քանի որ սպառման ապրանքների ութսուն տոկոսը ներկրվում է,որոնք մենք ի վիճակի ենք արտադրել…:Չէ,որ մենք ՏՏ զարգացած երկրների շարքում ենք,թե?ոչ