Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարենը բանկային համակարգի մասնակիցներին մեղադրելու, ԿԲ նախագահը մեղադրանքներ է հնչեցնում ընկերության հասցեին. «168 ժամ»

Նոյեմբեր 21,2019 12:17

«Հայաստանում մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը»,- այս մասին օրերս Ազգային ժողովում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նման հայտարարություններ, այն էլ՝ ԿԲ նախագահի մակարդակով, հաճախ չեն լինում։ Հաշվի առնելով բանկային համակարգի զգայունությունը՝ սովորաբար բանկային համակարգի խնդիրներն այդպես բացեիբաց չեն բարձրաձայնվում։ Բայց եթե բարձրաձայնվում են, նշանակում է՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Բնավ զարմանալի չէ, որ ԿԲ նախագահը խոսում է ոչ միայն բանկային, այլև ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգների մասին։

«Սա խնդիր է, և այն առնչվելու է մեր ֆինանսական կայունությանը, քանի որ մեծ գումարների՝ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը»,- ասում է ԿԲ նախագահը։

Թե ովքե՞ր են այն գործարարները, որոնք սպառնում են բանկային, ինչո՞ւ չէ, նաև ֆինանսական համակարգի կայունությանը, գուցե կարևոր է։ Բայց շատ ավելի կարևոր է երևույթը։

Եթե խնդիրը մեկ բանկի հետ լիներ, դեռ կարելի էր հասկանալ։ Սակայն պարզվում է՝ Հայաստանում գործող 17 բանկերից 7-ը կամ 8-ը խնդիրներ ունեն նույն ընկերության հետ։

Հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է ստացվել, որ բանկային համակարգի գրեթե կեսն ընկել է նույն ընկերության հյուսած «ծուղակը»։ Բա ո՞ւր է բանկային վերահսկողությունը, ո՞ւր է ռիսկերի գնահատման համակարգը, ո՞ւր են վարկերի վերադարձման երաշխիքները։ Թե ո՞ւմ պատահի, ինչպե՞ս պատահի, կարելի է վարկ տրամադրել, կարևոր չէ՝ կարո՞ղ են վերադարձնել, թե՞ ոչ։

Հետո՞ ինչ, որ բանկային համակարգում փող կա, իսկ վարչապետը հայտարարում է, թե բանկերը դառնալու են տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը։ Դա չի նշանակում, որ կարելի է առանց լուրջ հիմքերի բոլորին վարկ տալ ու համակարգը դնել ռիսկերի տակ։ 7-8 բանկ այդ ինչպե՞ս են գնահատել տվյալ ընկերության ներկայացրած բիզնես ծրագրերի իրատեսությունը, որ բոլորի մոտ էլ խնդիրներ են առաջացել։

Ու այսքանից հետո տարօրինակն այն է, որ փոխարենը բանկային համակարգի մասնակիցներին մեղադրելու, Կենտրոնական բանկի նախագահը մեղադրանքներ է հնչեցնում այն ընկերության հասցեին, որն իր ստանձնած պարտավորությունները կատարելու մասին մտածելու փոխարեն՝ «մտածում է, թե ոնց խուսափի, ոնց ավելի մեծ բեռ դնի բանկային համակարգի վրա»։ Զարմանալի մոտեցում է. իսկ ինչո՞ւ պիտի վարկառուն մտածի բանկային համակարգի մասին։ Թող բանկային համակարգը բարի լինի վարկերը տրամադրելուց կամ բանկային համաձայնագրերը կնքելուց այնպես անել, որ նման խնդիրների առջև չկանգնի։ Կարծես դրա համար վերջինիս բոլոր հնարավորությունները տրված են։

Թե չէ, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն շրջանցել բանկային պայմանավորվածությունները՝ գումարները վերադարձնելուց խուսափելու համար։ Այդ մասին վաղուց էր պետք մտածել։ Ու ոչ միայն այդ ընկերության, այլև բազմաթիվ այլ ընկերությունների ու վարկառուների հետ կապված։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930