Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում զայրացած են․ պահանջում են փաստեր տնակներից թուրքերին երեխաներ վաճառելու մասին

Նոյեմբեր 20,2019 22:33

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում մեկ անգամ ևս բարձրաձայնել է մեր երկրում մանկավաճառության խնդիրը, ասել էր, թե ըստ պտտվող լուրերի, Գյումրիի տնակներում բնակվող մայրերը հենց տնակներից վաճառում են իրենց երեխաներին։

«Բայց մենք հասկանում ենք չէ՞, որ քաղաքացին չի կարող գտնել գնորդ, նույնիսկ ինձ ասացին, որ մայրերն՝ արցունքն աչքերին, լացելով, ինչ-որ իրենց ստիպում են կամ համոզում են․․ Սա, իհարկե, դեռևս խոսակցությունների մակարդակում է, բայց ես ԱԱԾ-ին կոչ եմ անում շտապ կարգով այս հարցը նույնպես ուսումնասիրել ,ես վստահ եմ, որ իրենք ունեն այդ տեղեկությունները։ Այստեղ մի ահասարսուռ բան կասեմ, ըստ լուրերի, Գյումրու տնակներից երեխաները վաճառվում են թուրքերին։ Այսինքն՝ թուրքը քիչ չէ գալիս է, մտնում է մեր երկիր, մի հատ էլ մեր երեխային տանում է, մի հատ էլ թրքացնում է, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում մեր երկրում»։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Մարինա Խաչատրյանի՝ ասուլիսում հնչեցրածը ստուգելու հանձնարարությամբ այն ուղարկել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։

Նշենք, որ նեյրովիրաբույժի այս հայտարարությունը մեծ վրդովմունք է առաջացրել գյումրեցիների՝ թե՛ լրագրողների, թե՛ պաշտոնյաների, թե՛ պատգամավորների, և թե՛ առավել ևս սոցիալական ծրագրեր իրականացնող ու տնակատերերի պատմություններ անգիր իմացող կազմակերպությունների ղեկավարների շրջանակում։ Նրանք կոնկրետ փաստեր են պահանջում, ըստ նրանց, սա վիրավորանք, անարգանք է մի ամբողջ քաղաքի բնակիչների հասցեին, ընդ որում թասիբով, ավանդապաշտ քաղաքի։

Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր տիկին Մարինա Խաչատրյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Գյումրու տնակներում ապրող մարդկանց և ասել՝ իրեն լուրեր են հասել, որ տնակներում բնակվող երեխաներ են վաճառում, այն էլ՝ թուրքերին։

Այս մասով ես դիմեցի Շիրակի մարզի դատախազին և խնդրեցի, որ հանգամանքները պարզեն։

Մարզի դատախազը փոխանցեց, որ ասուլիսի այդ հատվածն արդեն իր կողմից ուղարկվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որպեսզի ձեռնարկեն ստուգողական, օպերատիվ գործողություններ ասուլիսում հայտարարված հանգամանքները պարզելու համար։
Արդյո՞ք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը՝ կպարզի ոստիկանությունը։

Հ.Գ. Արդեն 33 տարի ապրում եմ Գյումրիում, բայց մեկը նման լուրեր չհայտնեց մեզ։ Թե ասա ո՞նց են գնում, գտնում, հայտնում…»։

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ, որն ամենայն մանրամասնությամբ տիրապետում է Գյումրիի բոլոր տնակատերերի պատմություններին, առաջինն արձագանքելով ու իր էջում, տեղադրելով բանախոսի ասուլիսը, գրել է․ «Այս մեկը հաստատ սուտ է, Գյումրու դոմիկներում բնակվող ընտանիքները իրենց երեխաներին ոչ պակաս սիրում և պաշտում են, ինչպես նաև անհամեմատ ավելի հայեցի են դաստիարակում: Եթե նման մի դեպք անգամ լիներ, ես ավելի շուտ կիմանայի, քան ԱԱԾ-ն ու ոստիկանությունը»:

Այնուհետ հավելել է․ «Ամեն բան կարելի է հավատալ ու սպասել, բայց այս մեկը հաստատ չէ, ամեն օր 8-10 ժամ դոմիկներում բնակվող մարդկանց հետ եմ անցկացնում… Ես չգիտեմ մեկ այլ վայրում բնակվող մարդկանց, որ այդքան զրկանքներ կրեն և պաշտեն իրենց երեխաներին, քան գյումրեցիները»։

Այս թեմայով մեծ քննարկումներ են ծավալվել, օգտատերերից ոմանք կոչ են արել չխաղալ գյումրեցիների անվան, բարոյականության հետ, մյուսներն էլ հիշեցրել են, որ Գյումրին այն քաղաքն է, որտեղ բոլորն իրար ճանաչում են ու որտեղ գաղտնիքներ երբեք չեն մնում, այնպես որ այդ լուրերը սուտ են։

«Գյումրու տնակային ավաններում, ինչպես գյուղում… Ինչպես ասում են՝ ճանճը տզզա, բոլորը կիմանան, այդ թվում նաև ես… Հետո մտածում եք Թուրքիայում երեխա չկա՞ր, Գյումրիից պետք է տանեի՞ն, սիրիացի միլիոնավոր փախստական երեխաներ կան,ցավոք»,-այլ օգտատերերի հետ քննարկումներում գրել է Վահան Թումասյանը:

Քննարկումներին մասնակցել է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն՝ արձագանքելով․ «Գյումրեցին այնքան թասիբով է,որ սոված մնալով՝ ձեռքը չի մեկնում որևէ մեկին, նույնիսկ մուրացկանների մեջ չեք կարող գտնել որևէ բնիկ գյումրեցու, և թող ոչ մեկը չփորձի ինքնահաստատվել ՝ ԳՅՈԻՄՐՈւ և ԳՅՈԻՄՐԵՑՈԻ անունը տալով»։

Օգտատերերից նույնիսկ առաջարկ է հնչել՝ եթե չհաստատվեն այս տեղեկությունները, պատասխանատվության ենթարկել բանախոսին սուտ տեղեկություններ տարածելու ու քաղաքի բնակիչներին անվան հետ խաղալու համար։

Մարինա Խաչատրյանի հնչեցրածին անդրադարձ է կատարել նաև ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ գրելով․«Խաչատրյան Մարինա անունով մի տիկին այսօր համարձակվել է ամբողջ մի քաղաք՝ Գյումրին, պիտակավորել եւ իր մտացածին ենթադրությունները բերել-կապել աղերս չունեցող իրականության հետ։

Գյումրու տնակներում բնակվողներին ոմանք դարձրել են թիրախ և փորձում են շահադիտական նպատակներով եւ քաղաքական ենթատեքստով մարդկանց պիտակավորել։ Մեզանից շատերը ծնվել և մեծացել են հենց նույն տնակներում, մեզանից շատերը գիտեն այդ ամենի բոլոր երանգները, բայց գյումրեցին ինչպես եղել է, այդպես կմնա հպարտ, ազգակենտրոն և ընտանեկան արժեքները պահպանող։ Չփորձե՛ք պղտոր ջրում ձուկ որսալ։ Իսկ իրավապահները սույն դատարկ հայտարարությանը և ենթադրություններին պետք է համարժեք գնահատական տան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930