«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից, թե՝ «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», ասաց, որ Ալիևը դա ասաց «ինքն իրեն», ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում դա չեն ընդունել, աշխարհում ևս։ «19-րդ դարում, երբ որոշվել է Կովկասի ճակատագիրը, պարսկական պատերազմը, Ռուսաստանն է եղել նաև թատերաբեմում, այսինքն` այս մասին բոլորը հստակ պատկերացում ունեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ունի լուրջ պատմական տեղեկանքներ այս ամենի մասին, վաղը Թեհրանը կարող է ասել. «Դա իրանական է, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը»։ Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է»։ Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված։ Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որպեսզի լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»,- ասաց փորձագետը։
Նա նշեց, որ իր մոտ այսպիսի տպավորություն էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը տանում է դեպի խզում։ «Երբ Փաշինյանը սկսեց հակասական հայտարարություններ անել, ապա ասաց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինձ թվում էր, թե նման բան է փորձում անել, գնալ բանակցային գործընթացի սառեցման, Ադրբեջանն իր հերթին կարող էր դրան արձագանքել բացասաբար՝ ասելով, որ դադարեցնում է բանակցությունները, փորձելով հակամարտությունը կարգավորել այլ սցենարով։ Սակայն Ադրբեջանը ևս դրանում հետաքրքրված չէ։ Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում, նրանք կարող են 15 անգամ ասել, որ հարձակվելու են, պատերազմելու են, սակայն չկա նման սցենար, քանի որ Թուրքիան կենտրոնացած է այլ երկրների և այլ խնդիրների վրա. Ադրբեջանը միայնակ չի կարող նման սցենար իրագործել։ Ուստի նա ավելի հետաքրքրված է բանակցային գործընթացով, քան Երևանը։ Բոլոր կողմերն աշխատում են ժամանակ շահել։
Անկեղծ ասած, դա ճիշտ է, քանի որ նայեք, թե ինչ է կատարվում հարևան երկրներում՝ Իրանում, Վրաստանում դժգոհության ալիքներ են, անկայունություն է, Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են ընդհանուր շահեր գտնել։ Այսինքն` կարող են գտնել, տեսնել նման շահեր՝ Վրաստանով են անցնում Ադրբեջանի գլխավոր կոմունիկացիաները, Վրաստանով է ապահովվում Հայաստանի ելքն արտաքին աշխարհ, այդ թվում՝ դեպի Ռուսաստան։ Իրանում անկայունության դեպքում փախստականներ կհայտնվեն Ադրբեջանում, Հայաստանը կկորցնի երկրորդ ճանապարհը, այս իրավիճակում պետք է մտածել, թե ինչպես համատեղ գոյատևել։ Սա է իրավիճակը։ Կարծում եմ՝ ժամանակ շահելով Հայաստանն այս փուլում շահում է»,- ասաց Տարասովը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում