Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագ դպրոցը Հայաստանում չի կայացել»․ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյան

Նոյեմբեր 21,2019 10:27

 «Կրթությունը կենդանի մարմին է, մեխանիզմ չէ։ Մարդիկ, որ գալիս են ինչ-որ բարեփոխում անեն՝ կրթությունը տեսնում են, որպես մեծ ժամացույց՝ «էստեղ, էստեղ մի բան փոխենք, ինքը կսկսի ավելի լավ աշխատել ու ավելի արագ»  այդպես չի»․ ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության՝ հանրակրթական համակարգի վերաբերյալ երեկ կազմակերպված քննարկմանը։

Կրթության ոլորտի մի շարք մասնագետներ անդրադարձան արդիական հարցերին՝ առաջարկելով սեփական լուծումներ, ընդգծելով հանրակրթական ոլորտի բաց կողմերն ու առավելությունները։ Շատերի պնդմամբ  դպրոցահասակ երեխաների մեջ պետք է սերմանել սեր կրթության հանդեպ։ Դպրոցի ուսուցիչը չպետք է վերածվի ուղղակի դաս տվողի՝ դասատուի, իսկ աշակերտը չպետք է հաճախի դպրոց միայն ավարտական վկայական ստանալու համար:

«Ավագ դպրոցի ուսուցիչն էլ հիմա ընկած է շտեմարանի հետևից, այդ մեկ-երկու քննություն պատրաստելու հետևից և ավելի շատ տանը հավելյալ պարապողներ ունի, քան դպրոցում․ դպրոցում ինքը համարյա ձախողվել է։ Ավագ դպրոցը Հայաստանում չի կայացել»,- հավելեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադիր Աշոտ Ալիխանյանը խոսեց կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուների մասին, շեշտելով՝ նախարարները երբեք տրամաբանական շարունակություն չեն տալիս իրենց նախորդների ծրագրերին, այլ հակառակը՝ ամեն նոր նախարար իր հետ բերում է բարեփոխումների սեփական ծրագիր, բայց այդպես էլ չի հասցնում իրականացնել դա։ Ալիխանյանի կարծիքով սա նույնպես վնասում է կրթական համակարգի հավասարակշռությունը․- «Ես եկել եմ եզրակացության, որ «ոլորտ» բառը պետք է փոխվի։ Կրթությունը ոլորտ չի, եթե ասում ենք ոլորտ՝ դա դառնում է գյուղատնտեսության պես մի բան։ Որտեղ ոլորտ, այնտեղ նախարար, որտեղ նախարար, այնտեղ կառավարության անդամ, իսկ այդ կառավարության փոխվելուց նախարարն էլ պետք է փոխվի։ Չի կարելի այդպիսի կատակներ անել այդ կարևորագույն համակարգի հետ։ Մեր կրթական ծրագիրը ամենահզոր ծրագրերից մեկն է աշխարհում, ուղղակի կատարող չկա»,- ասաց Աշոտ Ալիխանյանը։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կրթության համար ամենամեծ վտանգը ,,բարեփոխումներն,,են՝ցանկացած նորամուծություն ,,ստրեսի,,պատճառ է դառնում աշակերտից մինչև կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնքների համար,գումարած ծնողներ…:Կրթությունը էվոլյուցիոն զարգացում պետք է ապրի,այլ ոչ թե ,,նախկիններին,, ինչ որ բան ապացուցելու միջոց…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930