Նոյեմբերի 19-ին Հանրային խորհուրդը նիստ է հրավիրել եւ «անընդունելի համարել իշխանական շրջանակների ոչ պատշաճ վերաբերմունքը խորհրդի նկատմամբ»:
Արծրուն Պեպանյանից տեղեկացանք, որ վրդովված է եղել մեծամասնությունը։ «Ո՞ւմ դուրը կգա, եթե ասենք՝ Ազգային ժողովն անիմաստ կառույց է, ԱԺ-ում կլինե՞ն մարդիկ, որ կասեն՝ այո։ Չէ որ իրենց թվում է, որ գործ են անում։ Նույնը՝ Հանրային խորհուրդը, որտեղ մարդիկ առանց վճարի աշխատում են»,- մեկնաբանեց Պեպանյանը։
Վրդովված ելույթները շատ են եղել, թեեւ Պեպանյանը խուսափեց անուններ նշելուց։ Այլ աղբյուրից իմացանք, որ ելույթներ են ունեցել Անահիտ Աղոյանը, Աիդա Թոփուզյանը։
Հաշվի առնելով, որ Մանուկյանը նոյեմբերի 13-ին հրաժարական է տվել, արդյոք այս նիստը ճաշից հետո մանանեխ չէ՞ր։ Արծրուն Պեպանյանը համաձայն չէ. «Գիտե՞ք, ստեղծվել է հետեւյալ իրավիճակը. Հանրային խորհրդի նախագահը հեռացել է, եւ Հանրային խորհուրդն ուզում է հասկանալ՝ ինչ կատարվեց, եւ այս պահին իրենք ինչ են անում»։ Անգամ հնչել է առաջարկ՝ «եկեք թողնենք դուրս գանք, եթե մեր խորհուրդներն իրենց պետք չեն»։ Թեեւ շատերն էլ առաջարկել են՝ եկեք հարթենք խնդիրն ու փորձենք օգտակար լինել կառավարությանը։
Կարդացեք նաև
Նիստին ներկա չի եղել Ստյոպա Սաֆարյանը։ Զրուցեցինք նաեւ ելույթով հանդես եկած Անահիտ Աղոյանի հետ։ Նա ասաց, որ որեւէ մեկի թեկնածության հարց չի քննարկվել, քանի որ այդ հարցն ամենակարեւորը չէր, եւ նշեց, որ ավելի շատ խոսք է եղել ոչ թե այն մասին, որ իշխանությունն անհարգալից է, այլ որ անտարբեր է եղել։ «Եվ, առհասարակ, խնդիրը, ընդհանուր, վերաբերում է Հանրային խորհրդին, ոչ թե Վազգեն Մանուկյանին ու ոչ միայն Վազգեն Մանուկյանին»,- ասաց նա։
Մեկնաբանելով Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը, թե ՀԽ-ն վարչապետին հանրային խորհրդատվություն մատուցող մարմին լինելով՝ չի կարող դեմ արտահայտվել նրան, ասաց. «Ես չգիտեմ՝ Ստյոպա Սաֆարյանն այդ ձեւակերպումը որտեղից է հայտնաբերել։ Եվ մենք երբեք իշխանություններին չենք հակադրվել։ Գոնե դա փաստ է։ Ես, իհարկե, 2016-ից եմ, բայց մենք միշտ փորձել ենք իշխանություններին ինչ-որ մի ուղի ցույց տալ։ Եվ այս քննարկումն առաջին հերթին պետք էր Հանրային խորհրդին, իսկ թե իշխանությունները դրանից ինչ կքաղեն, մենք էդ հարցը չենք էլ քննարկել»։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում