Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանից ասում են` չկա փաստաթուղթ, Բաքվից ասում են` կա

Նոյեմբեր 21,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Մադրիդյան սկզբունքները գոյություն չունեն եւ միջնորդները նոր սկզբունքներ են մշակում

Օրեր առաջ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել էր լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղանի շուրջ՝ որպես կարգավորման լիարժեք մասնակից:

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ խորհրդակցությունների վաղ փուլում, երբ դադարեցվում էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը»,- պատասխանել էր Լավրովը՝ հավելելով. «Մենք՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկիր, առաջ մղելով գործընթացը, կարող ենք  ձգտել նրան, որ բանակցություններն ընթանան փոխադարձ համաձայնությամբ: Եվ բոլորս ենք հասկանում, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որեւէ պայմանավորվածություն հնարավոր չէ ձեւակերպել, Հայաստանն ուղղակի չի ստորագրի այն»: Ռուսաստանի արտգործնախարարն այնուհետեւ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հիշեցրել էր իր հրապարակային հայտարարությունը, որ եզրափակիչ պայմանավորվածությունը պետք է հաշվի առնի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջանի շահերը, եւ շեշտել էր, թե՝ «դրա հետ դժվար է չհամաձայնել»:

Ինչպես եւ ակնկալվում էր՝ պաշտոնական Բաքուն արձագանքեց Լավրովի հայտարարություններին: «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որեւէ համաձայնագրի ձեւակերպումն անհնար կլինի, Հայաստանը պարզապես չի ստորագրի դրանք», գնահատականը Բաքվին, բնականաբար, դուր չի եկել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հակադարձել է, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է: Բաքվից նշում են, որ միայն ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ կարող է ստեղծել «հակամարտությունը Ադրբեջանի սահմաններում լուծելու հնարավորություն՝ բարձր ինքնիշխանությամբ կարգավիճակի հիման վրա, ինչը ենթադրում է տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական եւ հայկական համայնքների գոյակցություն՝ խաղաղության եւ անվտանգության պայմաններում»: Ապա՝ Աբդուլաեւան հավելել է, թե դրա համար պետք է «առարկայական բանակցություններ վարվեն հակամարտության կարգավորման համար, եւ հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»։

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարն էլ անդրադարձել է բանակցային սեղանին առկա փաստաթղթերի թեմային: «Ընդհանուր առմամբ որոշակի առաջընթաց բանակցություններում կա, սակայն ամեն ինչ միայն խոսքի մակարդակում է: Մենք կցանկանայինք անցնել կոնկրետ հարցերի քննարկմանը»,- նշել է նա: Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կկարողանան քննարկել վերոնշյալ հարցերը. «Այնտեղ պարզ կլինի՝ պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը կառուցողական բանակցությունների, թե՝ ոչ, քանի որ փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են»:

Եթե Ադրբեջանի արտգործնախարարի նշածը, թե՝ կարգավորման «փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են» ճշմարտություն է, կամ գոնե մոտ է ճշմարտությանը, նշանակում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը հասել են ինչ-որ մի հանգրվանի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Իհարկե, ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները հարյուր տոկոսով հիմք ընդունելը՝ ռիսկային է. դա կարող է լինել կիսաճշմարտություն, կամ ուղղակի՝ կեղծիք:

Բայց այստեղ նրբություն կա, հնարավոր է ադրբեջանական կողմն ունի իր մոտեցումները գոյություն ունեցող սկզբունքների վերաբերյալ, եւ համարում է, որ դա այն փաստաթուղթն է, որը կողմերը պետք է քննարկեն, այսինքն, նրանք փորձեն ապագայում իրենց մոտեցումները, այսպես ասած՝ թղթին հանձնել, այսինքն՝ նպատակ ունենալով ժամանակին առկա սկզբունքներին փոփոխված մոտեցումներ հավելել:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքեց պաշտոնական Բաքվի հայտարարությանը՝ հերքելով Մամեդյարովի վերոնշյալ հայտարարությունը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե՝ Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել՝ ի՞նչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաեւ քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգեւորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ կոնկրետ փաստաթուղթ»։

Պաշտոնական Երեւանի հայտարարությունները հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ կողմերն առայժմ դեռ իրենց մոտեցումներն են ճշգրտում: Այստեղ կրկին անհասկանալի է, թե ինչ է նշանակում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետեւյալ ձեւակերպումը, որ իբր՝ «բանակցություններում որոշակի առաջընթաց կա», թեեւ նա էլ է արձանագրում, որ այն՝ «ավելի շատ խոսքերի մակարդակում է»: Ավելին, պաշտոնական Բաքուն փորձում է նախօրոք կանխատեսել հայկական կողմի պահվածքը՝ «պատրա՞ստ է Հայաստանը, ըստ էության, բանակցել, թե՞ ոչ»…

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կողմերը կարգավորման փաստաթղթերի շուրջ գոնե հրապարակային ունեն հակադիր կարծիքներ, կարելի է ենթադրել, որ կարգավորման գործընթացում իրավիճակը որոշակիորեն քաոսային է:

Եթե հիմք ընդունենք հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն է ստում, եւ իսկապես այս պահին կարգավորման կոնկրետ փաստաթուղթ կա,  ուրեմն նշանակում է՝ Ադրբեջանը առնվազն Բաքվի պահանջներին համահունչ մոտեցումների ու սկզբունքների ներկայացում է ակնկալում միջնորդներից:

Այսինքն, միջնորդները նոր առաջարկնե՞ր են ներկայացնելու կողմերին ապագայում, եւ Բաքուն շտապում է ադրբեջանանպաստ մոտեցումնե՞ր դրանցում ներառել:

Այստեղ էլ հաջորդ հարցն է ծագում՝ եթե պաշտոնական Երեւանը պնդում է, որ՝ այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ կոնկրետ փաստաթուղթ, հետեւաբար կարո՞ղ ենք արձանագրել, որ Մադրիդյան սկզբունքները գոյություն չունեն եւ միջնորդները նոր սկզբունքներ են մշակում:

Եթե չկա կոնկրետ փաստաթուղթ, ապա ի՞նչ կա, միայն հայկական կողմի մոտեցումնե՞ր՝ Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը, որոնք պաշտոնական Երեւանը հայտարարել է Հայաստանի առաջնահերթություննե՞ր:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930