Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Վարդան Ղուկասյանը «գյումրվա կատակ» է արել

Նոյեմբեր 20,2019 15:11

«Իմ քայլը» խմբակցության անդամներն ասում են, որ կան պատգամավորներ, որոնք հարում են քրեական ենթամշակույթին ու դրա համար է նաեւ, որ իրենք պայքարում են դրա դեմ, ԲՀԿ-ում կա՞ն նման պատգամավորներ: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ իրենց մոտեցումը օրենքով գողերի հետ չի կապված, այլ նախագծի խոցելիության. «Կա ձեւակերպման խնդիր ենթամշակույթի, քրեական աշխարհում իրավակարգավորումների, աստիճանակարգության հետ կապված: Ի՞նչ է նշանակում քրեական աշխարհում կարգավիճակի չափելիություն, դա վկայականով տրվող գործընթաց չէ: Մենք լուրջ մտահոգություն ունենք իրավական խոցելիության հետ կապված»:

Հիշեցմանը, որ Վարդան Ղուկասյանը սպառնացել էր հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ Վարդան Ղուկասյանը հերքել է, ասել է նման բան տեղի չի ունեցել: Իսկ Արտյոմ Ծառուկյանը հավելեց. «Պարոն Ղուկասյանը հայտարարությունից հետո շեշտել է, որ դա գյումրվա կատակ է: Երկրորդը՝ պարոն Ղուկասյանը հարցազրույցի մեջ արտահայտել է իր անձնական կարծիքը, պարոն Ղուկասյանն ազատ է իր կարծիքը հայտնել»:

Նրա խոսքով՝ օրենքը խոցելի է, գնահատողական կատեգորիաներ է պարունակում. «Մենք հստակ ասել ենք՝ հանցագործը պետք է պատժվի: Այսօր ՔրՕրով նախատեսված են պատժի տեսակներ տարբեր հանցագործությունների համար»:

Aravot.am-ը հարցրեց՝ ձեր պատգամավորները հանդիպել են այն երիտասարդ ցուցարարների հետ, ովքեր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում ու ձեր խմբակցության պատգամավորներն էլ կոչ են արել հրաժարական տալ, ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը 4 շրջան նախարար է եղել, վերջին 20 տարիներին հանրակրթության բարեփոխումների համար 103 մլն դոլարի վարկեր են ներդրվել, մենք պատգամավորներ ենք տեսնում, նաեւ ձեր խմբակցությունից, որ թղթով են հարցերը կարդում, կրթության որակից այդքան գո՞հ եք եղել վերջին 20 տարիներին, որ մի օր Լեւոն Մկրտչյանի հրաժարականը չպահանջեցիք, հիմա Արայիկ Հարությունյանի հրաժարականն եք պահանջում: Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Երբեւէ որեւէ մեկը չի ասել, որ մեզ բավարարում է կրթական մակարդակը Հայաստանում: Առանձին հետահայաց պատմական ակնարկ չեմ ուզում իրականացնել եւ եթե խոսում ենք այսօրվա իրադարձությունների մասին, կամ այս պահին կրթական համակարգում մեզ հուզող խնդիրների մասին, կամ նույն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների բողոքի մասին, ապա մենք նշել ենք, որ այսօր ունենք լուրջ մտահոգություններ մեր կրթական համակարգի հետ կապված: Օրինակները բազմաթիվ են՝ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման ծրագրից հանելու հետ կապված նախաձեռնությունն է, եկեղեցու պատմություն առարկան ուսումնական հաստատությունների ծրագրից հանելու մասին է: Ինչ վերաբերում է նախարարի հրաժարական պահանջել-չպահանջելու հարցին, ԲՀԿ-ն օրեր առաջ ստացել է ՀՅԴ-ական երիտասարդների դիմումը: Մենք այդ դիմումը դեռեւս չենք քննարկել օբյեկտիվ պատճառներով: Երբ որ կքննարկենք նախարարի հրաժարականի նպատակահարմարության հարցը, մեր դիրքորոշումը կներկայացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930