Նոյեմբերի 19-ին Սեւանի քաղաքապետարանում հրավիրվեց հանրային քննարկում, որտեղ լսվեց Սեւանի թերակղզու տարածքում առեւտրի կազմակերպման նպատակով փայտաշեն տաղավարներ տեղադրելու հարցը:
Հանրային քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի եւ «Սեւան» Ազգային պարկի պատասխանատու աշխատակիցներ:
Ինչպես ներկայացրեցին Սեւանի թերակղզու տարածքում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիները, իրենք ցանկացել են տեղադրել փայտաշեն նոր տաղավարներ՝ ավելի կանոնակարգված ու բարեկարգ պայմաններում առեւտուր իրականացնելու նպատակով, որի համար նախապես կատարել են հողային հարթեցման աշխատանքներ: Սակայն կառուցապատման հետագա քայլերը դադարեցվել են պատկան մարմինների կողմից, ինչը եւ դժգոհության տեղիք է տվել առեւտրով զբաղվող քաղաքացիների շրջանում:
«Հողային հարթեցման աշխատանքներ իրականացնելուց առաջ պետք է տեղի ունենար հանրային քննարկում, քաղաքապետարանը պետք է տրամադրեր շինթույլտվություն, նոր սկսվեր կառուցապատումը: Սակայն այս ընթացակարգերի մասին հավաստող որեւէ փաստաթուղթ չկա, ուստի նախ պետք է ուղղել սխալները եւ ամեն ինչ շարունակել օրենքի շրջանակներում:
Կարդացեք նաև
Դրա համար պետք է համագործակցված աշխատեն Գեղարքունիքի մարզպետարանը, Սեւանի քաղաքապետարանը եւ «Սեւան» Ազգային պարկը, որպեսզի ամեն ինչ համապատասխանեցվի օրենքի պահանջներին: Սա առաջին հերթին բխում է առեւտրով զբաղվող քաղաքացիների շահերից, քանի որ նրանց իրավունքներն ու գործունեությունը տվյալ դեպքում արդեն օրենքով պաշտպանված է լինելու:
Առանց անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման պետք չէ կառուցապատման քայլեր ձեռնարկել»,-հրահանգեց մարզպետը՝ հավելելով, որ կառուցապատման թույլտվություն ստանալու հարցում քաղաքացիները կստանան պահանջվող աջակցությունը:
Գեղարքունիքի մարզպետարան