Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴ որոշմամբ, պարզվեց, որ դատավորի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա

Նոյեմբեր 21,2019 14:00

ԲԴԽ-ն պետք է հիմնավորեր. «արարք կատարելը» ներառո՞ւմ է, արդյոք, նաեւ անգործությունը, բացի դրանից, պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը:

Սահմանադրական դատարանի նիստերը հիմա չեն լուսաբանվում: Մինչդեռ, ՍԴ-ն ոչ միայն իր գործառույթներն է շարունակում իրականացնել, այլ օրեր առաջ մի շատ հետաքրքիր գործով որոշում կայացրեց:

ՀՀ Սահմանադրական դատարանը դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա նոյեմբերի 15-ի ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

Նշեմ, որ ԲԴԽ-ն այս նորմի կիրառմամբ էր դադարեցրել դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:

Սահմանադրական դատարանը՝ Հ. Թովմասյան (նախագահող), Ա. Գյուլումյան, Ա. Դիլանյան (զեկուցող), Ֆ. Թոխյան, Ա. Թունյան, Հ. Նազարյան, Ա. Պետրոսյան կազմով է  քննել  գործը եւ գրավոր ընթացակարգով:

Գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանը:

Հիշեցնեմ, որ Արայիկ Մելքումյանը դիմել էր ՍԴ 2019 թվականի մայիսի 15-ին:

Գործի քննության ժամանակ ՍԴ-ն անդրադարձավ հետեւյալ հարցերին:  Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետեւյալ հարցադրումներին.

  1. Արդյոք Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը սահմանափակում է անձի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքը եւ արդյոք սահմանափակելու դեպքում այն համապատասխանում է հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման որոշակիության սկզբունքին:
  2. Արդյոք դատավորին 1 կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին ԲԴԽ որոշումների վերջնական եւ անբողոքարկելի լինելը (Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մաս) խախտում է անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները:

Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 79-րդ հոդվածը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 164-րդ հոդվածի 5-րդ մասը, 164-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրքը», սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածը, հայտնում է, որ Սահմանադրությունը, ի թիվս այլ հիմքերի, նախատեսել է դատավորի լիազորությունների դադարեցման հետեւյալ երկու առանձին դեպքերը՝ անհամատեղելիության պահանջները խախտելը եւ էական կարգապահական խախտում կատարելը: Օրենսդիրը որպես էական կարգապահական խախտման տեսակ նշել է «պաշտոնի հետ անհամատեղելի», այլ ոչ թե «կարգավիճակի հետ անհամատեղելի» եզրույթը:

Արայիկ Մելքումյանի կարծիքով` «դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի» եզրույթի ներքո պետք է հասկանալ վարքագծային անհամատեղելիություն, վարքագծի նորմերի այնպիսի խախտում կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Այնինչ, սույն պարագայում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից թույլ տրված սխալը նույնականացրել է դատավորի պաշտոնի հետ   անհամատեղելիության հետ եւ սահմանել լիազորության դադարեցման առանձին հիմք: Դիմումատուն նշել էր նաեւ, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից միեւնույն արարքի նկատմամբ դատավորներ Արայիկ Մելքումյանի եւ Ռուբեն Ափինյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործերով տրվել են իրարամերժ մեկնաբանություններ:

Վկայակոչելով Սահմանադրության 61, 79 եւ 81-րդ հոդվածները, Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6 եւ 13-րդ հոդվածները՝ դիմողը հայտնում է, որ որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կարեւոր մաս է կազմում դատական ակտերը բողոքարկելու իրավունքը: Հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը Բարձրագույն դատական խորհրդի որոշման բողոքարկման հնարավորություն չի ընձեռում, դիմողը գտնում է, որ նշված հոդվածը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածին:

Ըստ պատասխանողի էլ, Սահմանադրության 162, 163, 164-րդ հոդվածները, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67, 69 եւ 70-րդ հոդվածների համաձայն, դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դրանք պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաեւ դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:

Պատասխանողը հայտնել էր, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը Սահմանադրության պահանջներին հակասող համարելու առնչությամբ կիսում է Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշմամբ արձանագրված դիրքորոշումը:

Անդրադառնալով Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցին՝ պատասխանողը գտնում է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկումը դատարաններում կնվազեցնի դատական իշխանության համակարգում նրա դերն ու նշանակությունը, ավելին՝ անտրամաբանական կլինի այդ հիմնարկի՝ որպես դատարանների եւ դատավորների անկախության երաշխավոր հանդիսացող կոլեգիալ մարմնի գոյությունը:

Պատասխանողը գտնում էր, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը եւ 155-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

Ըստ Սահմանադրական դատարանի. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածի ձեւակերպումներից հետեւում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորված է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այս իրավունքի իրականացման համար օրենսդիրը պարտավոր է ապահովել ընդհանուր հիմքեր՝ բացառելով որեւէ խտրականություն:

Մյուս կողմից՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյանցից՝ կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից եւ հանրային ծառայության տեսակից:

Բացի դրանից, ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաեւ անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որն իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաեւ կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք:

Դատավորի պաշտոնն զբաղեցնող անձանց համար՝ այնքանով, որքանով որ դա վերաբերում է դատավորի՝ որպես հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի կրողին, առկա է լրացուցիչ՝ իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող անփոփոխելիության սահմանադրական երաշխիք, որի ապահովման մանրամասները պետք է սահմանվեն բացառապես սահմանադրական օրենքով՝ Դատական օրենսգրքով (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս՝ փոխկապակցված Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մասի հետ)»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ դրույթը, որը պարունակում է անորոշ իրավական հասկացություններ, ենթադրում է, որ բացառապես իրավակիրառ մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, պետք է որոշի այն հարցը, թե որն է դատավորի կողմից կատարված այն արարքը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Դա նշանակում է. նախ՝ պետք է մեկնաբանվի, թե դատավորի կողմից «արարք կատարելը» ներառո՞ւմ է, արդյոք, նաեւ անգործությունը, բացի դրանից, պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարը՝ Արայիկ Մելքումյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
20.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930