Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գործողությունների նպատակն էր Վրաստանի տարածքում դիրքեր ամրացնելով՝ առաջ շարժվել և թիկունքից շրջանցել հայկական բանակի դիրքերը. Տարոն Հովհաննիսյան

Նոյեմբեր 20,2019 23:23

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետներ Տարոն Հովհաննիսյանը և Վլադ Վարդանյանը «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ներկայացրին իրենց մշակած ուսումնասիրությունը բրիտանական Bellingcat–ի համար` Google–ի քարտեզներում Ադրբեջանի մեքենայությունների մասին:

Aravot.am-ի հետ զրույցում Տարոն Հովհաննիսյանն այս առիթով մանրամասնեց. «Վերջերս երեք հետազոտողներով անդրադարձել էինք Ադրբեջան-Վրաստան-Հայաստան սահմանային խաչմերուկում տեղի ունեցածին: Այդ թեման արդեն լուսաբանվել էր: Ինչպես ներկայացնում էին հետազոտողները և երևում էր Գուգլի տրամադրած արբանյակային լուսանկարից, Հայաստան-Վրաստան- Ադրբեջան սահմանային հատման վայրում փոխադարձ առաջխաղացում էր կիրառվել ՀՀ զինված ուժերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից:

Սակայն եթե ՀՀ զինված ուժերը շուրջ մեկուկես կիլոմետր առաջխաղացում էին գրանցել ՀՀ տարածքում՝ իրականացնելով ըստ էության պրեվենտիվ գործողություններ, որի միջոցով ձախողել էին ադրբեջանական կողմի պլանները, ադրբեջանական կողմը շուրջ 400-500 մետր առաջ էր շարժվել իրենց տարածքում և նաև բավականին շատ ամրապնդել էր Վրաստանի տարածքում նախկինում ունեցած իր դիրքերը: Արբանյակային լուսանկարները նաև ցույց էին տալիս, որ Ադրբեջանը դիրքեր ուներ ոչ միայն այդ սահմանների հատման վայրում, այլև վաղուց ստեղծած, հետո ամրացրած դիրքեր մինչև Կարմիր կամուրջ Վրաստան-Ադրբեջան մաքսային սահմանի վրացական անցակետի մոտ՝ շուրջ 300-350 մետր հեռավորության վրա ավելի գերադաս բլուրների վրա»:

Տարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հետազոտությունը հրապարակվել էր բրիտանական Bellingcat անկախ լրատվամիջոցում: Այն հրապարակվել էր նոյեմբերի 1-ին, իսկ նոյեմբերի 12-ին ադրբեջանական պետական լրատվական գործակալության վերլուծական խումբը պատասխան հոդված էր հրապարակել, որտեղ բավականին երկար տեքստ էր պնդումներով, թե քանի որ հայերն են հրապարակել, ուրեմն այդ հետազոտությունը սխալ է: Տարոն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել այս հայտարարությունից հետո. «Իրենք Վրաստանի տարածք չեն մտել, սակայն նյութը կառուցել էին իրենց ներկայացրած արբանյակային լուսանկարների վրա, որոնք ևս վերցված էին նույն Գուգլի տրամադրած լուսանկարներից: Բայց եթե նայում էինք իրենց տրամադրած լուսանկարները, ստացվում էր՝ իրենք գրեթե դիրք չունեն Վրաստանի տարածքում, բայց եթե համեմատում ենք Գուգլի իրական քարտեզների հետ, ապա պարզ էր դառնում, որ ադրբեջանական պետական գործակալության վերլուծական խումբը ֆոտոշոփի միջոցով փոխել էր Գուգլի տրամադրած արբանյակային լուսանկարներով առկա դեմարկացիոն գծերը, այսինքն՝ Ադրբեջան-Վրաստան այդ հատվածի գիծը փոխել էին և նոր գիծ անցկացրել՝ այդ դիրքերը ներառելով իրենց տրամադրած քարտեզի, Ադրբեջանի քարտեզում:

Փաստացի իրենք որևէ այլ փաստարկ չէին գտել ներկայացնելու, որ այդպես չի եղել, որ իրենք այդ հատվածներում չեն մտել Վրաստանի տարածք և փորձել էին, ըստ էության, խաբել իրենց հոդվածի միջոցով՝ Գուգլի տրամադրած քարտեզի գծերը փոխելով: Քարտեզով իրենց պետական գործակալությունը ներկայացրել էր տեղում իրականացրած գործողությունները՝ ներկայացնելով փոխված քարտեզ ու այդ դիրքերը ներառելով իբր ադրբեջանական տարածքում, ինչը շատ պարզ երևում է. ցանկացած անձ կարող է մտնել, համեմատել ադրբեջանցիների տարած գծերը և Գուգլի իրական գծերը ու տեսնել, թե ինչպես են այդ տարածքում գիծը ջնջել ու նոր գիծ գծել»:

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ հայկական բնակավայրերի մոտ տեղակայված վայրերում կատարված ադրբեջանական գործողությունները հիմնականում Հայաստանի դեմ էին: Նա նշեց, որ ադրբեջանական գործողությունները հեռահար նպատակ ունեին՝ Վրաստանի տարածքում դիրքեր ամրացնելով՝ ավելի առաջ շարժվել և միգուցե այդպես թիկունքից շրջանցել հայկական բանակի դիրքերը. «Բայց քանի որ ավելի օպերատիվ կերպով, պրեվենտիվ գործողությունների միջոցով հայկական զորքերը առաջխաղացում էին գրանցել այդ հատվածի դիմաց տեղակայված հայկական տարածքներում, ադրբեջանական սահմանապահ ծառայությունն այլևս առաջխաղացման տարածք չէր ստացել և կանգնել էր այդ մի քանի հարյուր մետր իրենց տարածքում և Վրաստանի տարածքում առաջխաղացման արդյունքում ամրացրած նոր դիրքերում ու այլևս չէր կարողացել առաջ շարժվել, քանի որ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արդեն իսկ տեղակայված էին հայկական ստորաբաժանումները, և հետագա առաջխաղացումը կնշանակեր արդեն ուղիղ առճակատում»:

Մեր դիտարկմանը՝ մտահոգություններ կան, որ 2020-ի սկզբին հնարավոր է Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, Տարոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Սահմանի այդ հատվածում ավելի խորը գործողությունների տրամաբանությունն, ըստ էության, այդքան էլ բարձր չէ: Այդտեղ տեսականորեն ուղիղ առճակատում, եթե լինի, ապա դա կարող է լինել ավելի լայնամասշտաբ գործողությունների ընթացքում: Դա արդեն բավականին կոմպլեքս խնդիր է, այլ հարց, որ մենք վերջին ամիսների ընթացքում նկատում ենք լարվածության աճ, և դա հիմնականում կապված է տարված և տարվող ինժեներաամրաշինական աշխատանքների հետ:

Այսինքն՝ դա բնական հետևանքն է: Եթե առաջ մեր ու ադրբեջանական դիրքերը շուրջ 2,5-3 կմ էին այդ հատվածում հեռու, այժմ մեկ կիլոմետրից էլ պակաս է: Եվ տրամաբանական է, որ այդ հատվածներում ավելի մոտ տեղակայված դիրքերում լարվածությունը ավելանում է, ինչի ականատեսը մի քանի անգամ եղել ենք: Ուստի այս՝ ոչ ցանկալի լարվածության աճը տրամաբանական է: Բայց իրենք շատ ավելի հեռահար նպատակներ ունեին, ինչը ձախողվել է, և չեն կարծում, որ այդ հատվածում իրենք կփորձեն ուղիղ առճակատման գնալ, քանի որ դիրքն էլ իրենց հավանական գործողությունների համար արդեն հարմար չէ: Որտեղ տեղակայված են, բլուրներ են. գրեթե հավասար այն բլուրներին, որտեղ հայկական զինված ուժերն են տեղակայված: Եթե այդ բլուրներից իջնեն առաջխաղացման համար, ապա արդեն իրենք ոչ շահեկան իրավիճակում են հայտնվում, եթե անգամ, տեսականորեն փորձեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930