Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը վարկային համաձայնագիր է կնքում ՎԶԵԲ-ի հետ, որպեսզի ստանա իր գործունեությունը գովերգող զեկույց. Սուրեն Պարսյան

Նոյեմբեր 20,2019 16:39

Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-ն) հրատապ նոր զեկույց է հրապարակել` դրական լույսի ներքո ներկայացնելով Հայաստանի տնտեսական ցուցանիշները, դրանք համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Զեկույցում հատուկ ընդգծվել է, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ նվազել է։ Թեև զեկույցը  մեծ ուշադրության չի արժանացել հանրության կողմից, այնուամենայնիվ, դրա հրապարակման իրական շարժառիթը պարզելու համար նպատակահարմար է հիշեցնել զեկույցին նախորդ իրադարձությունները։

Մասնավորապես՝ նոյեմբերի 14-ի կառավարության նիստում գործադիրը  հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45,8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ, որն ուղղվելու է «Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։ Ի դեպ, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 51 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 129 մլն ԱՄՆ դոլարով այս կառավարությունն արդեն իսկ ավելացրել է պարտքը։  Նախ, տարօրինակ է, որ այս կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար վարկ է վերցնում, երբ առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ այս տարի լրացուցիչ հավաքագրել է շուրջ 120 մլրդ ՀՀ դրամի (մոտ 240 մլն ԱՄՆ դոլար) հարկեր։ Բացի այդ, վերջերս հայտարարվեց, որ այս կառավարությունը շուրջ 300 մլրդ ՀՀ դրամի խնայողություններ ունի կուտակած։

Ստացվում է, որ չծախսված գումար կա, սակայն նոր պարտք ենք վերցնում, ինչը  անտրամաբանական է հատկապես տնտեսական և ֆինանսական տեսանկյունից։  Այսօր հրապարակված ՎԶԵԲ-ի հրատապ զեկույցն, ըստ էության բացահայտեց նախորդ շաբաթ հաստատված վարկային համաձայնագրի բուն շարժառիթը։ Այսպիսով, կառավարությունը, կարիք չունենալով լրացուցիչ գումարների, վարկային համաձայնագիր է կնքում ՎԶԵԲ-ի հետ, որպեսզի ստանա իր գործունեությունը գովերգող զեկույց։

Ըստ էության՝ սա ոչ թե վարկային համաձայնագիր է, այլ «գովազդային»։ Մեկ փաստարկ ևս. ամռան ամիսներին Հայաստանի պարտքային բեռը ավելի ցածր էր և տնտեսական ցուցանիշները գրեթե նույնը, սակայն նույն ՎԶԵԲ-ը գովերգող զեկույցներ չէր հրապարակում։ Նման պայմաններում  հարց է ծագում՝  արժե՞ արդյոք նման գումարներ ծախսել արտաքին գովազդի համար, երբ այդ գումարները առավել նպատակային կարող ենք օգտագործել՝ ի շահ Հայաստանի և ժողովրդի։

Սա կարող է դառնալ ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարման դասագրքային օրինակ։ Գրեթե նման իրավիճակ ունենք նաև այլ վարկային համաձայնագրերի դեպքում։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930