«Ես կարծում եմ, որ Հայաստանը չի կարող լինել նպաստավոր այն ընկերությունների համար, որոնք որոշակի միջազգային չափանիշներով եւ կանոններով չեն ուզում առաջնորդվել: Ավիափոխադրումները, կներեք կոպիտ արտահայտության համար, «մարշրուտկայով» մարդ տեղափոխել չէ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ «Տարոն-Ավիայի»՝ Հայաստանից հեռանալու մասին հարցին:
Ավինյանն ասաց, որ այս ավիաընկերությունը՝ «Տարոն-Ավիան», եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ խնդիր է ունեցել. «Եվրոպական մեր գործընկերներն են տեղեկացրել մեզ, որ ընկերությունը չափանիշներին չի համապատասխանում, թռիչքները խնդրահարույց են»:
Ավինյանի փոխանցմամբ՝ ավիաընկերությունը համալիր փորձաքննություն է անցել, արդյունքները բավարար չեն եղել եվրոպական այդ կառույցի համար. «Ընկերությանը ժամանակ տրվել է, որպեսզի փոփոխություններ կատարի, բայց որոշել է՝ նպատակահարմար չէ փոփոխություններ անել, նպատակահարմար էր թռնել Աֆրիկա»:
Փոխվարչապետի խոսքով՝ կառավարությունը բոլոր ուղղություններով, որակական առումով, խստացնում է պահանջները. «Ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց եթե մենք խոսում ենք թռիչքային անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունը եւ առաջնահերթությունը, այստեղ զիջելու տեղ չունենք: Սա է լինելու քաղաքականությունը բոլոր ոլորտներում: Հայկական ընկերություններին մենք փորձում ենք աջակցել տարբեր միջոցներով, բայց պետք է հասկանանք՝ հին մեթոդներով, եւ հին ձեւերով, հին տրամաբանությամբ, հին որակով մենք չենք կարող առաջնորդվել, չենք կարող աշխատել»:
Կարդացեք նաև
Ավինյանի ներկայացմամբ. «Հայաստանի հանրապետությունում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնց ինքներս մեզ պետք է սովորեցնենք, որովհետեւ դրանք տեղի են ունենալու մեր կյանքում, եւ պահանջները՝ ինքներս մեր նկատմամբ, պետք է ավելի բարձր լինեն: Որովհետեւ աշխարհի գնացքը վաղուց հասել է ինչ-որ մի կետի եւ շարունակում է շարժվել, իսկ մենք շատ ուղղություններով հետ ենք մնացել: Մեր նպատակն է ոչ միայն հասնել զարգացած երկրներին տարբեր ուղղություններով, այլեւ՝ գերազանցել: Փոփոխություններից պետք չէ վախենալ, պետք է վախենալ իներցիայից, պետք չէ վախենալ որակական նոր չափանիշներից: Իհարկե, սա մի փոքր սթրես է, որովհետեւ իներցիան միշտ հարմար է, դա մի իրավիճակ է, երբ դու սովոր ես, ամեն ինչ հասկանում ես…բայց մեր նպատակը դա չէ, փոփոխությունները տեղի են ունենալու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ