Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանյան հանդիպման դասերը

Նոյեմբեր 21,2019 10:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միլանի հայ համայնքի հետ հետաքրքիր անցավ: Նախ՝ ողջունելի էր, իհարկե, որ մուտքն ազատ էր: Այնքան ազատ, որ հայ համայնքի շարքերում հայտնվեց… ադրբեջանցի «բլոգերը»: Միանգամայն ճիշտ էր նաեւ վարչապետի պահվածքը, որը թույլ տվեց հարեւան ազգի ներկայացուցչին հարց տալ, պատասխանեց այս հարցին, ինչպես նաեւ խնդրեց ներկաներին լինել հանդուրժող անկոչ հյուրերի նկատմամբ:

Միլանի նույն հանդիպման ընթացքում վարչապետին էր դիմել նաեւ մի կին, որը ներկայացավ որպես ՀՀ քաղաքացի եւ գիտնական, որն աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում: Այդ տիկնոջ ասածը ոչ թե հարց էր, այլ ընդդիմադիր ելույթ, որն ուղեկցվում էր վարչապետի հրաժարականի պահանջով: (Սպասելի է, որ այսօր պաշտոնական քարոզչությունն այստեղ կգտնի «սերժառոբական» հետքեր): Ինքնին այդ ելույթի մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում, սակայն ինձ առաջ էլ էր թվում ու հիմա էլ եմ համոզված, որ Հայաստանի ղեկավարի հրաժարականը կարող են պահանջել մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում: Ես այդ կարծիքին էի թե՛ Հայաստանի առաջին երեք նախագահների եւ թե՛ ներկայիս վարչապետի իշխանության օրոք: Բնական չեմ համարում, երբ մարդը նստած է, ասենք, Գլենդեյլի արմավենու տակ եւ ուզում է որոշել, թե ով պետք է ղեկավարի Հայաստանը:

Եթե անդրադառնանք բանավեճի բովանդակությանը, ապա ընդդիմադիր տիկնոջ խոսքն ատելության քարոզի մասին, իմ կարծիքով, ճիշտ էր, իսկ իր պատասխանում վարչապետն այնքան էլ անկեղծ չէր: Փաշինյանն ասել է հետեւյալը. «Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն»:

Ժողովրդական զգացմունքները չափազանց փոփոխական եւ անկայուն երեւույթ են: Կարեւոր է, որ մարդիկ, որոնց ասածները ժողովրդի գոնե մի մասի համար որեւէ նշանակություն ունեն, տուրք չտան այդ զգացմունքներին, առավել եւս՝ չբորբոքեն դրանք: Ներկայումս իշխանական թիմի ներկայացուցիչների արտահայտությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, դատավորների, Հանրային խորհրդի, Վազգեն Մանուկյանի եւ նրա հիմնած ակումբի մասին հենց ատելության քարոզ են, ոչ թե քաղաքական բանավեճ: Բնականաբար, այդ գռեհկաբանություններն օրինակ են ծառայում մոլի նիկոլականների (նաեւ մալի լեւոնականների) համար, որոնք իրենց գնահատականներում ավելացնում են ատելության չափաբաժինը, եւ այդ հռետորաբանությունը փոխանցվում է նաեւ այլ քաղաքացիներին:

…Դժվար թե Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հավաքված հայերը ջերմ զգացմունքներ ունենային եկեղեցու տարածք ներխուժած ադրբեջանցիների հանդեպ: Բայց վարչապետը հավաքվածներին զսպվածության եւ հանդուրժողականության կոչ արեց: Ներքին կյանքում նույն կեցվածքի կարիքը կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Alfred says:

    Առաջինը Նիկոլը սկսեց թշնամություն տարածել սևևերի և սպիտակների բաժանելով մարդկանց

  2. Gohar says:

    Հարգելի պ․ Աբրահամյան , շնորհակալություն։ Ձեր անկողմնակալ վերաբերմունքն է հենց գրավում Ձեր ընթերցողներին։ Եզրակացությունը թողնելով նրանց։
    Հիշեցի, թե ինչպես է մի տարիքով տղամարդ իրեն ներկայացնում ․
    -30 տարի ի վեր բոլոր մեծամեծները իմ առաջ գլուխ են խոնարհել։
    Օպերային թատրոնի հանդերձապահն է եղել ։
    Դառնամ այս կնոջը․ “Պարաբ դագառ”,- որակավորեց լիբանանահայ ընկերուհիս։ Նայե ,Կոհար, պայուսագը ուսեն վար չի առել․․”
    Լարվա՛ծ, ասելիքը մինչև վերջ հասցնել ասող , շփոթված և վախեցած ” գիտնական, որն աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում” ։
    – Վրա՛ս քրեք,- եզրափակեց ընկերուհիս։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930