Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ ինձ. Shame on me»

Նոյեմբեր 21,2019 13:30

Հարցազրույց գեղանկարիչ Րաֆֆի Ադալյանի հետ

– Շուրջ քառորդ դար առաջ ԱՄՆ-ում բնակություն հաստատեցիք, ծավալեցիք ստեղծագործական գործունեություն եւ մոտ մեկ տարի է, ինչ հայրենիքում եք, ասում են՝ այլեւս չվերադառնալու պայմանով: Մասնագետները մինչ ԱՄՆ մեկնելը ձեզ որակել են խիզախ արվեստագետ…

– Նման որակման «հեղինակային իրավունքը» արվեստաբան Պողոս Հայթայանինն է: 1988թ. երբ սկսվել էր ղարաբաղյան շարժումը, Հայաստանի եռագույնը պատկերեցի աբստրակտ ոճում: Այն ժամանակ Հայթայանն ասաց, թե զարմացած է իմ՝ նման, իր խոսքերով՝ քաղաքացիական խիզախության վրա: Ստեղծագործական հայաստանյան եւ ամերիկյան շրջաններում երբեք նույն տեղում չեմ դոփել: Իհարկե, լսում եմ տարբեր կարծիքներ, այդ թվում՝ անհաճո, բայց, ճիշտն ասած՝ խուլ եմ ձեւանում: Ի դեպ, այն ժամանակ դրոշի առիթով բոլորը լռեցին, միայն Էդուարդ Իսաբեկյանն էր, որ հետեւյալ միտքն արտահայտեց՝ այ քեզ աբստրակցիա, շնորհավորում եմ…

– Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ դրոշը պատկերեցիք հենց մեծ ծավալով՝ 10X5 մետր:

– Որովհետեւ մեր հայոց հարցն է մեծ ու տարողունակ: Կտավիս նայելիս ձախ եւ աջ կողմերից «գալիս» է դրոշը, միջնամասում կռիվ է, ջարդ ու եղեռն: Ուրվագծված է նաեւ Արարատ լեռը սեւով: Իմիջիայլոց, չեմ վերնագրել աշխատանքս, բայց մակագրություն եմ արել՝ նվիրում եմ հորս՝ Մարտիրոս Ադալյանի հիշատակին, որն ընդամենը դերձակ էր, բայց մեզ՝ ինձ, եղբայրներիս՝ գեղանկարիչ Ռուբեն Ադալյանին, գրող-գրականագետ Նորայր Ադալյանին ու ջութակահար քրոջս՝ Սեդային, ինչպես ասում են՝ հասցրեց իրենց մուրազին: Ասածիս մեջ ներառված է եւ ընտանեկան դաստիարակությունը, եւ կրթությունը, եւ ամեն ինչ:

– Մասնագիտությամբ ջութակահար եք, շուրջ 20 տարի հանդիսացել եք ներկայիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ: Գիտենք նաեւ, որ որպես նկարիչ ուսանել եք ձեր եղբոր ղեկավարությամբ: Ի՞նչը ձեզ չբավարարեց երաժշտարվեստում եւ ի՞նչ գտաք կերպարվեստում:

– Նվագախմբում, ըստ էության, մեկնաբանում ես ուրիշի մտքերը, ավելին՝ ենթարկվում ես դիրիժորին: Ես՝ որպես ստեղծագործող անհատ, ինձ պարզապես տեսա կերպարվեստում: Առաջին անհատական ցուցահանդեսս բացվեց 1976թ., Ժամանակակից արվեստի թանգարանում: Մինչ այդ էլ ներկայացել էի խմբակային ցուցադրությունների ժամանակ:

– Տեղափոխվեցիք ԱՄՆ, բայց, կներեք, ինչպես շատերին, ձեզ էլ այնտեղ սպասող չկար: Ասում են՝ նոր-նոր էիք տեղափոխվել, երբ ներկայացաք անհատական ցուցահանդեսով եւ խիզախ քայլ արեցիք կամ ակցիա իրականացրիք՝ պատռեցիք Խորհրդային Միության դրոշը, Թուրքիայի դրոշը…

– Դա եղել է: Հասկացա, որ մինչեւ մեր հողերին հասնելը պետք է այդ երկու հրեշներին կարողանաս «քեզնով անել»…  Սկզբնական շրջանում այնտեղ սկսեցի դասավանդել, նույնիսկ սիմֆոնիկ մեկ-երկու նվագախմբում աշխատեցի, ցուցահանդեսներ ունեցա: Դրանք, բնականաբար՝ հայկական շրջանակներում: Հետո արդեն փորձեցի մուտք գործել ամերիկյան շրջանակներ, ինչն ինձ հաջողվեց:

– Վերադառնանք 90-ականների սկիզբ: Այդ տարիները Հայաստանից հեռացած արվեստագետները անվանում են «անմշակույթ տարիներ» եւ միանշանակ պնդում, որ չէին կարող չստեղծագործել…

– Իհարկե, դա այդպես է, եւ ոչ մեկը չի կարող առարկել: Օրը բացվում ու «փակվում» էր հաց հայթայթելով: Ես չէի կարող չաշխատել, չստեղծագործել, ո՞վ էր մտածելու ընտանիքիս, զավակներիս մասին…

– Բայց ձեր՝ նույնպես ճանաչված արվեստագետ եղբայրները չհեռացան ու շարունակեցին ստեղծագործել «անմշակույթ տարիներին»:

– Ես պե՛տք է ստեղծագործեի, հակառակ դեպքում կյանքս կխաթարվեր:

– 90-ականներին հայրենիքից հեռացած մշակույթի տարբեր ոլորտների ձեր գործընկերներից ոմանք  վերադառնում են, մեկ-երկուսն էլ չեն թաքցնում, թե «դրսի» իրենց փորձով ու հմտությամբ կարող են օգտակար լինել, չգիտես ինչու, միայն  պաշտոն ստանձնելով:

– Ես ոչինչ չեմ ակնկալում, դեմ եմ բոլոր տեսակի պարգեւներին: Եթե նույնիսկ արժանացնեն էլ,  նույն պահին կվերադարձնեմ: Բայց մեդալի մյուս երեսն էլ կա. ինչ խոսք, որոշ անհատներ իսկապես արժանի են: Բայց գիտենք, չէ՞, թե շատերը ինչ ճանապարհներով են արժանանում այդ պարգեւներին: Եվ, ի վերջո, այդ պարգեւ կոչվածն է, որ մեծ հաշվով «չարժանացողների» մոտ առաջացնում է խանդ, նախանձ, բամբասանք… ինչը սարսափելի բան է: Որեւէ մեկի մտքով անցե՞լ է կամ գիտե՞ն, թե ինչու, օրինակ՝ Վան Գոգը Հոլանդիայից որեւէ պետական պարգեւ չստացավ…

– Ամերիկայում ստեղծագործելու տարիներին դուք, սկսած 2000-ականներից, երեք անգամ Երեւանում ներկայացաք անհատական ցուցադրություններով: Այդ առիթներով նույնիսկ ձեր գործընկերներից ոմանք կատակում էին, թե՝ էս մարդը նկարում ա  ու նկարում… Հավանաբար վերջին ձեր աշխատանքը  Նորայր Ադալյանի գրախոսականով Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքույկի կազմն է…

– Գրքույկի ներսում էլ նկարիչ եղբորս՝ Ռուբենի «Դեպի Երեւան» հայտնի կտավն է (1956թ.), որը ժամանակին դարձյալ աղմուկ բարձրացրեց. էն թվերին նման աշխատանքով հանդես գալը նույնպես խիզախություն էր: Իսկ վերջին գործս անվանել եմ «Հայելու վրա»՝ հայերեն եւ անգլերեն հետեւյալ գրառումով՝ «Ամոթ ինձ. Shame on me»: Դիտելով այն, յուրաքանչյուր ոք՝ սկսած ինձնից,  անկախ հասարակության մեջ զբաղեցրած իր դիրքից, գոնե մտովի կմտաբերի իր գործած «ամոթը»:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930