Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ»

Նոյեմբեր 21,2019 13:00

Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին

«Մարգարեի ուխտը» հիմնադրամի, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիայի եւ «Շուշի» հիմնադրամի աջակցությամբ՝ «Շուշի հիմնադրամ» հրատարակչությունը լույս է ընծայել «Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ» գիրքը, որի հեղինակն է մարգարեի որդին՝ Մուհամմադ Իբն Աբդալլահը: Ժամանակակից աշխարհում օր օրի ավելի անհրաժեշտ է դառնում համագործակցությունը իսլամական եւ քրիստոնեական քաղաքակրթությունների միջեւ: Գիրքը՝ մատուցելով մահմեդականների առաջնորդ Մուհամմադ մարգարեի քարոզները՝ ուղղված քրիստոնյաներին եւ մահմեդականներին, նպատակ ունի խաղաղության կամուրջ կապել եւ իրար նկատմամբ հանդուրժող դարձնել երկու քաղաքակրթությունների հանրություններին:

Արաբերենից անգլերեն լեզվով գիրքը թարգմանել է դոկտոր Ջոն Էնդրյու Մորուան: Անգլերենից հայերեն է թարգմանել պատմաբան Հարություն Խուդանյանը:

Գրքի հրատարակման առիթով ներկայացնում ենք գրող Բակուր Կարապետյանի բաց նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին:

Պարոն նախագահ

Նամակով ձեզ դիմելու առիթը «Մարգարեի ուխտը» հիմնադրամի, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիայի եւ «Շուշի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հայերեն հրատարակված «Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ» գիրքն է, ինչպես նաեւ 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանության ձեր կողմից անտրամաբանական ժխտումը:

Մուհամմադ մարգարեն, որը համարվում է Աստծո Դեսպանորդը, դեռեւս VII դարում գուշակելով, որ կարող է հետագա դարերի ընթացքում հակամարտություններ առաջանալ քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների միջեւ, դիմել է մահմեդականներին, որ հանդուրժող լինեն քրիստոնյաների նկատմամբ: Մարգարեն հանդիպումներ է ունեցել Սինա լեռան վանականների, Նաջրանի, Պարսկաստանի, աշխարհի քրիստոնյաների հետ, պատվիրել որդուն՝ Մուհամմադ Իբն Աբդալլահին գրի առնել իր  վեց ուխտերը, ըստ որի մարգարեն ասում է. «Եթե որեւէ մեկը խախտի երդումը, որը տրված է այստեղ, հակառակվի նրան կամ հերքի պատվիրանները, նա կխախտի Աստծո ուխտը, կկտրի Նրա հետ կապը, կծաղրի Նրա կրոնը, կարժանանա Աստծո անեծքի՝ անկախ նրանից, նա սուլթան է, թե պարզապես հավատացյալ մահմեդականներից մեկն է»: Իր հովանավորչության տակ առնելով քրիստոնյաներին ու նրանց շինությունները, մարգարեն պատվիրում է. «նրանցից (քրիստոնյաներից) ոչ մի եկեղեցական շենք չպետք է քանդվի, եկեղեցիների ունեցած դրամը չպետք է օգտագործվի մզկիթներ կամ մուսուլմանների տներ կառուցելու համար: Նա, ով նման բան է անում, խախտում է Աստծո ուխտը եւ հակառակվում Աստծո Դեսպանորդին»:

Ուսումնասիրելով թուրքերի պատմությունը, համոզվում ես, որ նրանց առաջնորդները, որոնք նվաճելով Հայաստանն ու Բյուզանդիան, միանգամայն արհամարհել են Մուհամմադ մարգարեի՝ Աստծո Դեսպանորդի պատգամը, քանի որ այդ ընթացքում միայն Բյուզանդիայում երկրագնդի երեսից ոչնչացվել է ավելի քան հիսուն ժողովուրդ՝ իրենց հազարամյա մշակույթով: Դա մարդկային քաղաքակրթության ամենամեծ կորուստներից է: XX դարի սկզբին իրականացրել են ամենահրեշավոր ու ամենաանմարդկային ծրագիրը՝ հայերի ցեղասպանությունը՝ յուրացնելով նրանց ունեցվածքը, հողը, բնակավայրերը, մայրաքաղաքը, սրբազան լեռը: Իսկ հարեւան Իրանի եւ արաբական երկրների ժողովուրդները, որոնք հարազատ են մնում մարգարեի պատգամներին եւ ուխտին, ապաստանում են ցեղասպանությունից մազապուրծ քրիստոնյա հայ փախստականներին:

Մուհամմեդ մարգարեի պատգամները արհամարհում են այդ եղեռնագործների այսօրվա ժառանգները՝ փորձելով մոռացության մատնել իրենց նախնիների ոճրագործությունը: Այսօր էլ շարունակում եք ձեր նախնիների վարքագիծը, այս անգամ էլ փորձելով ոչնչացնել ձեր իսկ հավատակիցներին՝ քրդերին:

Եվրոպացիներն էլ չեն ուզում հավատալ, որ դուք ծրագրում եք արդի Եվրոպայում էթնիկ ու կրոնական մեծամասնություն դառնալով, ոչնչացնել եվրոպական քաղաքակրթությունը, ինչպես դա արեցին ձեր նախնիները Բյուզանդական հզոր կայսրության ներսում: Տարօրինակ է, որ այդ հարցում այսօր ձեզ օժանդակում են աշխարհի հզորագույն երկրների առաջնորդները:

Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) ձեր «ձեռքի արյունաթոր վերքն է»: Հասկանալի է, հավատարիմ եք օտարների ունեցվածքը, երկիրը նվաճող, հափշտակող ձեր նախնիների գաղափարախոսությանը ու աչքներդ տնկել եք հայկական Արցախի, Հայաստանի չնվաճած մասի վրա: Չեք ներում հայերին, որ ազատագրել են իրենց հայրենիքի մի փոքրիկ հատվածը՝ Արցախի մի մասը:

Ես եղել եմ ձեր նախահայրենիքում՝ Լեռնային Ալթայում, հիացել եմ նրա փարթամ մարգագետիններով, արագահոս գետերով, լճերով, սրագագաթ լեռներով: Ձերը թողել՝ ուրիշի երկրի վրա եք աչք դրել:

Եթե իրոք հավատացյալ եք, հավատում, պաշտում եք Ալլահին, նրա Դեսպանորդ Մուհամմադ մարգարեին, առաջարկում եմ ընթերցեք նրա ուխտը, պատվիրանները, վերջապես, Ղուրանը,  հավատքի եկեք, գուցե Ալլահը ների ձեզ:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ,
Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության առաջին փոխվարչապետ


«Առավոտ» օրաթերթ
20.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930