Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցի լուծումը հնարավոր չէ առանց բոլոր կողմերի ներգրավման. ԵԱՀԿ ՄԽ համանախագահը կրկնել է Լավրովին

Նոյեմբեր 21,2019 12:39

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց դրանում ներգրավված բոլոր կողմերի համաձայնության։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երևանում արած նույնաբովանդակ հայտարարությունը։

«Առանց բոլոր շահագրգիռ կողմերի հակամարտության լուծում հնարավոր չէ։ Պետք է հաշվի առնել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կարծիքը։ Չէ՞ որ համաձայն Հիմնական սկզբունքների բոլոր տարբերակների` փախստականներն ու ներքին տեղահանվածները հնարավորություն կստանան վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր և, հետևաբար, մասնակցություն ունենալ իրենց ապագա ճակատագրի որոշմանը»,- ասել է համանախագահը։

Անդրադառնալով բանակցությունների ձևաչափը փոխելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` Պոպովն ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ձևաչափի հարցում միշտ եղել է հետևողական։ «Մենք բազմիցս ասել ենք, որ մասնակիցների կազմը պետք է որոշեն և համաձայնեցնեն իրենք` կողմերը։ Խորհրդակցությունների և հետագա բանակցությունների նախնական փուլում, երբ ռազմական գործողությունները դադարել էին, Լեռնային Ղարաբաղը մասնակից էր համապատասխան պայմանավորվածությունների և բանակցությունների, որոնք սկսվել էին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո։ Հետո որոշվեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երևանը։ Եթե ժամանակի ընթացքում կողմերը պայմանավորվեն, որ բանակցային գործընթացին պետք է միանան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, մենք կսատարենք այդ որոշումը»,- ասել է Պոպովը։

Պոպովը նաև նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և իրենք այդ ուղղությամբ սերտորեն աշխատում են մյուս համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ Նա նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները բավականին ժամանակ ունեին ծանոթանալու բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին, և հույս է հայտնել, որ կողմերը մոտ ապագայում կվերսկսեն բանակցությունները։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930