«Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, արդեն քանի ամիս է շահարկում են որոշ խմբեր: Նրանք շատ են, թե՝ քիչ, այլ հարց է, բայց արդյոք նրանց արտահայտած մտահոգությունները հիմնավոր են, կամ այն հիմնավորումները, որ նրանք բերում են՝ նախադեպ ունեցել են որեւէ երկրում:
Ստամբուլյան կոնվենցիայի հիմնական ընդդիմախոսները ասում են, թե՝ այն վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում թույլատրվելու են միասեռ ամուսնությունները, պաշտոնապես գրանցվելու է 3-րդ սեռը, «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվելու լեգալացնել միասեռականների միությունը եւ դա ճանապարհ է բացելու միասեռականների ամուսնության օրինականացման համար»:
Ամիսներ շարունակ եւ ժամանակ առ ժամանակ Հայաստանում այս կոնվենցիայի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում, ստորագրահավաք են կազմակերպում:
Հեռու չգնանք, զուգահեռ տանենք մեր հարեւան երկրի հետ. Վրաստանը Ստամբուլյան կոնվենցիային միացել է 2014 թվականին, այն վավերացրել է 2017 թվականի մայիսին, կոնվենցիան պաշտոնապես այս երկրում սկսել է գործել նույն տարվա սեպտեմբերի 1-ից: Մինչ վավերացումը, 2016-ի ամռանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ցույցեր եղան այն բանից հետո, երբ հերթական կնասպանության դեպքը տեղի ունեցավ. երիտասարդ կնոջը սպանել էր ամուսինը՝ խանդի հողի վրա: Մի շարք հասարակական կազմակերպության ներկայացուցիներ, իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ այդ սպանությունից հետո կազմակերպած ցույցերով պահանջում էին վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որպեսզի ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունն ու պայքարն ավելի ուժեղացվի:
Կարդացեք նաև
Վրաստանում 2017 թվականին 26 կնասպանության դեպք է գրանցվել, որից 14-ը՝ ընտանեկան բռնության արդյունքում, իսկ 2018-ի 9 ամսիներին 11 կնասպանության դեպք է գրանցվել:
Վրաց հասարակությունը հայերից պակաս ազգային արժեքների կրողն ու պահպանողը չէ: Վերջերս Թբիլիսիում բողոքի ցույցեր արեցին այն բանից հետո, երբ ցուցարդրվել էր «Իսկ հետո մենք պարում էինք» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին ֆիլմը: Իսկ ահա Ստամբուլյան կոնվենցիայի վավարեցման դեմ Վրաստանում բողոքի ցույցեր չեն եղել:
Դժվար թե ավանդապաշտ վրացիների ուշադրությունից դուրս մնային «ազգային արժեհամակարգը» խաթարող, «ընտանիք քանդող», «նույնասեռ զույգերի ամուսնությունն օրինականացնող» դրույթները, որոնք իբրեւ թե առկա են կոնվեցիայում:
«Առավոտ»-ի հետ զրույցում Վրաստանում գործող «Ընդդեմ բռնության ազգային ցանցի» ՀԿ նախագահ Նատո Շավլակաձեն ասում է՝ Ստամբուլյան կոնվենցիան ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես, կանանց իրավունքների եւ ընտանեկան բռնությունների կանխարգալմանը:
«Մեզ մոտ երբեւէ չի եղել բացասական վերաբերմունք Ստամբուլյան կոնվենիցայի դեմ, դրա վավերցման դեմ դիմադրություն չի եղել, բողոքի ցույցեր չեն եղել»,-ասում է Շավլակաձեն:
Նա վստահեցնում է՝ վրաց եկեղեցին սերտ համագործակցում է ընտանեկան բռնության կանխարգելմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, եւ վրաց եկեղեցին եւս հստակ գիտի՝ Ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին է ուղղված. «Եկեղեցին չի խոչընդոտել այս կոնվենցիայի վավերացմանը, ճիշտ հակառակը՝ օգնել է: Մենք համագործակցում ենք եկեղեցու ներկայացուցիչների հետ: Հավատացեք, նրանք մեզ օգնում են, նույնիսկ բռնության ենթարկված շատ աղջիկների եւ կանանց են մեզ մոտ ուղարկել»:
Նատո Շավլակաձեն վստահեցնում է՝ կոնվենցիայի վավերացումից հետո Վրաստանում չի եղել միասեռ ամուսնությունների գրանցում, կամ 3-րդ սեռի գրանցում: Վրացի փորձագետը զարմանում է. «Տարօրինակ է, ինչո՞ւ են Հայաստանում անհանգստացած. Կոնվենցիայում նման դրույթներ չկան»:
Շավլակաձեն ասում է՝ Վրաստանում դիմադրություն է եղել 2008-2009 թվականներին, երբ ներդրվում էր ընտանեկան բռնության դեմ օրինագիծը. «Շատերն ագրեսիվ էին տրամադրված, մեզ ասում էին՝ ձեզ տանն այնքան ուժեղ են ծեծել, որ սկսել եք ընտանեկան բռնության դեպքերով զբաղվել: Գիտեք, Վրաստանում մի տարածված բան կա, ասում են՝ Կախեթիում օրը՝ օր չի լինի, եթե լույսը բացվի ու ամուսինը կնոջը չհայհոյի, չխփի, չծեծի»:
Տիկին Շավլակաձեն նշում է՝ հիմա, կոնվենցիայի վավերացումից հետո կանանց իրավունքներն ավելի են պաշտպանված, քրեականացվել են որոշ արարքներ. «Օրինակ՝ 18 տարեկան անձը, որը բռնություն կգործադրի ասենք՝ 14 տարեկանի նկատմամբ, քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Քրեական պատասխանատվությունը խստացվել է նաեւ այն դեպքով, եթե զուգընկերը բռնություն կիրառի, նույնպես քրեականացվել է անչափահասի հետ ամուսնությունը: Բայց մինչ կոնվենցիայի վավերացումը, Վրաստանը քայլ առ քայլ օրենքներում փոփոխություններ է կատարել, ուստի մեզ մոտ ավելի դյուրին ստացվեց վավերացումը: Կոնվենցիայի հետ պետք է ներդաշնակեցվի ազգային օրենսդրությունը: Բայց կոնվենցիան ոչ մի կերպ չի վնասում մեր ընտանիքներին, ընտանիքի կառուցվածքը չի խաթարում»:
Փորձագետն ասում է՝ կոնվենցիայի վավերացումից հետո այնպես չէ, որ ընտանեկան բռնության դեպքերը նվազել են, հակառակը, գրանցված դեպքերը շատացել են, բայց դա այն պատճառով, որ կանայք արդեն հասկանում են՝ կա օրենք, որն իրենց պաշտպանում է բռնություններից ու ավելի շատ են սկսել դիմել, ի տարբերություն նախորդ տարիների. «Ի վերջո, Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն ունի մարդու իրավունքների, կանանց՝ բռնություններից զերծ պահելու, բռնություններից պաշտպանելու ուղղությամբ»:
ՀՀ արդարադատության նախարարությունը Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծված թյուրըմբռնումների վերաբերյալ պարզաբանել է. «Կոնվենցիան չի՛ կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, եւ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն չի՛ պարունակում «ընտանիքի» սահմանումը եւ ոչ էլ խրախուսում է ընտանիքի որեւէ կառուցվածք։ Ավելին, Կոնվենցիայի բացատրական զեկույցում, երբ խոսվում է անձանց շրջանակի մասին, ում վրա պետք է տարածվի կոնվենցիան, հատուկ բացահայտվում է, որ դա չպետք է սահմանափակվի միայն ամուսիններով կամ նախկին ամուսիններով, այն պետք է տարածվի նաեւ «ներպետական օրենսդրությամբ ճանաչված գուգընկերների», նախկին զուգընկերների եւ անգամ համակեցությամբ ապրողների վրա, որոնց հետ չկա արյունակցական կամ ինտիմ կապ։ Այս ձեւակերպման ներքո են ընկնում այնպիսի համակեցության տեսակներ, ինչպիսիք են՝ տատ ու թոռ, հորաքույր-մորաքույր կամ մայր եւ երեխա, եւ այլն, որոնք մեր Սահմանադրությամբ չեն համարվում «ընտանիք», նկատի ունենալով, որ ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է։ Ավելին, բացատրական զեկույցում եւս այս հոդվածի մեկնաբանությամբ նշվում է, որ ընտանեկան բռնությունն ընդգրկում է հիմնականում երկու տեսակ բռնություն՝ ինտիմ-զուգընկերների բռնություն ներկա կամ նախկին ամուսինների կամ զուգընկերների եւ միջ-սերնդային բռնություն, որը որպես կանոն տեղի է ունենում ծնողների եւ երեխաների միջեւ։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե մեր երկրում շատ տարածված չէ ամուսնությունից դուրս ապրող, սակայն փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու երեւույթը, ապա նման զուգընկերների, զույգերի կարգավիճակը ԵԽ անդամ պետություններում լայնորեն ճանաչվում եւ հավասարեցվում է ամուսնության հարաբերություններին: Եվ Կոնվենցիան նկատի ունենալով հենց այս լայն տարածումը, սուբյեկտային շրջանակում ներառել է նաեւ զուգընկերներին, որը բնավ չի նշանակում «նույն սեռի ընկերներ» կամ «նույն սեռի զուգընկերներ», ինչպես դա շահարկվում է, եւ ամենակարեւորը՝ հստակ նշվում է, «partners as recognised by internal law», ինչը թարգմանաբար նշանակում է «ներպետական օրենսդրությամբ ճանաչված զուգընկերների» վրա է տարածվում կոնվենցիան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ- Հայաստանի տեսակետները:
«Առավոտ» օրաթերթ
20.11.2019