Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Իմ քայլի» պատգամավորներին հարցրեցին՝ ումի՞ց էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանը Մելին, մինչեւ այդ ո՞վ էր կպել Մել Դալուզյանին, նրան սկսեցին քննադատել ֆիլմից հետո: Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Օրինակ, պաշտպանում էր առավոտից իրիկուն նրան սղոցողներից: Այդ մարդը փախել էր Հայաստանից, քանի որ նրա կյանքին եւ առողջությանը վտանգ էր սպառնացել: Երկրորդը՝ այն մթնոլորտը թշնամանքի, ատելության, որը որոշակի խմբեր կարող են ձեւավորել անհատի շուրջ, նորություն չէ»:
Հարցին՝ տեսե՞լ եք մարզական ֆեդերացիաների դատապարտող հայտարարությունը, ֆիլմ է նկարահանվում մի մարդու մասին, ում պատճառով Ծանրամարտի ֆեդերացիան լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ դոպինգի սկանդալի համար՝ Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Այդ հայտարարության մեջ նախ ձեւակերպումների սխալ կար, որ ֆիլմը պատվիրված է պետության կողմից, որ ֆիլմն այն մասին է, թե Մելը հանդիսանում է տիպար սպորտսմենի եւ մի շարք այլ ձեւակերպումներ: Այդ հայտարարությունը խնդրահարույց է իրենց ստորագրություններով նրան միացած անձանց դոպինգային անցյալի պատճառով ու ամենակարեւորը ինձ համար՝ այդ հայտարարությունը խնդրահարույց է օգտագործված լեզվի առումով, որովհետեւ մարդուն նկարագրում են տմարդ, որպես ոչ մարդ, որն առաջին քայլն է ատելության հիմքով հանցագործություն կատարելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ