Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ 2020-ի ավարտին քաղաքացին իր կաշվի վրա կզգա բյուջեի հեղափոխական լինելը. «Այս տարի էլ է զգում». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 21,2019 12:22

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը բյուջեի հեղափոխականը լինել-չլինելը դիտարկում է 2 տեսանկյունից՝ մակրոտնտեսական եւ թե որքանով է քաղաքացին զգացել կամ զգալու իր վրա փոփոխությունները. «Մակրոտնտեսական առումով ի՞նչ ունենք, նախկինում աշխարհում պղնձի գինն իջնում էր, տրանսֆերտները նվազում էին, եւ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ էր լինում։ Հիմա պղնձի գինը նվազել է, տրանսֆերտները նվազել են, բայց դա Հայաստանի վրա որեւէ ազդեցություն չի թողել։ Այսինքն` դիմադրողականությունը արտաքին շոկերի նկատմամբ վերացել է: Արտաքին պարտքը ՀՆԱ-ի մեջ նվազել է: Բյուջեն գերակատարվել է»:։

Պատգամավորի խոսքով՝ ի վնաս բյուջեի հավաքագրման 2020 թ. մի շարք խնդիրներ են լուծվելու. «Եկամտահարկը համահարթեցվում է, մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսները հարկերից ազատվում են, շահութահարկը նվազել է, բայց դրա հետ մեկտեղ 200 մլրդ դրամով ավելացել է պետական բյուջեն։ Հեղափոխակա՞ն է սա, թե՞ ոչ։ 330 կմ միջպետական, պետական եւ համայնքային ճանապարհ է նորոգվել, փոխվե՞լ է մարդկանց կյանքը, թե՞ չի փոխվել։ ՊՆ-ի, ԱԻՆ-ի աշխատավարձերն են բարձրացել, ուսուցիչների աշխատավարձերն են բարձրացել։ Թոշակները կբարձրանան, փոխվե՞լ է մարդկանց կյանքը, թե՞ ոչ։ Գնաճը նույնիսկ 1 տոկոս գուցե չլինի այս տարի, բայց օրենքով մինչեւ 4 տոկոս կարող է լինել։ Ինչի՞ արդյունք է սա՝ մրցակցության խորացման։ Մոնոպոլիստներ չկան։ Եկող տարի 500 կմ պետական, միջպետական եւ եւս 250 կմ համայնքային նշանակության ճանապարհ է նորոգվելու, ազդո՞ւմ է դա մարդկանց կյանքի որակի վրա, թե՞ ոչ»։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը տեսակետ է հնչեցրել, որ պետությունն անգամ 2019-ին չի կարողացել պետական ծախսեր կատարել եւ 500 մլն դոլարից ընդամենը 150 մլն դոլարն է մինչ այժմ ծախսել, Գեւորգյանն արձագանքեց. «Ծախսերի ամբողջ կատարումը կերեւա տարեվերջին։ Օրինակ՝ պատվիրել ենք ճանապարհի կառուցումը, գումարի մի մասը տվել ենք, երկրորդ մասը տալու ենք ճանապարհն ընդունելուց հետո, այսինքն` այդքան մասով մենք ունենք թերակատարում։ Երբ որ գնումների պլանները կազմվում են, հաշվի են առնվում, թե մինչ այդ ինչքանով են գնել։ Հիմա, եթե նախկինում ինչ-որ մի ապրանք գնում էին 100 դրամով, մենք մրցույթ ենք հայտարարում ու նույն ապրանքը ձեռք ենք բերում 60 դրամով։ Չեմ հասկանում այն պնդումը, թե պետք է անպայման փողը ծախսվի։ Փողը պետք է ծախսվի արդյունավետ»։

Ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերը նշում են, որ կան ոլորտներ, որտեղ քիչ գումար է հատկացվել, մասնավորապես՝ պաշտպանության։ Այդ մտահոգությունների վերաբերյալ Գեւորգյանն ասաց. «Պաշտպանության ոլորտում ծախսերը նախ չեն նվազել։ Բայց եթե նույնիսկ նվազել է, պետք է հիշել, որ նախկինում, ասենք, գնումների համար հատկացնում էին 1000 դրամ, տեղ էր հասնում 700-ը։ Հիմա եթե տալիս ենք, ասենք, 700 դրամ, 700-ն էլ տեղ է հասնում։ Ինչպե՞ս եք պատկերացնում պաշտպանության ծախսերը նվազելը եւ սննդի նոր համակարգը։ Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել, բայց դա ապահովել»։

Գեւորգյանի կարծիքով՝ 2020-ի ավարտին քաղաքացին իր կաշվի վրա կզգա բյուջեի հեղափոխական լինելը. «Այս տարի էլ է զգում»։ Պատգամավորը նշեց, որ բիզնեսը ազատ է, պետք է տնտեսական առումով պայքարի մեջ լինի եւ նախկինի պես հովանավորներ չփնտրի քաղաքական առումով։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930