Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Կինոյի տունը կբացի բոլոր դռները Սինեմատեքի բացումով»

Նոյեմբեր 20,2019 14:31

Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ «Ազգային սինեմատեք կոնցեպտ ստեղծարար կրթական-մշակութային- զբոսաշրջային միջավայր հանգույցի նախագծի» շնորհանդեսը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ վերջապես եկել է երազանքն իրականացնելու ժամանակը, որով հետաքրքրված է կառավարությունը, նախագահը: «Սինեմատեքը» նախատեսված է ստեղծել 1976 թվականից գործող Կինոյի տանը, որի մի մասը փրկվել է վաճառքից: Հարություն Խաչատրյանը նշեց, որ պատրաստվում են բացել Կինոյի տան բոլոր դռները «Սինեմատեքի» բացումով:

Ինչպես հայտնեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը, առաջին անգամ իրականացվում է մի նախագիծ, որի շուրջ  միավորվում են հասարակական կազմակերպությունը,  կառավարությունը եւ մասնավոր ներդրողները:

Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ գաղափարի հեղինակը Հարություն Խաչատրյանն է, իրենք շատ սերտ աշխատել են ճարտարապետ Անահիտ Հովհաննիսյանի հետ եւ ընդհանրապես կոնցեպտը մշակվել է մասնագիտական խորհրդատվությունների, բազմաթիվ նման տարածքներ այցելության, ուսումնասիրությունների հիման վրա:  Նրա ձեւակերպմամբ՝ հատկապես հաշվի է առնվել Ամստերդամի կինոյի թանգարանի տնօրինության, Ռոտերդամի  միջազգային կինոփառատոնի մասնագիտական անձնակազմի,  Ռոտերդամի քաղաքային միջավայրի եւ հասարակական տարածքի ձեւավորման մասնագետների կարծիքը: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 680 մլն դրամ, ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է առաջիկայում անել  առաջին մասնակցային ներդրումը 80 մլն դրամի չափով:

Արայիկ Մանուկյանի խոսքով՝ ստեղծվելիք Սինեմատեքում կլինեն կրթական, մշակութային, ժամանցի բաղադրիչներ, կկայանան կինոփառատոններ, կինոցուցադրություններ, կլինի վիրտուալ իրականություն, դասախոսություններ, իսկ բիզնես ոլորտին կհետաքրքրի նախագիծը հատկապես նրանով, որ Սինեմատեքի տարածքում գործելու են  ժամանցի հաստատություններ՝ ռեստորան, բար եւ համապատասխան հասարակական տարածքներ:

Նրա ներկայացմամբ՝ կրթական բաղադրիչը, որը լինելու է կողմնորոշային, նախատեսված է լինելու ընդհուպ 5+ տարեկան երեխաների համար, նաեւ ընդգրկելու է հանրության տարբեր տարիքային շերտեր:

Արայիկ Մանուկյանը վստահ է, որ Սինեմատեքը կլինի երկրորդ բրենդային մոդուլը Հայաստանի համար՝ Թումոյից հետո: Նախատեսվում է ունենալ 5 կինոդահլիճ, որոնք զուտ կինոդահլիճներ չեն ծառայի. այնտեղ կկայանան կոնֆերանսներ, մշակութային այլ միջոցառումներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930