Դերասան Արտյոմ Կարապետյանը երեկ Եղվարդի խճուղում միջադեպ է ունեցել երթուղային տաքսու մի վարորդի հետ: Միջադեպն այնքան է խորացել, որ դերասանի պատմելով՝ վարորդը ավտոմեքենայից դանակ է վերցրել ու սպառնացել դանակահարել:
Արտյոմ Կարապետյանը, թեեւ չի ֆիքսել ո՛չ երթուղային տաքսու համարանիշները, ոչ էլ, թե որ համարի երթուղին է եղել, այսօր նրան ոստիկանություն են հրավիրել՝ հանցագործության մասին հաղորդում տալու: Ոստիկանությունում այս դեպքով արդեն նյութեր են նախապատրաստվում:
«Երթուղայինի վարորդը երթեւեկության կոպիտ խախտում թույլ տվեց, ու ես շատ էքստրիմ պայմաններում կարողացա իմ մեքենան կանգնեցնել, այլ տարբերակում չեմ կարող ասել՝ ինչ հետեւանքներ կլինեին: Մեքենաս կանգնեցրել եմ, բորբոքված իջել ու գոռացել՝ վերջապես մեքենա վարել սովորեք , սպասում էի՝ նա ներողություն պետք է հայտներ կամ շնորհակալություն ասեր, որ իր կյանքը փրկեցի: Բայց նա չընդունեց դիտողությունը, վիճաբանություն սկսվեց, հետո քաշքշոց, ինձ ջղայինացրեց այն, որ վարորդը մեքենայից դանակ վերցրեց ու սպառնաց՝ այս կանեմ, այն կանեմ, կկտրեմ: Ինձ համար աբսուրդ է, որ կա հանրային տրանսպորտի վարորդ, որը զինված է, այսինքն, պոտենցիալ մարդասպան է»,-Aravot.am-ին ասաց դերասանը:
Ըստ դերասանի՝ միջադեպին խառնվել են երթուղային այլ տաքսիների վարորդներ, եւ դանակով զինված վարորդին հեռացրել. «Ռուսաստանից նոր եմ վերադարձել, ճիշտ է՝ Ռուսաստանն էլ մի այդպիսի օրենքի երկիր չէ, բայց այս մի ամսվա ընթացքում, ինչ վերադարձել եմ Հայաստան, հաշվարկ եմ արել, որ Հայաստանում վարորդների 40 տոկոսին պետք է զրկել վարորդական իրավունքից, երթեւեկությունն էլ կբեռնաթափվի, նոր ճանապարհներ պետք չէ կառուցել, պարզապես կան մարդիկ, որոնք իրավունք չունեն ղեկին նստել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ